«Զեկույցում դրական ենք գնահատել Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ իշխանությունների կողմից և գնահատում ենք նաև ՍԴ-ի դերն այս հարցում ՝ դիտարկելով CEPA-ով ստանձնած բավականին կարևոր պարտականության իրականացում»,- ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։
Նա ասաց՝ զեկույցը պատրաստվել է 15 խորհրդատվական կարծիքների հիման վրա, որոնք մշակվել են տարվա ընթացքում և դրանց վրա աշխատել են քաղհասարակության ոլորտում բավականին հեղինակավոր փորձագետներ։ Անդրադարձել են որոշակի գործընթացների, որոնք ծավալվել են նախորդ տարի ՀՀ ԱԺ-ում և ոչ միայն, որոնց կապակցությամբ ընդունել են տարբեր հայտարարություններ․ «Հարկ ենք համարում անդրադառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահի՝ ԱԺ-ում ծավալված բավականին խնդրահարույց գործընթացին։ Երբ տեսանք, որ ԱԺ-ն բավականին մեծ անհանդուրժողականություն էր դրսևորում անկախ թեկնածուի նկատմամբ։ Այդ կապակցությամբ բացասական ենք գնահատում ԱԺ-ի կողմից Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության գործընթացը հատկապես այն հիմքով, որ այդ անձը հանձնաժողովի նիստի ընթացքում չէր պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունն ու պատիվը։ Գտնում ենք, որ այն հարցի պատասխանը, թե ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը լավ է պաշտպանվում, թե ոչ, պետք է հենց ժողովուրդը տա ընտրություններում։ Նման հիմքերով պաշտոնանկության գործընթացները ոչ մի կերպ չեն նպաստում ժողովրդավարության ամրապնդմանը։ Նաև բացասական ենք գնահատում տեղի ունեցող ընտրովի արդարադատության որոշ գործընթացներ և կարծում, որ դրանք ևս պետք է բացառվեն»։
Լուսինե Հակոբյանն ասաց՝ խնդրահարույց են դիտարկում Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացը․ «Այդ կապակցությամբ վերահաստատում ենք քաղաքացիական հասարակության կոչը՝ այդ գործընթացները կազմակերպել հնարավորինս մրցութային եղանակով, որը թույլ կտա ավելի մեծացնել ոչ դատավոր անդամների անկախությունը։ Նաև խնդրահարույց ենք դիտարկում դատավորների բարեվարքության ստուգման համակարգի ներդրումից հետո շատ դեպքերում ԲԴԽ-ի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքները որոշ թեկնածուների հարցում հաշվի չառնելու մոտեցումը և խնդրահարույց ենք դիտարկում նաև դատավորների նկատմամբ կարգապահական գործընթացներում տեղ գտած որոշակի էլի ընտրովի արդարադատության երևույթները»։
Լուսինե Հակոբյանն առաջընթաց համարեց կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության գոյությունը և նշեց․ «Հակակոռուպցիոն ոլորտի պայքարը դեռ չենք կարող լիարժեքորեն դրական գնահատել՝ հաշվի առնելով այդտեղ ևս շահերի բախման կարգավորումների, հակակոռուպցիոն կրթության հետ կապված հարցերի թերի կարգավորումները։ Կրթության համակարգի խնդիրներին ենք զեկույցում անդրադարձել։ Բարեվարքության լուրջ պակասի արդյունքում կրթության համակարգի չկայացման խնդիրներին և վիզայի ազատականացման ու դյուրացման խնդիրներին։ Դրանք ևս շատ կարևոր ենք դիտարկում։ Այդ բաժինը որոշակի գնահատականներ է պարունակում միջազգային գործընկերների կողմից վիզաների դյուրացման մասով ոչ այնքան դրական փորձառության, որ ՀՀ քաղաքացիներն ունեցել են։ Հորդորում ենք ջանքեր գործադրել այդ գործընթացն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար»։
Կարդացեք նաև
Ըստ Լուսինե Հակոբյանի՝ առ այսօր կարծես կառավարության և քաղհասարակության միջև տարբերություն կա այն հարցում, թե ինչ է CEPA-ն․ «Մինչ այսօր իմ տպավորությունն այն է եղել, որ կառավարությունը դա պատկերացնում է այն երկու ճանապարհային քարտեզները, որոնք ընդունել է 2019, 2021 թվականներին, մինչդեռ CEPA-ի կատարման մշտադիտարկումը մենք մի քիչ ավելի լայն ենք հասկանում։ Միգուցե մենք կարիք ունենք ավելի լավ երկխոսելու և մեր մոտեցումները համաձայնեցնելու, որ մեր աշխատանքն արդյունավետ կարողանանք առաջ տանել, որպեսզի այն, ինչ անում ենք, իրականում ձեզ օգնի։ Պլատֆորմի մասով վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ չնայած մեր՝ քաղհասարակության ՀԿ սեկտորի մասով նոր ընտրություններ են սպասվում, և ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս ՀԿ հատվածից կլինեն նոր անդամներ, և ես չեմ լինի համանախագահ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ