«Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Եվ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ֆրանսիական «Լե մոնդ»-ի լրագրողի հարցին՝ արդյոք վտանգ զգո՞ւմ եք ադրբեջանական կողմից, այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Մյուս հարցին՝ արդյոք այդ վտա՞նգն է Ձեզ ստիպում պայմանագրեր կնքել ֆրանսիական կողմի հետ, և այդ գնումներով ՀՀ-ն ինքնուրույն կկարողանա՞ ապահովել իր անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «ՀՀ-ն այս պահին որդեգրել է սեփական զինված ուժերը, կարողություններն արդիականացնելու քաղաքականություն։ Եվ սա ենթադրում է, որ մենք ունենք և′ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և′ գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում՝ նաև եվրոպական գործընկերությանն է վերաբերվում։ Խոսքը նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորությանն է վերաբերում։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ ՀՀ-ն զենք, զինամթերք է գնում սեփական տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիային»։
Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց՝ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք, զինամթերքի գնել։ Սուրեն Պապիկյանը նշեց՝ մեր՝ այսօրվա ստորագրած պայմանագրերը հենց դրա մասին են։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ