ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ դեռ ադրբեջանցիների հետ հանդիպման ամսաթվեր չկան։
Հարցին՝ սահմանազատման հանձնաժողովի նիստերին կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցում, ի՞նչ քարտեզների, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Սահմանազատման գործընթացը բարդ է, որովհետև նախ քարտեզ ասելով` մենք պետք է հասկանանք, որ խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, քանի որ շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ քարտեզները, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու տրամաբանություն ունեն։ Իրականության մեջ սահմանազատման գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ, այլ նախևառաջ իրավական հիմքի և հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը, ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ունեցել է ԽՍՀՄ-ում ընդհանրապես քարտեզ կազմելու կամ քարտեզ տպագրելու։ Այս բոլոր նրբությունները շատ կարևոր են և պետք է հասցեագրվեն մեր աշխատանքներում»։
Մհեր Գրիգորյանն ասաց՝ իրավական հենքի հետ կապված արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան՝ մասնավորապես Պրահայի և Սոչիի, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրի վրա և դա նշանակում է, որ մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի՝ 1991-ի դեկտեմբերի դրությամբ սահմանագիծը վերարտադրելու գործընթացի հետ։
Հարցին՝ Բաքուն ինչո՞ւ է փորձում հետ կանգնել Սոչիի և Պրահայի պայմանավորվածություններից նաև հանձնաժողովի հարթակում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Հանձնաժողովն այն շրջանակը չէ, որտեղ այդ բնույթի քաղաքական դրսևորումներ տեղի ունենան․ դա շատ ավելի աշխատանքային հարթակ է»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ երեկ ՌԴ-ից ազատ արձակվեց և Բաքու գնաց ՀՀ-ի կողմից հետախուզման ենթարկված անձը, որը ՌԴ-ում դաժանաբար գլխատել էր հադրութցի ծերունուն, Բաքվում նրան այնպես դիմավորեցին, ինչպես 20 տարի առաջ Սաֆարովին և հարցին՝ ի՞նչ հետևանքներ պիտի ունենա դա, ո՞րն է լինելու ՀՀ-ի պաշտոնական արձագանքը, փոխվարչապետը պատասխանեց․ «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, քանի որ հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում կլինի՝ մեր իրավապահ մարմինների գործընկերների հետ այդ թվում։ Եկեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանքը, նաև կխոսենք հետևությունների մասին»։
Հիշեցմանը՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուսները ոչինչ չեն արել Ներքին Հանդում կրակոցները կանխելու համար և ավելին՝ խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ և հարցին՝ ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացվել են, որոնց մասին հիմա ձեզ հետ խոսել չեմ կարող»։
Մհեր Գրիգորյանն ասաց՝ հանձնաժողովի շրջանակում համատեղ հաստատված աշխատակարգ կա․ «Արդյունավետ եմ գնահատում այդ աշխատանքի ձևը։ Շատ զգայուն հարց ենք քննարկում միասին՝ սահմանազատման հարցը։ Ընդհանրապես ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է, որ հարթակը հնարավորություն ունենա օբյեկտիվ և կառուցողական աշխատանքի։ Պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը։ Հակառակ դեպքում, եթե ամեն կողմը վերադառնա ու սկսի մեկնաբանել կամ հանրությունը քննարկի հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, հետագայում դա արդյունավետ չի լինի։ Արդյունավետ եմ համարում միասնական հրապարակում ունենալը»։
Դիտարկմանը՝ այս իշխանության նկատմամբ վստահություն չկա, և երբ գաղտնի եք ամեն ինչ անում, հանրությունը մտածում է՝ հիմա էլի մի բան նորից կհանձնվի, Մհեր Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Դիլետանտական է մոտեցումն առ այն, որ մենք կարող է գնանք, հանձնաժողովում հանդիպենք և ինչ որ բան իրար հանձնենք։ Դա նաիվ է շատ և առնվազն դիլետանտական։ Ես կարծում եմ՝ մենք որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական և օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել, և ասել, որ գնացել ու թաքուն ենք պահել, ուղղակի անիմաստ խոսակցություն է։ Իսկ սահմանափակվելը մամուլի հաղորդագրությամբ երկու կողմերից ճիշտ է, որ հենց այդպիսի դիլետանտական շահարկումներ չլինեն և հարթակի շուրջ մթնոլորտը չփչանա»։
Լրագրողները նկատեցին՝ Դուք ընկալվում եք որպես ռուսամետ գործիչ և հարցին՝ իսկապե՞ս Դուք նման հայացքներ ունեք, Մհեր Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Իսկ դա ի՞նչ է նշանակում»։ Լրագրողներն ի պատասխան ասացին՝ խոչընդոտում եք արևմտյան ներդրումները, Մհեր Գրիգորյանն ասաց․ «Ուղղակի լուրջ չեն այդ խոսակցությունները։ Ո՞նց են խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել ձեր կարծիքով՝ ո՞նց կարող եմ ես դա անել»։
Մյուս հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ այս մասով խնդիրներ չեն եղե՞լ, Մհեր Գրիգորյանը ճեպազրույցի վերջում հարցով պատասխանեց հարցին․ «Որտեղի՞ց պետք է լինեին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ