Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի փրկության միայն մեկ ելք կա

Փետրվար 23,2024 13:30

Գոնե 2020թ. պատերազմից հետո մինչեւ վերջերս մշտապես խոսվում էր այն մասին, որ Հայաստանը հայտնվել է շատ ծանր վիճակում եւ երբ Ադրբեջանը լրջորեն տրամադրվի, ապա կարող է շատ արագ գրավել Հայաստանը, սակայն ասեմ, որ հենց այս օրերին Հայաստանն այնքան թույլ վիճակում է, որ Ադրբեջանի ցանկացած հրամանի պարագայում վայր կդնի դրոշը եւ կհանձնվի, քանզի հակառակ պարագայում, Ադրբեջանը նույն վիճակին կհասնի ուժային ճնշմամբ՝ մեզ պարգեւելով բազմաթիվ զոհեր ու այլ բազում վնասներ:

Հայերը՝ սարսափելի վախի պատճառով, ստիպված կհամաձայնվեն Ադրբեջանի առաջարկած պայմաններին, մտածելով, թե միեւնույն է, լինելու է այն, ինչ նա է ուզում, սակայն դաժան արյունահեղությամբ եւ մեծ թվով զոհերով: Այս ժողովուրդն այնքան վախկոտ է դարձել, որ Ադրբեջանի ցանկացած «փըխկ»-ից՝ վախից գույնը գցում է եւ Ադրբեջանին հասկացնում, որ պատրաստ է նրա ցանկացած հրամանը կատարել, միայն թե իրեն շատ «չծեծի»: Ցավալի է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն այդպես էլ չի հասկանում, որ որքան խուսափում է Ադրբեջանի հետ պատերազմից, այնքան Ադրբեջանն ավելի է բարձրաձայնում, որ այն, ինչը հայերը չեն համաձայնվում անել առանց պատերազմի, իրենք պատերազմով կպարտադրեն շատ ավելին անել: Այ, հենց այսպիսի վախից ելնելով, հայերը համաձայնվում են նրանց ուզած ցանկացած բանի հետ: Այլ խոսքով, անում են այն, ինչը նրանց է ձեռնտու, այսինքն կատարում են Ադրբեջանի բոլոր ցանկություները, լռելյայն համաձայնելով, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջանն է եւ վերջ ու Ադրբեջանին հարմար ցանկացած ժամանակ, եթե նա ռեալ որոշում կայացնի եւ պահանջի Հայաստանը, ապա մերոնք սուսուփուս կհանձնեն նաեւ Հայաստանը: Անկեղծ ասած, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ կատարվեց այս ժողովրդի հետ, որը գնալով դարձել է թշնամու կամակատարը եւ նա ինչ ու երբ ուզի, մերոնք անմիջապես համաձայնում են եւ տալիս: Լավ, ասենք 44-օրյա պատերազմում թեկուզ խայտառակ պարտվեցինք, արդյոք դա նշանակում է, որ հավերժորեն պետք է վախենանք նրանցից կամ մեզ այնպես պահենք, որ ցանկացած հարցի ժամանակ պետք է մտածենք, որ եթե չհամաձայնենք նրանց ասածի հետ, ապա նրանք կհարձակվեն ու կկոտորեն մեզ: Այս պայմաններում, երբ մեր ժողովուրդը գտնվում է տիեզերական վախվորած վիճակում, ապա պարզ է, որ կրկնվում է 1915թ. Հայոց մեծ եղեռնի նույն իրավիճակը, հետեւաբար, պետք է ամեն ինչ անել այդ կոտորածը թույլ չտալու համար, իսկ դա հնարավոր է մի դեպքում միայն, եթե միավորվեն բոլոր հայերը եւ անվախ ու միասնական դիմակայեն թշնամու խաղերին: Եթե այսօր էլ նույն կերպ վախենանք, ապա ամեն մեկը մեր մասին միայն կմտածի, որ բերեք դարձյալ՝ առանձին-առանձին կոտորենք բոլորին եւ արդյունքում դարձյալ կունենանք նույն 1915թ. պատկերը: Իհարկե, նշեմ նաեւ, որ այդ պատկերը համեմատաբար ավելի բարոյական ու մարդկային է, քան թշնամու ցանկացած ցանկությունն ի կատար ածելը եւ կրոնափոխ լինելը: Հատուկ ընդգծեմ, որ անգամ կրոնափոխ լինելու դեպքում մենք լինելու ենք երկրորդ կարգի մուսուլման եւ նրանք են թելադրելու մեր ապրելու կերպը ու կանոնները: Գլխավորապես, նրանք են տիրելու մեր ֆինանսական միջոցները եւ կառավարելու մեր ընտանիքները, եթե իհարկե, դրանց կարելի է ընտանիք համարել:

Գաղտնիք չէ, որ թուրքը միշտ երազել է, որ հայերը միասնական չլինեն, քանզի միայն այդ դեպքում է հայը դառնում անպարտելի: Փաստացի, 44-օրյա պատերազմի հաղթանակով Ադրբեջանը հայերին ցույց տվեց նաեւ, որ եթե հայերը միասնական լինեն, ապա կոտորվելու են հենց միասին, այնպես, որ նրանք ջարդել են նաեւ հայերի միասնական լինելու գաղափարը եւ մղել՝ առանձին-առանձին գործելու ու փրկվելու մոտեցմանը, որը գնալով ավելի ցցուն է դառնում: Այսպիսով, այս ամենն ի մի բերելով, Ադրբեջանը հասավ նրան, որ իրեն ինչ եւ ինչպես հարկավոր է, նրանք կդառնան թելադրող՝ Հայաստանն Ադրբեջանի կազմում տեղավորվելու համար: Ինչպես արդեն վերը նշեցի, հայերն իրականացնում են միմիայն Ադրբեջանի ցանկությունները, հատկապես ամենակարեւորը՝ Հայաստանն ու հայերը պետք է այսինչ՝ իրենց ուզած ժամանակահատվածում անցնեն Ադրբեջանի ենթակայության տակ, որն այս օրերին արդեն սկսվել է ի կատար ածվել: Արդյունքում, փաստացի տեղի է ունենում ամենաահավորը. հայերն առանց դժգոհությունների տալիս են իրենց համաձայնությունը՝ դառնալու Ադրբեջանի քաղաքացի …

Ասածիցս հստակ երեւում է, որ Հայաստանի եւ հայերի միակ փրկությունն այս իրավիճակից նրանց միասնականության, համախմբման, անվախության, համարձակության եւ վճռականության մեջ է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական

ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր՝հայերիս միակ փրկությունը Ձեր նման «անատամ» «փորձագետների»բարբաջանքները չկարդալն է՝այնպիսի տպավորություն է՝ալիեւն է հանձնարարել այդ ամբողջը հրապարակել։Ես էլի եմ գրել՝հայ վայ փորձագետներ՝պետք չե ալիեւին խորհուրդ տալ թե նա ինչ պետք է անի-նրան խորհուրդ տվողներ շատ կան։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829