Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը` ԵՄ «կարմիր գծերը» հատելու եզրագծին

Փետրվար 23,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները զսպելու գործիքը, փաստորեն, հակասում է Մոսկվայի ու Բաքվի շահերին

Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության դժգոհության հիմքում Ռուսաստանի մեղադրանքներն աշխարհաքաղաքական են: Մինչդեռ Ադրբեջանի դեպքում, ԵՄ-ին ուղղված քննադատության հիմքում արդեն Ադրբեջանին սպառնացող անվտանգային խնդիրների մասին են ակնարկում:

Ստացվում է, ի հակառակ Հայաստանի, որտեղ հասարակությունը ԵՄ առաքելության գործունեության արդյունքում ադրբեջանական հնարավոր ագրեսիան որոշակիորեն զսպելու գործոն է նկատում, Մոսկվան ու Բաքուն, ընդհակառակը, ՀՀ ինքնիշխան տարածքում այս առաքելության ներկայությունը իրենց շահերին հակասող են համարում:

Այսինքն, եզրակացնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները զսպելու գործիքը Մոսկվայի ու Բաքվի քաղաքական շահերին է հակասում:

Նոյեմբերին ԵՄ արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը: Անցած դեկտեմբերին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշեց, որ որոշել են ավելացնել Հայաստանում դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։ «Սա միջոց է բարձրացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- նկատել էր Բորելը: Հունվարի վերջին արդեն Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»:

Հիշեցնենք, Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին անցյալ տարի փետրվարի վերջին։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն եւ տեղակայված է ՀՀ տարածքում, Ռուսաստանը եւ Ադրբեջանը հրապարակային գնահատականներում ի ցույց են դնում իրենց բացասական վերաբերմունքը, ավելին՝ պաշտոնական Մոսկվան հստակ նշում է, որ ԵՄ միջնորդական առաքելության գործունեությունը ՀՀ սահմանամերձ շրջաններում` կարող է աշխարհաքաղաքական դիմակայության հանգեցնել տարածաշրջանում:

Անցյալ նոյեմբերին Արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Պարույր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ համաձայնագիրը պետք է նպաստի ԵՄ առաքելության գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը. «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչեւ տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»: ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, իր հերթին, ընդգծել էր. «Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաեւ նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, եւ սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»: Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ նաեւ հայտնել էր, որ առաջընթաց է արձանագրվել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, եւ շուտով պետք է ստորագրվի պայմանագիր Եվրամիության դիտորդների իմունիտետի եւ արտոնությունների վերաբերյալ։ «ԵՄ դիտորդական առաքելության ուժեղացումը եւ ընդլայնումը Երեւանի օրակարգում է», – ասել էր ԱԳ փոխնախարարը։

Վերջին շաբաթներին ԵՄ-Ադրբեջան դիվանագիտական փոխհրաձգությունների պակաս չզգացվեց: Փետրվարի սկզբին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն ափսոսանք էր հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական լրատվամիջոցների արշավի կապակցությամբ։ «Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն քննադատություն են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին», – X-ի իր էջում գրել էր Միխալկոն՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։ Նա վերահաստատել էր՝ առաքելության նպատակը կայունություն եւ վստահություն ամրապնդելն է։

Շաբաթներ առաջ, հիշեցնենք, որ Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները փորձում էին կապ գտնել նրա եւ ԵՄ դիտորդական առաքելության միջեւ՝ Չեխիայի քաղաքացուն մեղադրելով լրտեսության համար։

Հայ – ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրամիության առաքելության գործունեությունը լրջորեն մտահոգում է պաշտոնական Բաքվին, երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր Բաքվում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոյի հետ հանդիպմանը։ Պարզվեց, Բաքվում գործող ԵՄ ներկայացուցչության ղեկավարն Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչություն էր կանչվել։

«Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Հայաստանում ԵՄ մոնիթորինգի առաքելության գործողությունների շուրջ, որոնք հակասում են դրա գործունեության եւ նպատակների շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին», – նշվեց Միխալկոյի հետ հանդիպման ավարտին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ «հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ հակառակ բարձրաձայնված այն պնդմանը, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի տարածաշրջանում կայունության, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատմանը, այն լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

Բաքվին, մասնավորապես, նյարդայնացնել էր Երեւան ժամանող եվրոպացի պաշտոնյաների այցերը սահման, որոնց ընթացքում նրանց ուղեկցում են Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդները։ «ԵՄ ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ առաքելությունը ըստ էության «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի է վերածվել՝ կազմակերպելով եվրոպական պաշտոնական եւ ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերը սահմանային շրջաններ։ Առանց բացառության նմանատիպ բոլոր այցելությունները օգտագործվել են հակաադրբեջանական ատելության եւ անհիմն ադրբեջանատյացության տարածման համար», – ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որտեղ չին հստակեցրել իրենց բնորոշած` «հեռադիտակային դիվանագիտության» կոնկրետ դեպքերը։

Ըստ ամենայնի, խոսքը Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գեներալ Ուիլյամ դե Մեյերի՝ փետրվարի սկզբին հայ – ադրբեջանական սահմանի Ջերմուկի հատված կատարած այցի մասին էր, որի ընթացքում ֆրանսիացի գեներալը, ԵՄ դիտորդների ուղեկցությամբ, իրոք հեռադիտակով ուսումնասիրում էր սահմանից այն կողմ տիրող կացությունը։ Ֆրանսիացի զինվորականի շրջայցից երկու օր անց Ադրբեջանի պետական լրատվամիջոցները քարոզչական իսկական արշավ էին սկսել՝ պնդելով, թե այս եւ նմանատիպ այլ այցերի նպատակը «լոկալ ռազմական գործողության» նախապատրաստումն է։ «Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է նոր պատերազմի։ Մենք գիտենք Մակրոնի եւ Փաշինյանի ապագա հարձակման բնույթն ու ուղղությունը։ Հարձակումն անակնկալ է լինելու եւ իրականացվելու է Ջերմուկի կողմից», ըստ «Ազատության», Ադրբեջանի պետական հեռուստատեսության գլխավոր վերլուծական ծրագրի փետրվարի 3-ի եթերում նշել էր դրա հեղինակը։

Այսինքն, Ադրբեջանի իշխանությունները ուղղակի «պատերազմ» են հայտարարել ՀՀ ինքնիշխան տարածքում գործող ԵՄ առաքելությանը, եւ ուղղակի նրանց մեղադրում են հայ-ադրբեջանական սահմանին, իբր`«աննախադեպ հանդարտ մթնոլորտը» ապակայունացնելու ձգտումների մեջ:

Պետեր Միխալկոյին պաշտոնական Բաքուն կոչ էր արել, որպեսզի ԵՄ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ առաքելությունը գործի խստորեն որպես չեզոք, քաղաքացիական եւ անզեն առաքելություն՝ համաձայն իր հայտարարած մանդատի, ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է թիրախավորել Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ որեւէ այլ կերպ ազդել նրա օրինական անվտանգության շահերի վրա»:

Նկատենք, որ Ադրբեջանի իշխանությունների համար ջղաձգությունների մի թարմ առիթ էր Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքին հետեւած արձագանքները ԵՄ-ից: Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի միջադեպին՝ նշել էր ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Հայաստանի արտգործնախարարի հետ ճեպազրույցում։ «Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, բայց կարծես թե Ադրբեջանի արձագանքն էլ դրան անհամաչափ էր, այն անտեսեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպը կհետաքննվեր Հայաստանի կողմից», նշել էր Բորելը:

Ի դեպ, նույն օրը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնեց նաեւ, որ Հայաստանի հետ մեկնարկելու են աշխատանքներ «համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա»: «Մենք որոշեցինք սկսել աշխատանքներ համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա։ Այս որոշումը մեզ դրդում է երկկողմ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերություններում հասնել ռազմավարական փուլի։ Մենք կապահովենք ավելի հստակ ճանապարհային քարտեզ ու տեսլական առաջ շարժվելու համար։ Ապագան սկսվում է այսօր»,- նշել էր Բորելը: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան նաեւ շեշտեց, որ Երեւանի հետ աշխատելու են Հայաստանի դիմադրողականության բարձրացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունն անվտանգային ոլորտում, սակայն այլ մանրամասներ Միրզոյանը կամ Բորելը չհայտնեցին։

Բաքուն Բորելի վերոնշյալ հայտարարությունները եւս քննադատեց, դրանք գնահատելով որպես` «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքներ»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել էր «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։ «Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որեւէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», – նշել էր Բաքուն՝ հավելելով. «Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին եւ լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաեւ ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։ «Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի եւ Եվրամիության կառույցների միջեւ եւ, հետեւաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից», – նշել էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ակնհայտ է, որ բացառապես ԵՄ առաքելության գործունեության արդյունքում է արձանագրվում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների անթույլատրելիությունը, ինչն էլ հունից հանում է Ադրբեջանի նախագահին: Այս կառույցի գործունեությանը հղում անելով` արեւմտյան երկրները կարող են ունենալ ադրբեջանական ագրեսիայի փաստերը եւ խոսել դրանց մասին: Հետեւաբար, այս կառույցի գործունեության հիմքում արձանագրումները, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա` Հայաստանի համար խիստ կարեւոր են:

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայից, սադրանքից, էսկալացիայից առաջ պետք է հստակ գիտակցեն, որ Բաքուն գին է վճարելու դրա համար: Եվ այստեղ Հայաստանն անելիք ունի. ԵՄ-ի պատասխան քայլերը պետք է լինեն հասցեական, խիստ, կտրուկ, եւ բացառեն կոչերի, ուղերձների, հայտարարությունների արատավոր պրակտիկան: Դրանք Ադրբեջանի դեպքում անիմաստ ու անօգուտ են: Ընդդեմ ՀՀ ինքնիշխան տարածքի ոտնձգությունների, Բաքվի կողմից ագրեսիվ քաղաքականության տարբեր դրսեւորումների պարագայում, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ դրանց հետեւանքներ են հաջորդելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829