Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստն էր:
Այս գործով անցնում են Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց հետ փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը եւ Նորայր Մնացականյանը:
Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից եւ Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի շարք գույք, բաժնեմաս, փոխառությունների համար տրված գումարներ, որոնք, ըստ ուսումնասիրության, ապօրինի միջոցներով են:
Դատախազ Գեւորգ Քոչարյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի նախկին օգնական Զարզանդ Նիկողոսյանի միջոցով իրականացվել են գործարքներ, մասնավորապես, ձեռք է բերվել «Սդղի լիճ» պանսիոնատը, բայց իրականում Սուրիկ Խաչատրյանի միջոցներով է ձեռք բերվել, դրա համար Սուրիկ Խաչատրյանին դիտել են որպես այդ գույքերի իրական շահառուն: Հետո այդ պանսիոնատը նվիրել են Սուրիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձի՝ Վարդան Բարսեղյանին:
Կարդացեք նաև
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հարցրեց՝ եթե Զարզանդ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձ չի, ինչո՞ւ են նրա եկամուտներն ուսումնասիրել, բանկային գաղտնիք վերցրել: Դատախազը պատասխանեց, որ գույքի իրական շահառու հանդիսանալը այդ գույքի տիտղոսային սեփականատիրոջ հետ փոխկապակցվածության հետ որեւէ առնչություն չունի: Դրանք տարբեր հասկացություններ են. «Իսկ բանկային գաղտնիքի համար օրենքը պահանջում է, որ իրավասու մարմինը հիմնավորի պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունը՝ ուսումնասիրության անհրաժեշտ տվյալները ձեռք բերելու համար: Փոխկապակցված անձանց շրջանակը բավականին լայն կարող է լինել, մերձավոր ազգականներից շատ մարդիկ կարող են մտնել, բայց դա հիմք չի դեռ, որ, ասենք, եղբոր ընտանիքի բանկային գաղտնիքը վերցվի, եթե որեւէ տվյալ չկա, որ այդ անձին պատկանում է գույք, որի հետ կապված ուսումնասիրվում է: Միեւնույն ժամանակ վարորդը, օգնականը օրենքի իմաստով փոխկապակցված չեն, բայց շատ գործերով տվյալներ են ստացվում, որ հենց այդ անձանց միջոցով են գումարի շարժն իրականացնում»:
Հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց կողմից հիմնադրված ընկերությունների մասին են նշել: Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանն ասաց, որ այդ ընկերությունների հիմնադրման համար 15, 25 հազար դրամ է պետք եղել, առավելագույնը՝ 100 հազար ու իրավասու մարմինը համարել է դա Սուրիկ Խաչատրյանին պատկանող. «Խոսքը, օրինակ, «ԱԿՈՌԱ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասի մասին է, «ԱԿՎԻԼՈՆ», «ՍԵՎ ԼԻՃ»: «ԱԿՈՌԱ ԷՆԵՐՋԻ» ընկերության հիմնադրման համար անհրաժեշտ գումարը կազմել է 50 հազար դրամ, այդքան կանոնադրական կապիտալով է հիմնադրվել, «ՍԵՎ ԼԻՃ» ընկերության համար՝ ընդամենը 10 հազար դրամ, արդյոք ողջամիտ չէ՞, որ աշխատող, կայուն եկամուտ ստացող անձը 2010-2012-ին կարող էր ունենալ 50 հազար դրամ կամ 10 հազար դրամ օրինական եկամուտ: Վարդան Բարսեղյանը պահակ էր աշխատում, հաստատ 50 հազար դրամ ուներ»:
Դատախազ Քոչարյանը պատասխանեց՝ «ԱԿՈՌԱ ԷՆԵՐՋԻ» ընկերությունը հիմնադրվել է 2012-ին՝ Տիգրան Խաչատրյանի կողմից 50% մասնակցությամբ այսինքն, կանոնադրական կապիտալը եղել է 100 հազար: Մեր մոտեցումը՝ Սուրիկ Խաչատրյանին իրական շահառու համարելը ընդհանուր համատեքստից է բխում: Այդ պահի դրությամբ թե Տիգրան Խաչատրյանն ինչ-որ մի տեղ աշխատելուց 15 հազար դրամ աշխատավարձ է ստացել, կամ Վարդան Բարսեղյանը, չգիտեմ պահակի աշխատավարձը ինչքան է եղել, կարող է մի քանի հազար դրամ էլ Վարդան Բարսեղյանն է ստացել աշխատավարձ եւ դա օրինական է եղել, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ այդ մարդիկ ապրել են: Նաեւ քրեական գործով տված ցուցմունքները հաշվի առնելով, որ տարբեր անձինք, այդ թվում՝ Վարդան Բարսեղյանը եւ իր հետ որոշ բիզնես գործունեություն համատեղ ծավալած անձանց ցուցմունքներով երեւում է, որ Վարդան Բարսեղյանը բիզնեսով չի զբաղվել ինքը: Նույնը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդիներին:
Այո, կարող է ինչ-որ մի պահի նրանցից մեկը մի քանի հազար դրամ օրինական եկամուտ է ունեցել, կամ գուցե հայրն է տվել այդ մի քանի հազար դրամը՝ իրենց ուսանողական կյանքը անցկացնելու համար, բայց չեմ կարծում, որ դա բավարար հիմք է՝ հիմնավոր համարելու համար, որ ուսանող, որեւէ տեղ չաշխատող կամ ինչ-որ սիմվոլիկ աշխատավարձով ապրող մարդիկ իրենց համար բիզնես են արել, կազմակերպություն են հիմնադրել, հանքարդյունաբերություն են արել, գազալցակայան են դրել, հյուրանոցային համալիր են կառուցել, հանգստյան տուն են կառուցել: Եթե այս հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին-առանձին վերցնենք, գուցե մեր դիրքորոշումը հասկանալի չլինի, բայց եթե մենք դա նայում ենք ընդհանուր պատմության համատեքստում, այդ ժամանակ հասկանալի է լինում մեր դիրքորոշումը: Մենք չենք ասում, որ Տիգրան Խաչատրյանը առհասարակ երբեւէ չէր կարող 15 հազար դրամ կամ 50 հազար դրամ փող ունենար, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ այդ մարդիկ նաեւ ծախսեր են անում, չէ՞:
Տիգրան Խաչատրյանը 2012-ին, այո, աշխատել է եւ մոտ 60 հազար դրամ աշխատավարձ է ստացել ու եթե որեւէ ծախս չկատարեր, գուցե այդ ամիս կարողանար 50 հազարով այդ ընկերությունը հիմնադրել: Բայց հաշվի առեք, որ ընկերություն հիմնադրելը եւ բիզնես գործունեություն ծավալելը չի ավարտվում զուտ կանոնադրական կապիտալով, 50 հազար դրամով ոչ մեկը բիզնես չի կարող իրականացնել, եթե, ասենք, փաստաբանական գրասենյակ չի: Զուտ մենակ 50 հազար դրամ ունենալը Տիգրան Խաչատրյանի կողմից՝ 66 հազար աշխատավարձ ստանալով, գտնում ենք, որ բավարար չէր բիզնես ծավալելու համար: Բիզնեսի համար ներդրումներ պետք է իրականացվեն բայց 66 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու համար, նաեւ հաշվի առնելով ում մասին է խոսքը…այս ամեն ինչը հաշվի առնելով ենք մեր ներքին համոզմունքը ձեւավորել ու իրական շահառուն այդ գույքերի դիտարկել Սուրիկ Խաչատրյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ