Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, էլեկտրոնային դատարանն է գալիս»

Փետրվար 23,2024 14:00

Տասնյակ տարիներ լուսաբանելով դատական գործընթացները, մշտապես լսել եմ, դատարանները ծանրաբեռնված են, պետք է բեռնաթափվեն, դատարանների գրասենյակներ հասցեագրված դիմումները, հայցապահանջները, միջնորդությունները, գործի նյութերը դեռ տեղ չեն հասել, կամ հասավ ուշացումով, դատարաններում կողմերի՝ առանց իրենց մասնակցության գործը լսել, որոշում կայացնելու միջնորդություններն աճել են…

Նոր դատավորներ են նշանակվում, բայց միեւնույն է, ավելորդ նյարդեր, ծախսեր, տարիներով հետաձգվող նիստեր…

Այս տարվա փետրվարի 1-ից, ինչպես տեղեկացրել էր Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ քաղաքացիական դատարան ներկայացվող դատական նոր գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով են:

Օրեր առաջ հետեւում էի արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի եւ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մի հանդիպմանը՝ ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչների հետ: Նրանք իրազեկում էին Քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, հայտնելով, որ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգ է ներդրվել, բացատրեցին դրանից օգտվելու կարգի, համակարգով դատավարությանը մասնակցելու, դատավարական փաստաթղթեր, ծանուցումներ ներկայացնելու եւ ստանալու կարգավորումների, դատական ակտերի բողոքարկման կարգի մասին:

Ըստ համակարգի՝ «շահառուների» այս նոր համակարգի շահագործմամբ էապես կթեթեւանա դատարանի ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ, թե դատարանները, թե կողմերը կխնայեն ժամանակը, կնվազեն ծախսերը:

Թվայնացվում է ամեն-ամեն բան. հայցադիմում, բողոք, դիմում, պատասխան, դիրքորոշում, առարկություն, ապացույցներ, հեռավար նիստեր հրավիրելու միջնորդություն… Բացառությունը, թերեւս, դռնփակ նիստերում քննվող գործերով գաղտնիք պարունակող տեղեկություններն են, որոնք ներկայացվում են «ավանդական» եղանակով՝ թղթի վրա՝ «նյութական» եղանակով:

«Էլեկտրոնային դատարաններից» արդեն իսկ դժգոհություններ կան, փաստաբանները սոցիալական ցանցերում դժգոհում են համակարգի աշխատանքից, այն կարող է երբեմն անջատվել, այնպես, ինչպես «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգը, հետեւաբար, ներկայացուցիչները, փաստաբանները զրկվում են հայցադիմումներ ներկայացնել համակարգի միջոցով, որը չի դիմանում՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված: Չնայած ըստ ԲԴԽ-ի. «Եթե ֆիզիկական անձի մոտ տվյալ գործի շրջանակներում առաջանա Համակարգից օգտվելու անհնարինություն, ապա վերջինս այդ մասին պարտադիր պետք է տեղեկացնի գործը քննող դատարանին, որից հետո համապատասխան գործողությունը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ նյութական եղանակով»:

Նոր քաղաքացիական գործերը ամբողջությամբ պարտադիր կարգով պետք է մուտքագրվեն Համակարգի միջոցով միայն էլեկտրոնային եղանակով հետեւյալ սուբյեկտների կողմից. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողներ, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբաններ, սնանկության գործով կառավարիչներ, նոտարներ, արտոնագրված հաշտարարներ…

Նշեմ նաեւ, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ ներկայացվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի եւ շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ներդրվում է կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման նոր համակարգ, որով կատարողական վարույթների անձնական գրասենյակում գրանցված քաղաքացիներն իրենց համաձայնությամբ վարույթի մասին կծանուցվեն գրասենյակի եւ դրան կցված էլեկտրոնային փոստի միջոցով՝ ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, իրավաբանական անձանց, պետական մարմինների ծանուցումն էլ կիրականացվի նույնպես էլեկտրոնային:

Նախկինում դատարանի առանձին որոշմամբ էր հնարավոր կողմերի համաձայնությամբ պարտավորությունների կատարման հետաձգումը, ժամկետների փոփոխությունը, իսկ վարույթ ունեցող քաղաքացին հետայսու որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն, աճուրդից դուրս վաճառել՝ վարձավճարն ու վաճառքի գինը վճարելով ԴԱՀԿ։

Նոր համակարգի ներդրմամբ հրաժարվելու են «կատարողական թերթի հնացած ինստիտուտից՝ դատարանին եւ քաղաքացուն ազատելով բովանդակային բեռ չունեցող կատարողական թերթի տրամադրման փուլից» այնպես, ինչպես էլեկտրոնային դատարաններում այլեւս դատական արարողակարգի մաս դարձած «Ոտքի, դատարանն է գալիս» չհնչելուց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829