Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տեսաք՝ ճոխ առանձնատուն էին սարքում, Երեւանը քանդում են, սեփական տներն են սարքում. Արթուր Չախոյանը՝ իր վրա կացնով հարձակվողների մասին

Փետրվար 23,2024 12:38

Բլոգեր Արթուր Չախոյանը երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր վրա կացնով հարձակվելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Չախոյանն արձանագրել էր, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բեռնատարը՝ բեռնված Երեւանի փողոցներից հանված տոմետներով, Երեւանի կենտրոնից շարժվում քաղաքից դուրս: Տոմետների հետքերով գնալով՝ բլոգերը նկարահանել ու ուղիղ եթերով ցուցադրում էր, թե ինչպես են տոմետները դատարկվել ինչ-որ մասնավոր տարածքում, որտեղից էլ իրեն հայտնել էին, թե դրանք վաճառվում են: Նշված տարածքում երկու տղամարդ հարձակվել էին բլոգերի վրա, նրանցից մեկը՝ կացնով:

Չախոյանից հետաքրքրվեցինք՝ ինքը կամ իրավապահներն արդեն պարզե՞լ են՝ ով էր իր վրա հարձակված տղամարդը, ի պատասխան ասաց. «Ոստիկանությունում չեն տեղեկացրել՝ ով էր այդ անձը, պարզապես համացանցից տեղեկացա, որ Տիգրան Ավինյանի հետ փոխկապակցված անձ է: Միգուցե ճիշտ էր ասում, որ դա իր սեփական տարածքն է, չեմ բացառում, բայց ոչ մի արգելող նշան չկար, տարածքը սահմանազատված չէր»:

Թե ում է պատկանում նշված մասնավոր տարածքը, մեր զրուցակցին հայտնի չէ, միայն ասաց, որ Նոր Խարբերդ տանող ճանապարհին է:

Մեր զրուցակցի համոզմամբ, եթե իր վրա հարձակված անձը փոխկապակցված է Երեւանի քաղաքապետի հետ, արդեն հույս չի ներշնչում, որ նրա արարքին իրավական գնահատական կտրվի. «Քանի որ արդեն պտտվող լուրերի համաձայն՝ Տիգրան Ավինյանի ծանոթներն են, միանշանակ ծածկադմփոց է լինելու, ոչ մեկը պատասխանատվություն չի կրելու: Ինչպես տեսաք՝ ճոխ առանձնատուն էին սարքում, Երեւանը քանդում են, սեփական տներն են սարքում »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Երևանի ավագանու ՔՊ-իր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի: Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը, որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է, Երևանի տարածքից դուրս:

Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր և վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն և շինաղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ դատապարտելի է, թե բռնությունը, թե առանց համապատասխան ճշգրտումներ կատարելու կամ կատարելուց հետո միտումնավոր կերպով քաղաքային իշխանություններին անհարկի կոռուպցիայի մեջ մեղադրելու փորձերը»։

Օգտատերերը նրա այս գրառումը մեկնաբանել են․ «Էդտեղ 10-նյակ տարբեր նախշի ու ձևի տոմետներ կային, այսինքն` բերված քաղաքի տարբեր հատվածներից ու տարբեր ժամանակահատվածում։ Ստացվում է, ձեր բոլոր պայմանագրերը սխա՞լ էին կազմված»։ Ու հրապարակել լուսանկար՝ մակագրելով․ «Շինաղբը շատ պատահաբար սիրուն շարվել է»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829