«Մեր երկրում շարունակում է գործել ստվերային տնտեսությունը»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ստվերային տնտեսության մեջ պետք է նկատի ունենալ նաեւ այն դեպքերը, երբ օրինակ՝ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, սակայն գործնականում դա չի իրականացվում։
«Մենք նախորդ տարի մի այդպիսի քայլ արեցինք այս տարվա համար։ Այս տարի արդեն մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում նրանք կհայտարարագրեն։ Երբ որոշումը կայացնում էինք, բավականին հոռետեսություն կար։ Բայց արդեն 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ բնակարան են վարձակալության տալիս»,-ասաց Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ մանրամասնեց՝ 15390 քաղաքացի ներկայացրել է 21 հազար հայտարարագիր, այսինքն՝ մեկ անձը կարող է տարբեր գույքեր վարձակալության տալ։
Կարդացեք նաև
ՊԵԿ-ն ուսումնասիրել է, թե արդյոք այս անձինք նախորդ տարիներին էլ են հայտարարագրել վարձակալության եկամուտները, ըստ Բադասյանի՝ 90%-ից ավելին չէր համընկնում․ «Այսինքն՝ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան եւ մենք հիմա հաշվարկներ ենք անում, թե նախորդ տարվա համար որքան եկամուտ կստանանք այս տարի»։
Բադասյանի ներկայացմամբ՝ հայտարարագիր ներկայացնում էին այն անձինք, ովքեր վարձակալական հարաբերությունները ենթարկում էին պետական գրանցման․ «Մենք գիտենք, որ ինչ-ինչ պատճառներով մարդիկ խուսափում էին պետական գրանցումից, ուստի մենք պարզ համակարգ ներդրեցինք հարկային օրենսգրքում, որ թեեւ մենք չենք խրախուսում պետական գրանցման չենթարկելը, բայց եթե անձը ուզում է հայտարարագրել վարձակալությունից իր եկամուտները, ապա պարզ ձեւաչափով հայտարարություն է ներկայացնում հարկային եկամուտների մասին ու հաջորդ տարի արդեն հայտարարագիրը ներկայացնում»։
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ ասաց, որ նոր օրենք են մշակել եւ ներկայացրել կառավարություն․ «Նախատեսվում է օրական վարձակալության դեպքում էլ հեշտացված ընթացակարգ սահմանել եւ գույքի կառավարչի միջոցով մեկ անգամ կատարել իրավունքի պետական գրանցում եւ դրանից հետո օրական ռեժիմով գույքը տալ օգտագործման»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ