Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատը հայերի համար նույնքան խորհրդանշական է, ինչպես Ֆուջին՝ ճապոնացիների համար». Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Փետրվար 22,2024 22:55

«Խորապես ոգեւորված եմ այս երեկո տեսնել այսքան հիանալի հյուրերի: Ցանկանում եմ սրտանց իմ երախտագիտությունս հայտնել ձեր մասնակցության համար այս ընդունելությանը որը նվիրված է Նորին Մեծություն կայսեր ծննդյան 64-րդ տարեդարձին»,-ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ:

Դեսպանը, որ հունվարին է հավատարմագրերը հանձնել ՀՀ նախագահին, նշեց, որ արդեն զգացել է հայ ժողովրդի հյուրընկալությունը, նաեւ վստահ է, որ Ճապոնիան եւ Հայաստանը ունեն շատ ընդհանրություններ՝ սկսած հարուստ պատմությունից, մինչեւ գեղեցիկ բնությունն ու մշակույթը, ավանդույթները: «Ճապոնիայում ես վայելում էի Ֆուջի լեռան տեսարանը իմ պատուհանից: Երբ ինքնաթիռս ժամանում էր Հայաստան, առաջին բանը, որ տեսա, Արարատ լեռն էր, որը հայերի համար նույնքան խորհրդանշական լեռ է, ինչպես Ֆուջին՝ ճապոնացիների համար»:

Դեսպանի ձեւակերպմամբ, Ճապոնիան եւ Հայաստանը գործընկերներ են, որոնք կիսում են ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հիմնարար արժեքները:

«Կցանկանայի ընդգծել, որ Ճապոնիայի կառավարությունը մնում է Հայաստանի կողքին եւ կշարունակի աջակցել երկխոսության միջոցով այս տարածաշրջանի հետ կապված խնդիրների խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ Հայաստանի ջանքերին»,-ընդգծեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Նա ի թիվս այլնի, հույս հայտնեց, որ Հայաստանը 2025-ին կմասնակցի Օսակայի միջազգային ցուցահանդեսին եւ կներկայանա ողջ հմայքով ու բոլոր ուղղություններով: Անդրադարձ կատարվեց Ճապոնիայի՝ Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցությանը, դժվարին պահերին սատար կանգնելուն եւ ամրապնդվող բարեկամությանը:

Նշենք, որ ընդունելության սկզբում ՀՀ եւ Ճապոնիայի օրհներգերը կատարեց «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Սրահի մուտքի մոտ ներկայացված էին օրիգամի արվեստի նմուշներ, որոնց հեղինակը Արթուր Կարապետյանն էր, սրահում տեղադրված էր լուսանկարչական տաղավար՝ Կիոտոյի Ոսկե տաճարի տեսարանով, որտեղ մարդիկ կարող էին լուսանկարվել:

Նաեւ եղավ այկիդո ճապոնական մարտարվեստի ցուցադրություն՝ ՀՀ Այկիդոյի հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Ավետիսյանի եւ այլոց մասնակցությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829