Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մրցավայրից վերադառնալով` լրատվամիջոցներին ասաց. «Բրոնզե մեդալից, իհարկե, գոհ եմ, որովհետեւ այս տարիքում ու երկու բալիկից հետո իմ վերադառնալը մեծ սպորտ, արդեն հերոսություն է: Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել իմ խոստումը՝բարձրացնել հայոց դրոշը: Կապ չունի, թե ինչ գույնի մեդալ է եղել: Դա ինձ համար հերոսություն էր:
Մարզական կարիերաս ավարտելու մասին պաշտոնապես հայտարարելուն, հիմա չեմ կարող անել: Մարզչական խորհրդով կորոշենք: Օլիմպիական խաղերին մեր աղջիկների թիմը չի մասնակցելու, իսկ դեկտեմբեր ամսին աշխարհի առաջնությունն է: Ես բավականին լուրջ վնասվածքներ ունեմ: Առաջին հերթին դրանք պետք է բուժեմ: Դրանից հետո եթե զգամ, որ աշխարհի առաջնությունում կարող եմ մեդալի հավակնել, կգնամ, իսկ եթե ոչ, արդեն մարզիչները կասեն, թե ինչ անեմ:
Երբ Սոֆիայում մարզակոշիկներս թողեցի մրցահարթակի անկյունում, կարծում էի, թե մեդալ չունեմ: Մարզիչ Արտաշես Ներսիսյանը չէր հասցրել ասել, որ բրոնզե մեդալակիր եմ ու մարզակոշիկներս պետք չէ, որ հանեմ: Սիրտս թողել եմ հարթակում: Այդ լեզուս է ասում, թե ուզում եմ ավարտել մարզական կարիերաս: Բայց տեսնենք, թե ինչպես կլինի: Տա Աստված, որ ամեն բան լավ դասավորվի»:

Hundreds of fans welcome our national team returning from the European Weightlifting Championship at Zvartnots international airport of Armenia
Իր նախկին թիմակից ծանրորդներին դիմավորելու «Զվարթնոց» օդանավակայան գնացել էր նաեւ օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մեդալակիր, գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը, որը ներկայումս հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո ու Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք չունի: Գնահատելով Վարազդատ Լալայանի մրցելույթները Սոֆիայում, նա ասաց. «Եվրոպայի այս առաջնությունում մրցակցության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Վարազդատ Լալայանի առավելությունը բացահայտ էր: Իսկ սա Լաշա Տալախաձեի նկատմամբ հաղթանակ համարել չի կարելի, քանի որ առանց մասնակցության հաղթանակ չկա: Մեր առաջնային նպատակն է, որ օլիմպիական խաղերում այս նույն արդյունքը կրկնվի: Ու ամենաառջնայինը՝ Լաշայի մասնակցությամբ»:
Կարդացեք նաև
Գոռը ասաց, որ կարոտել է Եվրոպայի առաջնությանը: Իսկ պատասխանելով հարցին, թե Փարիզում իրեն կամ Վարազդատին կհաջողվի՞ հաղթել Տալախաձեին, գյումրեցի հսկան պատասխանեց. «Հիմա ամեն ինչ գնում է դրան: Մեր բարձրացրած կիլոգրամներն ավելանում են, իսկ Լաշայինը, ինչպես տեսնում եք, իջնում են: Բայց մեզ պետք չի, որ առանց նրա մասնակցության մենք հաղթենք: Մեզ պետք է, որ մասնակցություն լինի եւ արդար պայքարում մենք Հայաստանի դրոշը բարձրացնենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ