Ընդհանուր հաշվարկով Եվրոպայի թիմային հաղթողի կոչումը նվաճած ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Երեւան:
«Զվարթնոց» օդանավակայանում հավաքված հարյուրավոր մարզասերները ջերմ ծափահարություններով են դիմավորել հաղթողներին:
Նորընծա չեմպիոնները հենց օդանավակայանում ճեպազրույց ունեցան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Վարազդատ Լալայան. «Շատ ուրախ եմ մեդալի եւ շնորհակալ՝ շնորհավորանքների համար: Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունը ինձ ինչ մոտիվացիա կտար: Ինչի պատրաստ էի, ինչ կարող էի, արեցի, թեեւ իմ ցույց տված արդյունքները ունեցածս հնարավորությունների առավելագույնը չէին, որովհետեւ պատրաստվելու ժամանակը քիչ էր բոլորիս համար էլ: Հիմա փուլ առ փուլ գնալու ենք դեպի օլիմպիական խաղեր:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հաղթելու համար իմ, Գոռ Մինասյանի եւ Լաշա Տալախաձեի պայքարին, ոչինչ խոստանալ չեմ կարող: Հարկավոր է քրտնաջան մարզվել, ինչը ես անում եմ»:
Ալեքսանդրա Գրիգորյան. «Շնորհավորանքների համար շնորհակալ եմ բոլորին: Պոկում վարժությունից հետո մեդալի հույս կար, բայց երկամարտում չեմպիոն դառնալու հույս այնքան էլ չունեի: Սակայն կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել: Շատ ուրախ եմ, որ հայ ազգի դրոշը բարձրացրի: 2024 թվականի օլիմպիական խաղերին չենք մասնակցելու, բայց անելու ենք ամեն բան, որ 2028 թվականին մեր բոլորի հույսերը արդարացնենք»:
Գոռ Սահակյան. «Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակ է եղել եւ այդքանով էինք հասցրել պատրաստվել: Ընդամենը երկու հավաք էինք անցկացրել: Դա շատ քիչ է մրցմանը 100 տոկոս պատրաստ լինելու համար: Արել եմ այդ պահին իմ առավելագույն կիլոգրամները, սակայն ես ավելին եմ կատարել: Փառք Աստծո, որ այդ կիլոգրամներով կարողացա դառնալ Եվրոպայի չեմպիոն: Այս օլիմպիական խաղերը բաց կթողնեմ, քանի որ չեմ հասցնի քաշային կարգս փոխել եւ կիլոգրամներ բարելավել: Այնպես որ, չեմ շտապում: Ամեն ինչ դեռ առջեւում է»:
Հակոբ Մկրտչյան. «Շատ եմ ափսոսում, որ իմ քաշային կարգը օլիմպիական չէ, որովհետեւ բոլոր մարզիկների երազանքը օլիմպիական խաղերին մասնակցելն է: Բայց ինչ արած, այսպես է դասավորվել: Իհարկե, հաճելի էր, երբ երկու հայ ծանրորդներով կանգնեցինք պատվո պատվանդանի ամենաբարձր հարթակներին: Այս տարվա գլխավոր պլանը դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը պատրաստվելն է:
Քաշային կարգ փոխելու մասին դեռ չեմ մտածում, որովհետեւ ինձ թվում է, որ Փարիզից հետո քաշային կարգերը նորից կփոխվեն: Այնպես որ, շտապելու իմաստ չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ