Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնության մեջ այդպիսի բան չի լինում». Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդը Սդղի լիճ միջկառավարական ամառանոցը իբր գնել է, հետո նվիրել Լիսկային փոխկապակցված անձին

Փետրվար 22,2024 18:09

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստն էր:

Այս գործով անցնում են Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց հետ փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը եւ Նորայր Մնացականյանը:

Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից եւ Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երեւանի Այասի փողոց 10/1 հասցեի գույքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ միջին շուկայական արժեքով: Պահանջվում է նաեւ բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 32/11 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 մլն 320 հազար դրամ։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող եւս մի գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 մլն 422 հազար 500 դրամ:

Դատախազությունը ապօրինի է համարում եւ պահանջում է բռնագանձել նաեւ «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը: Մեկ այլ օտարերկրյա ընկերությունում Խաչատրյանները կատարել են 10 մլրդ 250 մլն դրամի չափով ներդրում, որը նույնպես ապօրինի միջոց են համարում:

Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից հօգուտ ՀՀ-ի պահանջվում է բռնագանձել Գորիս քաղաքում գտնվող 77 միլիոն 367 հազար 500 դրամ շուկայական արեքով գույքը: Տրդատ Խաչատրյանից պահանջվում է բռնագանձել Երեւանի Ուլնեցու փողոց թիվ 32/23 հասցեով գույքը՝ 130 մլն 910 հազար դրամ արժեքով։ Ինչպես նաեւ Տրդատ Խաչատրյանից ուզում են բռնագանձել «Լեռ-էքս խումբ» ընկերության 100 % բաժնեմասը:

Վարդան Բարսեղյանից հօգուտ ՀՀ-ի դատախազությունը պահանջում է բռնագանձել Lexus մակնիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենան կամ գումարը. միջին շուկայական արժեքը՝ 24 միլիոն 750 հազար դրամ:

Վարդան Բարսեղյանի անունով է գրանցված եղել նաեւ Toyota Camry մակնիշի 2012 թվականի արտադրության ավտոմեքենան: Դատախազությունը դա եւս պահանջում է բռնագանձել, ինչպես նաեւ նրա 100 տոկոս բաժնեմասերը ընկերություններում:

Մանվել Մալինցյանից պահանջվում է բռնագանձել Porsche մակնիշի 2012 թվականի արտադրության ավտոմեքենան, միջին շուկայական արժեքը՝ 15 միլիոն 180 հազար դրամ:

Ըստ դատախազության ուսումնասիրության, Սուրիկ Խաչատրյանը մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց որպես փոխառություն՝ գումար է տվել, ու ըստ իրենց, տվել է ապօրինի գումարների հաշվին, ուստի այդ փոխառության պահանջի իրավունքը նույնպես ենթակա է բռնագանձման՝ հօգուտ Հայաստանի: Ընդ որում, դրանք փոքր գումարներ չեն. Աշոտ Մինասյանին պարտքով է տվել 40 մլն դրամ, Հրայր Առաքելյանին՝ 40 մլն դրամ, Առուշ Առուշանյանին՝ 3 մլն 350 հազար դրամ, Էրիկ Համբարձումյանին՝ 56 մլն դրամ, Հայկազ Բաղմանյանին՝ 10 մլն դրամ, Հովիկ Աբրահամյանին՝ 40 մլն դրամ, Սպարտակ Սիմոնյանին՝ 7 մլն 297 հազար 788 դրամ, Գարեգին Լազարյանին՝ 1 մլն դրամ:

Այսքանով փոխառուների ցանկը չի ավարտվում: Ըստ դատախազության, Սուրիկ Խաչատրյանը որպես փոխառություն գումար է տվել նաեւ «Լեռ էքս» ՍՊԸ-ին՝ 12 մլն 260 հազար դրամ, «Լեռ էքս խումբ» ՍՊԸ-ին՝ 2 մլն 10 հազար դրամի չափով, «Սիսիանի ճանշին» ընկերությանը 15 մլն դրամ, «Քարաշեն ցեմենտ» ընկերությանը՝ 2 մլն դրամ, «Սյունիք-Զանգեզուր» ընկերությանը՝ 3 մլն դրամ, «Գեղի Գօլդ» ընկերությանը՝ 1 մլրդ 672 մլն 203 հազար 783 դրամ:

Այսօր դատական նիստում Դատախազության ներկայացուցիչ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը պատասխանեց հայցադիմումի հետ կապված հարցերին:

Նա, պատասխանելով Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանի հարցին, ասաց, որ Վարդան Բարսեղյանը ամբողջ կյանքում եղել է պահակ ու չէր կարող ունենալ բավականաչափ միջոցներ՝ «Lexus», «Toyota» գնելու համար:

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը հարցրեց՝ միջնորդության մեջ խոսվում է 2007-ին կատարված ծախսերի մասին: 2007-ին նվազագույն սպառողական զամբյուղը կազմել 557 հազար 763 դրամ, կոմունալ ծառայությունների գծով ծախսը 1 մլն 458 հազար դրամ եւ 7 մլն 536 հազար դրամ հաշվարկվել է բանկային հաշիվներով կատարված գործարքներից: Իրավասու մարմինը հաշվարկել է, որ 7 մլն 989 հազար դրամ ծախսը կատարվել է օրինական եկամուտներով չհիմնավորվող միջոցներով: Նա հետաքրքրվեց՝ նախնական հայցադիմումում ինչո՞ւ այս հաշվարկը ներկայացված չէ ու այս շուրջ 8 մլն-ի բռնագանձման պահանջը ինչու է ներկայացվել 2023-ի հոկտեմբերի 24-ի միջնորդությամբ, ի՞նչն է հիմք հանդիսացել, որ նման վերահաշվարկ անեն:

Դատախազ Քոչարյանը պատասխանեց. «Որեւէ թվաբանություն չի փոխվել, դա արվել է՝ հաշվարկը հստակեցնելու համար: Նշել ենք, թե որքան ծախսն է դիտվել օրինական, որքանը չի հիմնավորվել, ապօրինի է»:

Մարգարիտա Ղազարյանը հարցրեց՝ նախորդ դատական նիստին խոսել են Սուրիկ Խաչատրյանի նախկին օգնական Զարզանդ Նիկողոսյանի մասին, դատախազն ասել է, որ Զարզանդի բոլոր ծախսերը չի, որ վեր են հանվել, ուսումնասիրել են այնքանով, որքանով դրանք առնչվել են Սուրիկ Խաչատրյանին, ուստի հորդորեց հստակեցնել, ինչպե՞ս են համարել, որ նրա՝ «Սդղի լիճ» միջկառավարական ամառանոցների ձեռք բերման շահառու է Սուրիկ Խաչատրյանը:

Դատախազը պատասխանեց. «Ես կպատասխանեմ առավել հստակ, քան ակնկալում եք՝ Զարզանդ Նիկողոսյանի եկամուտները առհասարակ հաշվի չեն առնվել այս ուսումնասիրության շրջանակներում: Զարզանդ Նիկողոսյանի եկամուտները դիտարկվել են ուսումնասիրության շրջանակներում՝ զուտ պատկերացում կազմելու համար, թե նա ինչ կարգի եկամուտներ է ունեցել: Երբ մենք ուսումնասիրության սկզբնական փուլում կցկտուր տվյալներ ենք ստացել, շրջանակը լայն ենք վերցնում, որ հասկանանք փոխադարձ կապվածությունը եւ այլն: Ստացված տվյալները բոլորը չեն, որ օգտագործվում են հայցադիմումի համար: Մեր կողմից տրամադրված ֆայլում այդ տվյալներից որոշները կան՝ զուտ ի ցույց դնելու, որ Զարզանդ Նիկողոսյանի եկամուտները բավարար չէին կարող լինել՝ այդ գույքը ձեռք բերելու համար: Սակայն դա հանգամանքներից մեկն է ընդամենը, որ գույքի իրական շահառուն դիտարկվել է Սուրիկ Խաչատրյանը: Նույնիսկ եթե Զարզանդ Նիկողոսյանն ունենար բավարար միջոցներ՝ այդ գույքը ձեռք բերելու համար, միեւնույն է, «Սդղի լիճ» պանսիոնատի իրական շահառուն դիտվելու էր Սուրիկ Խաչատրյանը: Ինչո՞ւ, որովհետեւ Զարզանդ Նիկողոսյանը, եթե նույնիսկ ունենար բավարար միջոցներ՝ այդ գույքը ձեռք բերելու համար, մենք ողջամիտ չենք համարում, որ սեփական միջոցներով պետք է ձեռք բերվեր պանսիոնատ, ներդրվեր ընկերության կապիտալում, հետո նվեր տրվեր Սուրիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված այլ անձանց: Բնության մեջ այդպիսի բան չի լինում: Սեփական միջոցներով ձեռք բերելուց հետո չեն տալիս նվեր իր ղեկավարի հետ փոխկապակցված այլ անձանց: Այսինքն, հաստատում եմ, որ Զարզանդ Նիկողոսյանի եկամուտները ամբողջությամբ չեն ուսումնասիրվել: Դրա անհրաժեշտությունը չենք գտել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829