Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանին մեղսագրված մեղադրանքի հարցով ՍԴ դիմած դատավորի գործով առանցքային վկան խուսափում է դատարանում հարցաքննությունից․նրան բերման ենթարկելու որոշում կայացվեց. «Փաստինֆո»

Փետրվար 22,2024 17:30

«Փաստինֆո». Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առանցքային վկան՝ Սերգո Փանոսյանը, որի գործով իբրև պաշտոնեական կեղծիք է կատարվել, խուսափում է դատարանում հարցաքննությունից։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Դավիթ Գրիգորյանի և փաստաբան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը։

Գործը հիմնական դատալսումների փուլում է։ Այսօրվա նիստում նախատեսված էր Սերգո Փանոսյանի հարցաքննությունը, որն ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս նիստին չի ներկայացել։ Ընդ որում, նախորդ նիստի ընթացքում դատարանը որոշում էր կայացրել՝ Փանոսյանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և նրան դատարան ներկայացնելու համար բերման ենթարկելու մասին, բայց այն փաստացի չէր կատարվել։ Այսօրվա նիստում դատարանը ևս որոշեց Փանոսյանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառել։

Դատարանում շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այժմ գործը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում է։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են եղել, օրենսդրական փոփոխություններից հետո դատավորը ներառվել է ռեզերվում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, որը մեղադրվում է իբրև օժանդակության մեջ։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829