Լրահոս
Օրվա լրահոսը

Մարությանը քաղաքային իշխանության մասին․ «Մարտնչող անգրագիտություն է»

Փետրվար 22,2024 20:44

«Ես չեմ կարծում, որ պաշտոնյաները չեն եկել այս քննարկմանը, որովհետեւ չեն հարգում ներկաներին, այլ իրենք ուղղակի խուսափում են կամ վախենում են մասնակցել այսպիսի միջոցառումներին, որովհետեւ կարող են կորցնել իրենց աշխատանքը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության հրավիրած Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այսօրվա քննարկմանը հրավիրված էին Երեւանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուներ, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահը եւ այլ պաշտոնյաներ, սակայն նրանք չէին եկել քննարկմանը։

Մարությանը այդ պաշտոնյաների բացակայությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ․ «Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որից ուզում էինք դուրս գալ 2018 թվականին, բայց ոնց որ թե ավելի խորն ենք խրվել։ Եթե այն ժամանակ գոնե ձեւական կասեին՝ գնա, մասնակցի, գլխով անընդհատ այո, այո արա, հետո կգաս քո ուզածը կանես, կամ մեր ասածը կանես, հիմա անգամ դրա համար էլ են պատժում։ Ես սա հենց այնպես չեմ ասում։ Անուններ չեմ տա, բայց մասնավոր զրույցներից եմ հասկացել՝ ասենք տեղեկատվություն ստանալու համար այս կամ պաշտոնյային զանգում ես, որ իմանաս՝ սա ի՞նչ թիվ է, սա ինչ է, այն ինչ է, վերջում խնդրում են՝ պարոն Մարության, էս խոսակցության մասին ոչ ոք չի իմանա, չէ՞, որ իմանան ձեզ հետ խոսել եմ, ինձ կհանեն աշխատանքից»։

Մարությանն ասաց, որ իր կառավարման շրջանում սկսել էին ինչ-որ բաներ անել, ճիշտ է՝ դանդաղ, բայց սկսել էին։ Նա ասաց, որ ինքը մայրաքաղաքն ընդունել էր շատ վատ վիճակում, կենցաղային շատ խնդիրներ կային․ «Աղբը դուրս էր եկել քաղաք, արդեն ինքն էր ղեկավարում քաղաքը, ամեն օր զարթնում ու մտածում էի՝ այսօր մի վերելակ որ չընկնի, լավ է։ Շներին կհիշեք, կարող է ձեզնից մեկին էլ կծած լինեն, թափառող կենդանիների առումով խայտառակ վիճակ էր, մոտ մեկ տարի ոչ ոք չէր զբաղվել դրանով»։

Անդրադառնալով քաղաքաշինության խնդիրներին, նա ասաց՝ ճարտարապետների ակտիվ մասնակցությամբ Երեւանը աղավաղվել եւ աղավաղվում է։ Ապա նա առաջարկեց ճարտարապետների շրջանում մի շարժում սկսել, սկզբունքային ճարտարապետների մի խումբ ստեղծել, որոնք կկարողանան, իր խոսքով ասած՝ այդ համայնքը միավորել եւ ներսից կանգնեցնեն քաղաքն աղավաղող գործընթացը։

«Ես, որպես քաղաքապետ, որ բախվել եմ խնդրի, դա կառավարություն եւ քաղաքապետարան համագործակցությունն էր։ Ինչ էր կատարվում՝ կառավարությանը պետք էր մաքսիմալ մեծ շինարարություն, որովհետեւ պետք է ապահովել տնտեսական աճ։ Ինձ մեղադրում էին, թե ձեր օրոք այդքան մեծ շինարարություն եղավ, բայց հետաքրքիրն այն է, որ նույն իշխանությունն այն ժամանակ ասում էր՝ էս ինչ է, ոնց որ դանդաղ է գնում շինարարությունը, նույն այդ իշխանությունը ասում է՝ Մարությանի ժամանակ էդ ինչ շինարարություն էր, տեսաք, թե էդ ինչեր կառուցվեց։ Հարցն այն է, որ կառավարությանը միշտ է պետք լինելու շինարարությունը, պարզապես քաղաքապետարանը պետք է հանդես գա որպես մարմին, որը կարողանա դիմակայել կառավարությանը, նաեւ դիմակայել բիզնեսին, մեծ գումարներին, ոչ թե ուղղակի մերժել, այլ ճիշտ ուղղությամբ զարգացնել»,-ասաց Մարությանը։

Նա պատմեց իր օրոք կառավարության հետ մի փակ քննարկման մասին, որը վերաբերում էր Երեւանի զարգացմանը․ «Այդ նախագիծը եթե լիներ, Երեւանը բավականին կզարգանար։ Պաշտոնյաներից մեկն ասաց՝ բա մենք չե՞նք քննարկել, որ եթե սա էլ անենք, Երեւան է՛լ ավելի կլավանա ու մարդիկ է՛լ ավելի շատ կգան Երեւան ու դա վատ ա։ Բա մենք չե՞նք քննարկել, որ «ստոպ տանք» էս պրոցեսը։ Ես ասացի՝ ո՞ր պրոցեսը, որ Երեւանը չպե՞տք է՞ զարգացնեք, թե՞ որ Երեւան չգան մարդիկ։ Երեւանը մենք պետք է լավացնենք, բայց միեւնույն ժամանակ կառավարության գլխավոր գործերից պիտի լինի մյուս տարածքների զարգացումը։ Այո, Երևանը կլանում է, բայց դա Երեւանի խնդիրը չէ»։

Մարությանի դիտարկմամբ՝ այսօրվա քաղաքային իշխանությունը պարզագույն հաշվարկներ չի կարողանում անել, պարզագույն որոշումները չի կարողանում ճիշտ ընդունել․ «Էն լավը ստացածը՝ թեկուզ սովետից կամ նախկիններից կամ ինձանից, չեն կարողանում պահպանել, եղածն էլ քանդում են։ Մարտչնող անգրագիտություն է, եւ որքան մարդն անգրագետ է ու չի տեսնում մեծ պատկերը, գիտի, թե ինքը ճիշտ է անում, այնքան ավելի եռանդով գնում է իր հիմար գործողությունն անելու»։

Նախկին քաղաքապետի կարծիքով՝ Երեւանն այսօր աղավաղված է, Երեւանում ապրելը հարմար ու անվտանգ չէ։

«Եթե մի քաղաքապետ գա եւ ուզի իրականում քաղաքը կարգի բերել, հավատացեք, այսօրվա օրենսդրական կարգավորումներով չի կարողանա, առավել եւս, եթե նրա թիկունքին պետությունը կանգնած չէ։ Երեւանում առանց կոշտ լուծումների, քաղաքական լուծումների քաղաքաշինությունը չես կարող իրագործել»,-ասաց Մարությանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829