Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Բա որ Հայաստանում աշխատողներն արտագնա աշխատանքի մեկնողներին ասեն՝ մենք չենք ուզում մեր հաշվին ստեղծված ճանապարհով իրենք երթեւեկեն, թող արտագնա աշխատանքի մեկնողներն իրանց համար առանձին ճանապարհներ սարքեն»

Փետրվար 23,2024 11:55

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների դժգոհություններին։ Արտագնա աշխատանքի մեկնողները ծանուցումներ են ստանում ՀՀ ՊԵԿ-ից, որ եկամտային հարկի պարտավորություններ ունեն։ Բանն այն է, որ նրանք ԱՊՀ երկրներում աշխատելով եւ եկամտային հարկ վճարելով, եթե տարբերություն է լինում վճարած գումարի, այդ տարբերությունը պարտավոր են վճարել Հայաստանում։ Այս առնչությամբ արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում մեծ դժգոհության ալիք է բարձրացել, նրանք օրերս բողոքի ցույցեր էին անում։

Կառավարության նիստում այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ՀՀ հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետեւյալ կանոնը՝ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե ՀՀ-ում ստացած եկամուտներից հարկը՝ եկամտահարկը, թե արտասահմանում, իհարկե կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով կան բացառություններ․ «Որեւէ մեխանիզմ չի եղել այդ պարտականությունը կյանքի կոչելու։ Մենք 2020-ին ԱՊՀ շրջանակներում միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար հետ կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների եւ վճարած եկամտային հարկի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տվյալները, եւ ինչպես պահանջվում էր օրենքով, սկսել ենք մեղմ վարչարարություն իրականացնել՝ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»։

Փաշինյանը ճշտեց՝ այսինքն՝ եկամտային հարկը, օրինակ՝ ՌԴ-ում 13% , մեզ մոտ՝ 20%, այդ յոթ տոկոս տարբերությունը պետք է վճարի արտագնա աշխատանքի մեկնողը։

Օբյեկտիվ դժգոհություններից մեկն այն է, ըստ Բադասյանի, որ եթե այնտեղ չգրանցված աշխատանք է եղել, ապա այդ տեղեկությունը ՀՀ-ն չէր ստանալու, հետեւաբար պարտավորություն ՊԵԿ-ը չէր առաջադրելու։

«Նույն փաստարկը Հայաստանին է վերաբերում։ Այստեղ նստած աշխատողները կարող են ասել՝ բա Հայաստանում այդքան ստվերային աշխատող կա, ինչո՞ւ եք մեզանից հարկում»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահը արձագանքեց՝ դրա համար մենք հայտարարագրման համակարգի ներդրումով, որը փուլային է, ամբողջական ներդրվելու է 2026 թվականին, թիրախավորում ենք տարբեր հարաբերություններ, ինչպես վարձակալությամբ տրվող բնակարանների դեպքում ենք խնդիրը լուծել, այդպես փորձելու ենք տարբեր շերտերի դեպքում անել, երբ հարկելու պարտավորություն կար, բայց ինչ-ինչ մեխանիզմների բացակայության պատճառով չէր գանձվում։ Հիմա փուլ առ փուլ գնում ենք այդ ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը։ Քանի որ սովորույթի ուժով երբեւէ նման հարկային պարտավորություն չի եղել, չեն հայտարարագրել ու չի վճարվել եկամտային հարկը, նաեւ այս անգամ որոշակի տույժեր են հաշվարկվել։ Կարծում ենք, որ որոշակի օրենսդրական փոփոխություններով կարող ենք մեղմել խնդիրը, վերացնել։ Կառավարության մեր գործընկերների հետ քննարկել ենք, եկել ենք եզրահանգման, որ եթե այս փուլում ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի եւ վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը որոշակի ժամանակ կարող ենք չհարկել Հայաստանում՝ արձագանքելով դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»։

«Դժգոհությունների օբյեկտիվ հատվածին կարող ենք արձագանքել, բայց չենք կարող արձագանքել դժգոհությունների այն հատվածին, թե մենք ինչո՞ւ պետք է հարկ վճարենք»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխել։

Ապա նա Գեղարքունիքի մարզում կապիտալ ծախսերի օրինակներ բերեց, նշելով, որ եկամտային հարկի վճարելու պարտականություններից դժգոհությունները հիմնականում այդ մարզում էին․ «Արտագնա աշխատանքի մեկնողները երբ վերադառնում են, մասնավորապես Գեղարքունիքի մարզից, պիտի որ նկատած լինեն, որ նույն այդ մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ։ 2018 թվականից մինչ այսօր Գեղարքունիքում 452 կիլոմետր ճանապարհ է կառուցվել միայն պետական ծրագրերով։ Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե այս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք, օրինակ` ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում եւ այլն։ Մարտունի քաղաքի մեր հայրենակիցները նկատե՞լ են, որ զրոյից նոր բուժկենտրոն ենք կառուցել այնտեղ, ժամանակակից սարքավորումներով, ո՞ւմ է սպասարկելու այդ բուժկենտրոնը»։

Փաշինյանը նաեւ նոր կառուցվող մանկապարտեզների եւ դպրոցների օրինակներ բերեց։

«Այս բոլոր ծառայություններից օգտվում են նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքների անդամները, նրանց բարեկամները եւ ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել։ Չի լինի այդպես, մենք բոլոր պետք է հարկ վճարենք։ Այլ բան է, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի։ Համաձայն եմ ձեզ հետ, պարոն Բադասյան, մենք կարող ենք ասել՝ սիրելի հայրենակիցներ, մենք կետ ենք ֆիքսում, եւ այդ կետից սկսած մեր վարքագիծը փոխում ենք, պետության եւ քաղաքացիների հարաբերությունները փոխում ենք․․․արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են մեկնում, չէ՞, օդանավակայան այդ ճանապարհներով են հասնում, իսկ այդ ճանապարհը ո՞վ է կառուցում, ո՞նց է կառուցում։ Կառուցվում է վճարված հարկերի միջոցով։ Բա որ Հայաստանում աշխատողներն ասեն՝ մի րոպե, մենք ինչի պիտի վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, ովքեր գնում են, հասնում օդանավակայան, մեկնում արտագնա աշխատանքի, ինչի՞ պիտի իրենք մեր հաշվին ստեղծված ճանապարհով երթեւեկեն։ Մենք չենք ուզում մեր հաշվին ստեղծված ճանապարհով իրենք երթեւեկեն, թող արտագնա աշխատանքի մեկնողներն իրանց համար առանձին ճանապարհներ սարքեն, էդ ճանապարհներով գնան, որովհետեւ մաշվում է այդ ճանապարհը։ Մեզ թվում էր, թե մենակ կոշիկն է մաշվում,բայց ճանապարհն էլ է մաշվում, սիրելի հայրենակիցներ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829