Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում առաջին անգամ կանցկացվի «Հայաստանի պատկերները» փառատոնը

Փետրվար 23,2024 13:00

Հարցազրույց Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ելենա Յակովլեւայի հետ

Առաջին անգամ Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում, մարտի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի «Հայաստանի պատկերները» փառատոնը (Visages d’Armռnie Festival): Փառատոնի կազմակերպիչներն են Primavera Foundation of Armenia հիմնադրամը եւ Hardiese Production կազմակերպությունը (Ֆրանսիա):

Մենք քանիցս անդրադարձել ենք Primavera Foundation of Armenia հիմնադրամի գործունեությանը, ստեղծման շուրջ 1 տարվա ընթացքում հիմնադրամը կազմակերպել է դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր, համերգներ, դասախոսություններ ու քննարկումներ Տավուշի մարզում (Նոյեմբերյան, Իջեւան, Կողբ), Սյունիքի մարզում (Մեղրի, Գորիս, Կապան, Ագարակ), ինչպես նաեւ Գյումրիում եւ Երեւանում, որոնցից օգտվել են շուրջ 3.100 մասնակիցներ: Նշված միջոցառումներն իրականացվել են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած անվանի երաժիշտների մասնակցությամբ:

–  Տիկին Յակովլեւա, առաջին անգամ հիմնադրամը ներկայացնում է հայկական մշակույթը Եվրոպայում: Կարելի է ենթադրել, բայց կխնդրենք հակիրճ ներկայացնեք այն:

– Այո, սա հիմնադրամի առաջին եվրոպական միջոցառումն է: Մենք ցանկացել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ այս դեպքում ֆրանսիական սփյուռքի հայերը եւ ֆրանսիացիները, ովքեր հետաքրքրված են հայկական մշակույթով ու հարուստ ավանդույթներով, հանդիպեն մեկ վայրում, գան ընտանիքներով, երեխաներով եւ ընկղմվեն հայկական հարուստ մշակութային ժառանգության մթնոլորտի մեջ: Կարծում ենք, որ շատ կարեւոր է ցույց տալ ու ընդգծել միջազգային մշակույթի վրա հայկական ազդեցության գեղեցկությունը, խորությունն ու մասշտաբը: Գերնպատակն է այնպես ներկայացնենք Հայաստանն ուրիշ ազգերին, որ այն առաջին հերթին միայն ողբերգության, կորուստների ու հումանիտար աղետների հետ չասոցացվի, այլ մշակութային հարստության, որը կարթնացնի հետաքրքրություն եւ ցանկություն այցելել Հայաստան:

Հետաքրքիր է` ծրագիրը կազմելիս ի՞նչն է Ձեզ առաջնորդել:

– Արդեն նշեցի, որ ծրագիրը ներկայացնելու է հայկական մշակույթի տարբեր շերտերը: Փառատոնը կմեկնարկենք «Խաչատրյանը եւ նրա տիեզերքը» խորագիրը կրող մենահամերգով, որտեղ հանդես կգա համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային XV-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր Դմիտրի Մասլեեւը: Այն հարգանքի տուրք է Խաչատուրյանի կոմպոզիտորական հանճարին: Այնուհետեւ, 2-րդ օրը երաժշտական պատմական էքսկուրս կկատարենք Նարեկացու միջնադարյան շարականներից դեպի Կոմիտասի հոգեւոր ու ժողովրդական երգեր: Օրը կսկսվի համաշխարհային մշակույթի վրա թողած հայկական ազդեցության մասին դասախոսությամբ:  Իսկ երեկոն կեզրափակվի Լա Ռոշֆուկո եկեղեցում կայանալիք համերգով, որտեղ ելույթ կունենան Հայաստանից դուդուկահար Հարություն Չոլակյանը, քանոնահար Լիլիթ Պետրոսյանը եւ «Լույս» վոկալ կվինտետը: Փառատոնի եզրափակիչ ակորդը կհնչեցնեն ծագումով հայ ջութակահար Թոմա Լեֆորտը եւ դաշնակահար Ռուբեն Կոզինը՝ ներկայացնելով Խաչատրյանի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունները: Այս համերգը նույնպես ունի իր պատմությունը: Ի դեպ, Թոման Ֆրանսիայում կայացած եւ լավ համբավ ունեցող ջութակահար է: Նրա նախնիները Ցեղասպանություն վերապրածներ են, ովքեր հաստատվել են Ֆրանսիայում: Որքանով տեղյակ եմ, Թոման երբեք չի եղել Հայաստանում: Փառատոնի շրջանակում նա առաջին անգամ կհանդիպի մեկ այլ՝ ազգությամբ հայ դաշնակահարի՝ Ռուբեն Կոզինի հետ, ով ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, ում մենք բացահայտեցինք Երեւանում Դմիտրի Մասլեեւի վարպետության դասերի ժամանակ: Տեղեկացնեմ նաեւ, որ մարտի 11-17-ը հանրության համար բաց կլինեն լուսանկարիչներ Սեւակ Ասրյանի «Արցախյան պատկերները» (Visages of Artsakh) եւ Սուրեն Մանվելյանի «Հայերի պատկերները» (Visages of Armenians) ցուցահանդեսները: Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը կամբողջացնի այն զգացմունքային ու ինտելեկտուալ ճանապարհորդությունը, որն առաջարկում ենք ֆրանսիացիներին եւ ֆրանսահայերին: Կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի «Մենք» դոկումենտալ ֆիլմը, որին կնախորդի զրույց՝ թե ինչպե՞ս է այն արտացոլում ազգի պատմությունը:

– Գիտենք, որ Լա Ռոշֆուկոն պատմական վայր է, այդուհանդերձ ֆրանսիական փոքր կոմմունա է: Ենթադրում ենք, որ միջոցառմանը ներկա կլինեն բազմաթիվ հյուրեր, գուցե նաեւ հայտնի անուններ:

– Նախ ասեմ, որ մենք սպասում ենք բոլորին, ում հետաքրքիր է հայկական մշակույթը, ովքեր, միգուցե, ցանկություն ունեն իրենց երեխաներին ծանոթացնել այդ մշակույթի հետ: Իհարկե, կլինեն տարբեր ոլորտներից ազդեցիկ հյուրեր, համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մասնակիցներից դաշնակահար Մասլեեւն է, ով կբացի փառատոնը: Նա հանդիսանում է հիմնադրամի ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավարը, հետո մաեստրո Վասիլի Պետրենկոն է՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, նա հիմնադրամի գեղարվեստական խորհրդի ղեկավարն է, ինչը նաեւ մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ օգտվել նման հնչեղ անունից եւ դասական երաժշտության, մասնավորապես, դիրիժորության բնագավառում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Նման փառատոներ ծրագրե՞լ եք արդյոք անցկացնել այլ երկրներում:

– Իհարկե, պլանավորում ենք նման փառատոն իրականացնել ամեն տարի, Եվրոպայի տարբեր երկրներում: Հույս ունենք, որ մեր նախաձեռնությունը աջակցության կարժանանա հայկական սփյուռքի եւ այն գործարարների կողմից, որոնք ձեռք են մեկնում մշակույթին: Կցանկանամ, հանդիպելով սփյուռքի ներկայացուցիչների հետ, քննարկել մշակույթի կարեւոր դերի մասին, երիտասարդ տաղանդների աջակցության, համակարգային խնդիրների հաղթահարման մասին, ինչը թույլ կտա հարթել այն ճանապարհը, որով ընթանալով ու զարգանալով՝ տանդավոր երիտասարդը կարող է ներկայանալ աշխարհին ու գրավել իր տեղը համաշխարհային երաժշտական քարտեզի վրա՝ պատվով ներկայացնելով իր երկիրը: Կնախընտրենք կենտրոնանալ այդ աշխատող մեխանիզմի ստեղծման վրա, դա հնարավոր է միայն համախմբված աշխատանքի շնորհիվ: Այս առումով, կարծում ենք, կարեւոր քայլ է դիրքավորել Հայաստանը որպես հարուստ մշակութային ժառանգությամբ երկիր, որը զգալի դեր է ունեցել համաշխարհային մշակույթի ձեւավորման ու զարգացման վրա:

Պատրաստեցին

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ եւ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829