Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք կարող կիսաանապատային մեր գոտում տասնյակ տարիներով մերկացնել փողոցները՝ բնակչությունը թողնելով առանց ստվերի, առանց արտանետումները կլանող բույսերի․ Քրիստինա Վարդանյան

Փետրվար 23,2024 09:30

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանի հետ զրուցել ենք մայրաքաղաքի կանաչապատման խնդիրների և այդ խնդիրներով պայմանավորված հիվանդությունների աճի մասին՝ անդրադառնալով այն ուղիներին, որոնք վիճակը բարելավելու հնարավորություններ են ստեղծում։ 

-Տիկին Վարդանյան, մասնագիտական գրականությունում որպես ամենատարբեր հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն նշվում է շրջակա միջավայրն իր բազմաթիվ խնդիրներով, որոնք, ցավոք, լիուլի առկա են նաև Հայաստանում, մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանում։ Օդի աղտոտվածության ցուցանիշներին հետևելով՝ պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ երկրում, այդ թվում՝ Երևանում ունենք կանաչ ֆոնդի հետ կապված խնդիրներ, սակայն հետաքրքիր է ձեր մասնագիտական կարծիքը, թե ինչի՞ց են գալիս այդ խնդիրները, որոնք էլ վտանգում են հանրային առողջությունը։

-Այն, ինչ Երևանում կատարվում է կանաչ ֆոնդի հետ, անմիջապես անդրադառնում է ազգաբնակչության առողջության վրա։

Մի կողմից դա էտն է, որն իրականացվում է սարսափելի բացերով, քանի որ մենք իրավունք չունենք միաժամանակ ծառի սաղարթի ավելի քան 15-20 տոկոսը հեռացնելու, որովհետև ծառի սաղարթը բույսն ապահովում է տերևային մակերեսով, հետևաբար՝ սննդով ու շնչառությամբ, և երբ մենք հեռացնում ենք սաղարթն այնպես, ինչպես այժմ արվում է Երևանում, այսինքն` ամբողջությամբ բույսը թողնում ենք առանց կանաչ զանգվածի, պարզապես դատապարտում ենք բույսը մահվան։ Այդպիսի զանգվածային սխալ էտի օրինակներ կարող ենք տեսնել Աջափնյակ վարչական շրջանում, կենտրոնում, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում և այլուր։ Գարնանն իրականացվել էր մոտ 11000 ծառի խորը էտ, այս տարի խոսք է գնում մոտ 17000 ծառ խորը էտի ենթարկելու մասին։

Որպես թարմ օրինակ կարող եմ նշել մասնագիտական կազմակերպության կողմից Զեյթուն վարչական շրջանում աշնանն իրականացված խորը էտը, որից հետո, ինչպես տեսանք, գարնանը Ուլնեցի փողոցում ամբողջությամբ հատեցին այդ ծառերը և չորադիմացկուն մեր կլիմայական գոտուն ամենաբնորոշ ծառատեսակներից մեկը՝ թեղին փոխարինեցին ձիակասկով, այսինքն տնկեցին այնպիսի ծառատեսակ, որը խոնավ երկրների բույս է և չի կարող ապահովել պատշաճ էկոծառայություն մեր շրջակա միջավայրի ծանր պայմաններում։

Ստացվում է՝ և՛ միջամտության ձևն էր սարսափելի, և՛ այն, որ ամբողջ փողոցի երկայնքով զանգվածային հատեցին ծառերը, և թեպետ դրանց փոխարեն տնկեցին 2-3 մետրանոց ծառեր, դրանք առնվազն 20 տարի դեռ իրենց պետք է սպասարկեն, հետո նոր կարողանան ապահովել էկոծառայություն։

Հաշվի առնելով այս աղետալի վիճակը՝ ես՝ որպես ավագանու անդամ մեր խմբակցության անունից նամակով դիմեցի Արբորիստների եվրոպական ասոցիացիայի արտոնագրման պետական քննական հանձնաժողովի նախագահ, «Առողջ անտառ» ծառերի խնամքի միջազգային դպրոցի հիմնադիր, Ծառերի խնամքի պրոֆեսիոնալների միության նախագահ, գ.գ.թ. Ս․ Բ․ Պալչիկովին՝ խնդրելով պարզաբանել էտի այն ձևը, որն իրականացվում է մայրաքաղաքում։

Փորձագետը պատասխանեց մեզ (նամակը՝ տես ներքևում)՝ նշելով, որ խորը էտը կամ, ինչպես կոչում են, երիտասարդացումը, ծառերի սպանդ է, և այն ծառերը, որոնք ենթարկվել են այդպիսի միջամտության, մենք ուղղակի կորցնելու ենք։

Այդ նամակը ես փոխանցել եմ Երևանի քաղաքապետին, ներկայացրել եմ միջազգային փորձագետների կարծիքն իրականացվող միջամտությունների նկատմամբ, ինչպես նաև առաջարկել եմ, թե ինչպես է պետք անել այդ գործողություններն ավելի գրագետ եղանակով։

-Որո՞նք են գրագետ կանաչապատման հիմնարար սկզբունքները։

-Մենք պետք է հասկանանք, որ քաղաքում ծառերը հենց այնպես չեն տնկվում։ Ինչպես բազմիցս ասել եմ, կանաչապատումն առողջության մասին է, կանաչապատումը գեղեցկության մասին չէ, և բնակավայրերի կանաչապատումը, լինելով «կոմունալ հիգիենա» գիտության բաժին, հստակ սահմանում է՝ որ բույսերն են արժեքավոր՝ փոշին, ազոտի օքսիդները կլանելու, ստվերացումն ապահովելու և այլ սանիտարական հատկանիշների տեսանկյունից և որ բույսերն են դեկորատիվ։ Այդ եզրահանգումներն արվում են կենսաբանների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում, այլ ոչ թե «ես հավանում եմ սակուրա, դուք հավանում եք ձիակասկ, մյուսը՝ սոսի» մոտեցմամբ։

Քաղաքային կանաչապատումը գլոբալ ու բազմադիսցիպլինար ոլորտ է, որտեղ հանրային առողջության մասնագետները, հիգիենիստները հավաքում են բոլոր տվյալները՝ այնպիսի միջավայր ստեղծելու համար, որը կանաչապատման վերջնական սպառողի՝ մարդու համար լինի բարեհարմար և առողջարար։

Ինչպես նշեցի վերևում՝ կանաչապատման հիմնական դերը ոչ թե քաղաքն ավելի գեղազարդ դարձնելն է, այլ քաղաքը, որը բնության մեջ գոյություն չունեցող արհեստական միջավայր է, բնակչության համար առավելագույնս հարմար դարձնելը։

Ծառերի զանգվածային հատման ծրագրերը, որոնք իրականացվում են Երևանում, առհասարակ անընդունելի են։ Եթե մենք դիտարկենք, օրինակ, Սայաթ-Նովա փողոցը, որտեղից զանգվածաբար հեռացրեցին բարձրաբուն թեղիները՝ դրանք փոխարինելով պարտեզային ձևի կարճ սոսիներով, Մոսկովյան փողոցը, որտեղ փողոցի միջնամասից անհասկանալի պատճառներով հեռացվեցին հացենիները, և դրանք փոխարինվեցին սակուրաներով, ապա կտեսնենք, որ Երևանի ամենամեծ խնդիրները՝ ասֆալտի, շենքերի ստվերացումը, բնակչությանը ջերմային սթրեսից, չարորակ նորագոյացություններից պաշտպանելու հարցը մենք չենք լուծում, այլ փորձում ենք լուծել գեղազարդության խնդիրը՝ այն էլ շատ սխալ։

Պարզաբանեմ՝ Սայաթ-Նովա փողոցի՝ Կոնսերվատորիային հարող առաջին շերտում մենք ունենք սոսիներ, երկրորդ շերտով կրկին հիգիենիկ պահանջով տնկված էր թեղին, որը պահելու էր փողոցի արտանետումներից և սոսիների հետ  2 տարբեր ծառատեսակներից միջավայր էր ստեղծելու։ Երբ եղավ թեղիների զանգվածային խնդիր՝ վարակ, մի գիծը, որը սոսիներից էր, մենք պահպանեցինք, քանի որ թեղու միջատը սոսուն չի ախտահարում, չէ՞ որ ամեն մի ծառ ունի իրեն հատուկ միջատները։ Հիմա ի՞նչ է արվել․ թեղիների փոխարեն երկրորդ շարքում նորից սոսիներ են տնկվել, և եթե տարիներ անց մենք ունենանք սոսիներին բնորոշ վարակ, այդ պարագայում մենք կկորցնենք երկու շարքի բոլոր սոսիներն էլ։ Ստացվում է, այնտեղ, որտեղ խնդիր չկար, ստեղծվեց խնդիր։

Ի՞նչ կտնկեի ես՝ կտնկեի Հուդայի ծառ, որի օրինակն ունենք Մաշտոցի պողոտայում և տեսնում ենք, որ սոսին ու Հուդայի ծառը շատ լավ իրար հետ ապրում են արդեն տասնյակ տարիներ։

Եվ ևս մեկ ծանրագույն խնդիր, որը ստեղծվել է երևանցիների համար, այդտեղ տնկված ծառերը խոշոր սաղարթ չեն ունենալու, քանի որ դեկորատիվ պարտեզային բույսեր են, և փաստացի այդ շենքերը, որոնք կանգնած են Սայաթ-Նովայի վրա, այլևս ստվերով ծածկված չեն լինելու, և անգամ թույլ էֆեկտ ստանալու համար մենք պետք է սպասենք առնվազն 20 տարի, որպեսզի այդ ընթացքում ստեղծվի սաղարթն ու բույսը կարողանա մատուցել էկոծառայություն։

– Իսկ ի՞նչ նորմատիվներ կան բնակչության թվաքանակի ու կանաչապատման ծավալի հետ կապված։

-Կա հիգիենիկ նորմատիվ, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները քաղաքում պետք է կազմեն քաղաքի ողջ տարածքի առնվազն 20 տոկոսը․ դա վերաբերում է ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներին՝ այգիներին, պուրակներին և այն տարածքներին, որտեղ ցանկացած ոք կարող է իր հանգիստն անցկացնել։ Երևանում մենք ունենք 5 անգամ պակաս ցուցանիշ։ Այսօր ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 900 հա չեն կազմում։

Մեկ այլ նորմատիվի համաձայն՝ քաղաքում մեկ բնակչին պետք է բաժին հասնի 2 սաղարթախիտ ծառ։ Երևանում այդ ցուցանիշը 1,4 է, այսինքն երևանցին չի ապահովվում նվազագույն ստանդարտով, և այս դեպքում մենք զանգվածային հատումների մասին խոսելու իրավունք չունենք, քանի որ դա բնակչության առողջության դեմ իրականացվող մարտ է, որը շահում է քաղաքային իշխանությունն ի վնաս բնակչության։ Ինչպես նշվում է փորձագետի պատասխան-նամակում, անապատում տարեց ծառերն անգամ շահեկան են, քանի որ նույնիսկ գրունտի ջուրն են վերև բարձրացնում, իսկ նոր ծառերը, որ տնկվում են, ոռոգման ավելի մեծ խնդիր են առաջացնելու, քան եթե իրենց կողքն ունենային բարձր ծառեր։

-Ձեր խոսքում անդրադարձաք ծառերի վարակներին, որոնց պատճառով երբեմն ծառերի հատումը, ցավոք, այլընտրանք չի ունենում․․․

-Բազմիցս եմ ասել, որ աշխարհի բոլոր քաղաքներում են իրականացվում ծառերի փոխարինման աշխատանքներ, թեև, օրինակ, Չինաստանում, որտեղ քրեորեն պատժվում է ծառերի հետ կապված ցանկացած թերացում և ծառերի հատումը պետականորեն արգելված է, բուժում են բոլոր ծառերը մինչև վերջ և միայն այն դեպքում են հատում, երբ տեսնում են, որ այլևս հնարավոր չէ ոչինչ անել։ Ուստի մենք չենք կարող կիսաանապատային մեր գոտում տասնյակ տարիներով մերկացնել փողոցները, և բնակչությունը թողնել առանց ստվերի, առանց արտանետումները կլանող բույսերի․․․

2020-21 թթ․ ես չէի հերքում, որ թեղիներն ունեն խնդիր, և դրանով պայմանավորված՝ մենք ծառերի բուժական աշխատանքների վրա էինք ամենամեծ շեշտը դրել և ունեինք բավականին լավ արդյունք, բայց այժմ տեսնում եմ, որ կատարվում են ծառերի զանգվածային հատումներ՝ չունենալով ոչ մի մասնագիտական եզրակացություն՝ ինչի՞ հիման վրա։ Ես մասնագիտական կառույցին նամակ եմ գրել, որին պատասխանում են, որ ծառերն իրենց ֆունկցիան չեն կատարում, բայց դա աչքաչափով որոշվող բան չէ, այլ պետք է իրականացվի հետազոտությունների հիման վրա կատարված գիտական եզրակացության համաձայն։

-Վերադառնալով շրջակա միջավայրի խնդիրների և հիվանդությունների միջև կապի թեմային՝ ինչ-որ վիճակագրական նոր տվյալներ մենք ունե՞նք։

Շրջակա միջավայրն ունի անմիջական ազդեցություն մեր առողջության վրա․ այն, որ Երևանում օդի աղտոտվածությունը մեծագույն խնդիր է, գաղտնիք չէ՝ փոշին արդեն տեսանելի է անզեն աչքով, և մենք բոլորս անխտիր շնչում ենք այն։

Վերջերս Բժշկական համալսարանում մի ուսումնասիրություն էր կատարվել, որը հանրայնացվեց մեր ռեկտորի կողմից․ Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղի դեպքերը վերջին 20 տարիների ընթացքում ավելացել են 75 տոկոսով։ Մեր ամբիոնի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Երևանում 15 տարվա կտրվածքով քաղցկեղից տարեկան մահացությունն ավելացել է 60 տոկոսով, հիվանդացությունները՝ 67 տոկոսով, ընդհանուր մահացության ցուցանիշներն ավելացել են 19,7 տոկոսով։

Այսինքն` մենք ունենք չարորակ նորագոյացությունների հետ կապված շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված նման աճ և այստեղ միանշանակ մեծ է կանաչ գոտիների սակավության խնդիրը․ ֆիլտրը, փաստացի բացակայում է։ Մենք չունենք նաև ջրային մակերեսներ, որովհետև Գետառը ծածկվել է թունելով, Հրազդան գետն այնպիսի վիճակում է, որ մոտենալ անգամ չես կարող, ևս մեկ մեծ ջրային մակերես՝ Երևանյան լիճը, որի համար վերջերս 60 մլն դրամից ավելի գումար ծախսվեց բյուջեից, ամբողջովին ծածկված է պլաստիկով, դրա վրա տեղադրված արևային եզակի մարտկոցն ամբողջությամբ պատված է թռչնաղբով, և այս ամենն իրական էկոլոգիական աղետ է։

Նշեմ նաև, որ մենք ունենք մոտ 30 բաց հանքեր, որոնք գործում են Երևանում, ունենք ահռելի ծավալի շինարարություն, որը չի իրականանում օդի ավազանի պահպանման օրենքի համաձայն, և այս բոլոր խնդիրները ապահովում են մեր ազգաբնակչության վատ առողջությունը։

Քաղաքային իշխանությունը չի հասկանում մի շատ կարևոր բան՝ դարձնելով Երևանը ներդրումային գոտի, զրկում է քաղաքն իր հիմնական նպատակից, այն է՝ կարևորել Երևանի ազգաբնակչության կյանքի որակը։

Միջազգային մասնագիտական գրականության մեջ այն շենքերը, որոնք կառուցվում են առանց համապատասխան կանաչ գոտիների, կոչվում են «գետտոներ», կամ «человейники»`ռուսալեզու գրականությունում, այդպիսի միջավայրում մարդն ապրում է՝ հնարավորություն չունենալով իր նորածին երեխային իջեցնելու ներքև և ծառի տակ քնեցնելու։

Չմոռանանք նաև, որ կանաչապատումը ևս մեկ կարևոր գործառույթ ունի․ ծառերի շնորհիվ բարձրահարկ շենքերը մարդաչափ են դառնում, այսինքն «կոտրում են» այն բարձրությունը, որը կարող է ճնշել մարդում՝ ստիպելով իրեն շատ փոքր զգալ այդ շենքերի համեմատ․ դա շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից, չէ՞ որ երբ բարձրահարկ շենքեր են, ու մարդը մենակ է, նա իրեն ճնշված է զգում, չի զգում ներդաշնակ, իսկ երբ կա ծառուղի, և էլի կան բարձրահարկ շենքեր, մարդու տեսանելին փակվում է ծառի մակարդակի սաղարթով, և մարդն իրեն պաշտպանված է զգում․․․ Այս ամենը վերահսկում է գիտությունը, և ուղղակի ծիծաղելի է, երբ մասնագիտական կառույցի ղեկավարը, որը եկել է Եվրաֆուտբոլի մենեջմենթից, խոսում է միջազգային փորձագետների, մասնագետների մասին՝ նրանց ինչ-որ որակումներ տալով․․․

Այժմ ես մեծ մասնագիտական վերլուծություն եմ իրականացնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների արդյունավետության հետ կապված, որը հնարավորություն կտա պարզելու, թե պետության կողմից ծախսվող ահռելի գումարների դիմաց ի՞նչ է ստանում պետությունը, և արժե՞ արդյոք այդպես շարունակել, թե՞ արժե գիտականորեն հիմնավորված փոփոխություններ մտցնել այդ աշխատանքներում։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829