Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա»․ Վահան Կոստանյան

Փետրվար 22,2024 17:09

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձավ Բաքվի հետ բանակցային գործընթացին։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հայկական կողմի՝ հունվարի 4-ի պատասխանից հետո ստացել են խաղաղության փաստաթղթի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական տարբերակը։ Հարցին, թե երեք սկզբունքային հարցերի, այն է՝ քարտեզների, ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվե՞լ է, կառուցողական մոտեցում կա՞, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռեւս չկա համաձայնություն նշված հարցերի վերաբերյալ։ Հույս ունենք, որ նախարարների հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն։ Այս պահին երկու կողմերի միջեւ համաձայնություն դեռեւս գրանցված չէ»։

Նա նշեց, որ Մյունխենում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպում տեղի չի ունեցել։ «Այս պահին ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջեւ՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Այս պահին ընթանում են քննարկումներ հանդիման ժամկետների եւ վայրի մասին, երբ կլինի վերջնական պայմանավորվածություն, տեղյակ կպահենք հանրությանը»,- ասաց նա։

Կոստանյանն ասաց, որ հայկական կողմը վերահաստատում է եւ շահագրգռված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ «Փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել, բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից ու քննարկումներից ի վերջո անցնել ավելի պրակտիկ գործողությունների։ Եվ այն պայմանավորվածությունները, որոնք վերջին երկու-երեք տարիների ընթացքում ձեռք են բերվել, մասնավորապես, երեք սկզբունքների շուրջ, ի վերջո փաստաթղթային արձանագրում ստանան»,- հավելեց նա։

Մյունխենում կայացած հանդիպումից հետո հայտարարվել էր, որ եթե պայմանավորվածությունները պահվեն, ապա հնարավոր է խուսափել հետագա էսկալացիաներից։ Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց․ «Ամենակարեւոր պայմանավորվածությունը, որն այս տարիների ընթացքում մի քանի անգամ ձեռք է բերվել, բայց ցավալիորեն մենք խախտումներ ենք տեսել, դա ուժի կիրառման բացառումն է, որը ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկն է»։

«Մենք արձանագրել ենք երեք սկզբունքները եւ հենց երեք սկզբունքների շուրջ էլ փորձելու ենք հասնել հարաբերությունների կարգավորման, որպեսզի դրանք տեղ գտնեն համապատասխան համաձայնագրում։ Հայկական կողմի համար շարունակում է սկզբունքային մնալ 1991 թվականի սահմանագծի արձանագրումը, որը նախատեսված է հենց Ալմա-Աթայի հռչակագրով»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829