Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանը ներողություն խնդրեց իր զոհի ընտանիքից, ասաց, որ զղջում է

Փետրվար 22,2024 16:42

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։  Բաց ռեժիմում գտնվող ցմահ ազատազրկվածի շահերի պաշտպանը նրա կինն է՝ Զարուհի Մեժլումյանը: 1996-ին դաժանորեն սպանված ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի հարազատները, սակայն կարծում են, որ Մհեր Ենոքյանը չի կարող լինել ազատության մեջ, քանի որ չէր կարող փոխվել:

«1996-2005-2006 թվականները, շուրջ տասը տարի, կարծես թե գտնվել եմ գերու վիճակում եւ նույնիսկ ընտանիքիս հետ հնարավոր չի եղել տեսակցություններ ունենալ… Սա շեշտում եմ նրա համար, որպեսզի դատարանի մոտ հստակ ձեւակերպվի այն պատկերացումը, թե ինչի միջով եմ ես անցել… Եվ վերասոցիալականացման գործընթացը գնահատելիս պետք է հասկանանք, որ պետությունն առհասարակ նման գործառույթ չի իրականացնում»,-դատարանի դահլիճում ասաց Մհեր Ենոքյանը:

Հավելեց, որ եթե մինչեւ 2006թ. խնդրեր որեւէ աշխատանք, միջոցառում անել, լավագույն դեպքում հոգեբույժին կկանչեին, որ ներարկում անի, կամ կծեծեին խցում: Նրա ձեւակերպմամբ, ցմահ բանտարկյալները երկու տասնամյակ շարունակ եղել են նացիստական ճամբարներից ավելի վատ վիճակում, իրենց տարին մեկ անգամ են բաղնիք տարել:

Իր մասին խոսելիս էլ՝ նշեց, որ չկա որեւէ ցմահ ազատազրկված, որ մեկուսարանի տարբեր պետերի կողմից 4 անգամ խրախուսված լինի, կամ որպես լրագրող միջազգային մրցույթների մասնակցի ու մրցանակներ ստանա:

Նա ասաց, որ 28 տարի պատիժը կրելով հանդերձ՝ հրապարակային ներողություն է խնդրում Աղաջանովների ընտանիքից եւ պատրաստ է միշտ այդ ներողությունը խնդրել. «Ես զղջում եմ ոչ միայն նրա համար, որ Իոսիֆը, իմ դասընկերը չկա, այլեւ զղջում եմ պատճառահետեւանքային կապի մեջ իմ գործողությունների համար, իմ անգործության համար․․․ Զղջում եմ իմ կնոջը, ծնողներիս ցավ ու տառապանք պատճառելու համար»: Սակայն դարձյալ պնդեց, որ ինքը սպանություն չի կատարել․ «Սա անփոփոխ հանգամանք է իմ դիրքորոշման մեջ»։

Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Այժմ Մհեր Ենոքյանը պնդեց, որ մեղքն ընդունելը կհակասի «իր կրոնական համոզմունքներին։ Ես քրիստոնյա եմ՝ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ։ Դա կհակասի բարոյական նորմերին, երբ անձին պարտադրեն ընդունել այն, ինչ նա չի արել»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gohar says:

    Բացառել նրան ազատություն տալը։ Թող իրեն չներկայացվի որպես զոհի սինդրոմ։

  2. Gohar says:

    Նա չպետք է վայելի ազատության քաղցրությունը, երբ իր Ընկերոջ մարմինը հող է դառնում ։ Գենետիկորեն նա պոտենցիալ մարդասպան է ծնվել ։

  3. Նաիռա says:

    Գենետիկ անալիզ եք արել փաստորեն մարդասպանի գենետիկ անալիզ կա՞․․․․․ աբսուրդի եք հասցնում ատելությունը։ Բանակում դիտավրոյալ սպանություն արած ոչ մեկը ցմահ չի դատապարտվել, Ենոքյանի դեմ լավ կազմակերված լոբբի կա, որը պետությանը տանում է վրեժխնդրության, փոխանակ արդարադատություն իրականացնելու․․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829