Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Պողոսյան․ «Երեւանին նայել մի քաղաքի, որը քայքայում է ամբողջ Հայաստանը»

Փետրվար 22,2024 18:45

«Ես առաջարկում եմ Երեւանին նայել ոչ թե որպես մի առանձին քաղաք, փողոց-փողոց, այլ նայել որպես ամբողջ Հայաստանի ամենամեծ քաղաք, նայել մի քաղաքի, որը քայքայում է ամբողջ Հայաստանը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության հրավիրած  Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ քննարկմանն ասաց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։

Երեւանը քայքայում է ամբողջ Հայաստանը, որովհետեւ, ինչպես ճարտարապետն ասաց,  արվարձանները դատարկվում են, մարդիկ գալիս են Երեւանում բնակվելու․«Իսկ  դատարկ տարածությունները սովորություն ունեն լցվելու ինչ-որ բանով։ Ադրբեջանն  ու Նախիջեւանը սպասում են այն օրին, երբ Սյունիքը լրիվ կդատարկվի, ու իրենք ոտքով հանգիստ այս ու այն կողմից կգան։ Այդ բանը մենք արեցինք սովետական տարիներին՝ առանց հեռուն նայելու։ Միայն մտածում էինք այն մասին, թե  ոնց կլինի, որ Հայաստանը չունենա մյուս մայրաքաղաքների նման մեծ մայրաքաղաք»։

Պողոսյանն ասաց, որ պետք է նաեւ Հայաստանի տարաբնակեցման նախագիծը, որը ստեղծվել է մեր հանրապետության անկախության առաջին տարիներին․«Բայց հետո դա   դրվեց դարակներում , ու այնպես են պահում, ոչ ոք չի կարող գտնել։ Այդ փաստաթղթով  նախագծվել էր ամբողջ Հայաստանը, բոլոր գյուղերի ու քաղաքների զարգացումը, մեծացումը կամ փոքրացումը, ճանապարհային ցանցը, արդյունաբերությունը եւ այլն։ Այդ նախագծում արծարծված էին Երեւանի հարցերը, թե որքան պիտի զարգանա։

Դժբախտաբար, որքան հիշում եմ, էլի միլիոնանոց քաղաք էր, բայց նաեւ Գյումրիի, Վանաձորի եւ մյուս քաղաքների զարգացումն էլ կար։ Պետք է գլխավոր հատակագիծն անելուց առաջ տարաբնակեցման նախագիծը վերանայել, որոշել՝ ինչ ենք ուզում լինի Երեւանը, որքան մարդ կարող է այստեղ ապրի, կամ որքան ենք ուզում ապրի  եւ որքան մարդ ենք ուզում, որ ապրեն մյուս քաղաքներում, հետո  նոր արվի գլխավոր հատակագիծը, ու հետո անցնել զոնինգ (գոտիավորում) պլաններին, հետո՝ կառուցապատման նախագծերին»։

Այս նախագծերը պետք է դառնան օրենք, որպեսզի, ինչպես ճարտարապետն ասաց, դրա շեղման  դեպքում խախտողները պատժվեն։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829