Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Տիկին Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ջերմությամբ է հիշում տիկին քաղաքապետի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության առաքելությամբ Հայաստան կատարած այցը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը` Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված օրակարգերի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Զրուցակիցները կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացումը, մասնավորապես, տրանսպորտի, շինարարության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տարբեր ուղղություններով Փարիզի քաղաքապետարանի հարուստ փորձը Երևանի հետ կիսելու անհրաժեշտությունը:
Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը Երևանի հետ, այդ թվում` միջազգային տարբեր հարթակների շրջանակում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ