Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն այսօր Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին մի շարք ճարտարապետներ։
Քննարկման մասնակից, ճարտարապետ Ավետիք Էլոյանն ասաց, որ այն փաստաթուղթը, որ պետք է Երեւանին, շատերը կոչում են գլխավոր հատակագիծ, բայց դա այն փաստաթուղթը չէ, որ մեզ պետք է։ Նա մի օրինակ բերեց՝ գենպլանը հաստատում էր Կանազ գործարանի զարգացման հինգ տարվա պլան, որի հիման վրա մասնագետներն ասում էին՝ գործարանը կզարգանա տասը տոկոսով, ըստ դրա՝ պետք կլինի ավելացնել տարածքներ, բնակարաններ եւ այլ բաներ․ «Հիմա հարց՝ մենք է՞լ գլխավոր հատակագիծ ասելով հասկանում ենք այդպես։ Ես պնդում եմ, որ մենք ոչ այդ մասնագետներն ունենք, ոչ ներուժը, եւ որ դա այն փաստաթուղթը չէ, որը մեզ պետք է լինելու»։
Էլոյանի խոսքով՝ գլխավոր հատակագծի ամենակարեւոր հարցերից մեկն այն է, որ եթե այդ փաստաթղթի մասին ենք խոսում, դրա միակ նպատակն է սահմանափակել Երեւանի աճը․ «Որովհետեւ, այո, հասկանում եմ, որ Երեւանի մասին ենք խոսում, բայց ընթացքում կորցնում ենք երկիր։ Եթե Երեւանում տարեկան 30 հազար բնակարան է կառուցվում, այդ մարդիկ Լոս-Անջելեսից չեն գալու այստեղ բնակվելու, գալու են Մեղրիից, մարզերից, գյուղերից, որտեղ ի վիճակի չենք եղել ստեղծել այն պայմանները, որպեսզի մարդիկ ուզենան մնան այնտեղ։ Այդ տեսակետից գլխավոր հատակագիծը պետք է տարաբնակեցման նախագծի սահմաններում արվի եւ ոչ ավել։ Դա աշխարհում տարբեր անուններ ունի, կարող է լինի մաստեր պլան, զոնավորման նախագիծ եւ այլն, դրանք կետային խնդիր են լուծում քաղաքի մասշտաբով»։
Քննարկմանը հրավիրված էին ՔՊ-ից ավագանու անդամներ, քաղաքապետարանի համապատասխան վարչության կամ բաժնի պատասխանատուներ, սակայն նրանք ներկա չէին քննարկմանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ