«Չհասկացա, թե ինչո՞ւ ՌԴ-ն որոշեց այդպես՝ մարդասպանին միանգամից հանձնել Ադրբեջանին: Սա ստորագույն քայլ էր, բայց քաղաքականության մեջ ես չկամ՝ չգիտեմ: Քաղաքականությունը հաճախ անբարոյականության հետ են նույնացնում, կարծում եմ, սա դրա հերթական դրսեւորումն էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանն՝ անդրադառնալով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին Ադրբեջանին արտահանձնելուն:
Մինչ ՀՀ պատկան մարմինները կարձագանքեին, Քյամիլ Զեյնալլինի փաստաբանը հայտարարեց, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։ Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում Քյամիլ Զեյնալլին, վերջինս էլ շնորհակալություն է հայտնում իր երկրի նախագահին:
«Ինչպես և սպասելի էր, ևս մեկ հային գլխատող մարդասպան հերոսացվում է հարևան Ադրբեջանում։ Այս պետության մեջ հային սպանելը, հային գլխատելը հերոսական արարք է․․․Տեսանյութում մարդասպանը հատուկ շնորհակալություն է հայտնում Ալիևին ուշադրության համար։ Քսան տարի է անցել Մարգարյանի սպանությունից, բայց ոչինչ չի փոխվել այս պետության ու ղեկավարության ուղեղներում»,- գրել էր Տաթեւիկ Հայրապետյանը:
Րաֆֆի Ասլանյանն ի սկզբանե էլ այն համոզմանն էր, որ Քյամիլ Զեյնալլին Հայաստանին չի արտահանձնվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի անունից Արցախը վաղուց է ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ արցախցիներին մինչ օրս էլ ՀՀ քաղաքացի չի համարում, հետեւաբար՝ Ադրբեջանի տարածքում, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի սպանության համար մեղադրյալն ինչո՞ւ պետք է հանձնվի Հայաստանին: Ավելին, փաստաբանի համոզմամբ, դա կհակասի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի, «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի և մյուս միջազգային փաստաթղթերի պահանջներին։
Կարդացեք նաև
Երբ արդեն Քյամիլ Զեյնալլին գտնվում էր Բաքվում, պարզ դարձավ, որ ՀՀ դատախազությունն այսօր իրավասու մարմնից ստացել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
Դատախազության այս քայլի ուշացած լինելու մասին մեր դիտարկմանն ի պատասխան, փաստաբանն ասաց, որ դժվարանում է գնահատական տալ, քանի որ դատախազությունն իր հաղորդագրության մեջ նշել է, թե այսօր է իրավասու մարմնից՝ ոստիկանությունից, ստացել համապատասխան ծանուցումը: Նախկինում ծանուցման, դիմելու եւ պատասխան ստանալու գործընթացը մեկ օր էր տեւում, թե այժմ ի՞նչ ժամկետներ են սահմանված, փաստաբանը չգիտե: Կարծում է՝ պետք է փորձել հասկանալ, իրավասու մարմինը երբ է ՌԴ-ից ստացել ծանուցումը:
Ամեն դեպքում, նա նկատում է, որ արտահանձնման համար հետեւյալ պատճառաբանությունը կարող է իրավաչափ դիտվել՝ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում կամ եթե կատարվել է ՀՀ քաղաքացու նկատմամբ՝ այլ երկրի տարածքում. «Ես չգիտեմ, թե ՀՀ դատախազությունն այս երկու հարցն ինչպե՞ս է պատճառաբանել, եթե իրենց ղեկավարն ասում է Արցախն Ադրբեջանի տարածք է, արցախցիներն էլ ՀՀ քաղաքացի չեն: Մնացած հեքիաթները՝ թե ի՞նչ է գրվում, ես չեմ կարող ասել, բայց պարզ իրավիճակը սա է: Այլ հարց է, որ ՌԴ-ն ցանկանար իր մոտ քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ հանցագործին՝ այն մտավախությամբ, որ անձը կարող է Ադրբեջանում ազատվել պատասխանատվությունից»:
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Զեյնալլին ադրբեջանցի ռազմական հանցագործ է, ով վայրագություններ է կատարել Արցախում՝ նա Արցախում գլխատել է անպաշտպան ծերունու։ Բացի այդ, ինչպես հայտնում է Infotek-ը, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ