Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի ու էլեկտրաէներգիայի գները եվրոպական երկրներում 20-30 անգամ թանկացել են, Հայաստանում ոչ էական թանկացումներ են եղել»․ Գարեգին Բաղրամյան

Փետրվար 22,2024 16:31

Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում դարձյալ առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Բաղրամյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 18-ին, եւ Ազգային ժողովը դարձյալ փակ գաղտնի քվեարկությամբ պետք է ՀԾԿՀ նախագահ ընտրի։ Այսօր Գարեգին Բաղրամյանը փակ հանդիպում է ունենում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ի՞նչ արդյունք է ապահովել նախորդ հինգ տարիների իր գործունեության ընթացքում, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց․ «Ամենամեծ մասշտաբային ծրագիրը, որն հինգ տարվա ընթացքում արել ենք, անցումն է էներգետիկ շուկայի նոր մոդելին՝ բորսայի ձեւավորումը։ Արդեն կարելի է ասել, որ նոր մոդելն ամբողջությամբ կայացած է եւ զարգանում է։ Այս տարի արդեն կունենանք 25 տոկոս չկարգավորվող գներով, այսինքն՝ ազատ շուկայական վաճառք։ Մի շարք լավարկումներ են արվել մատակարար ընկերությունների սպասարկման որակին ներկայացվող պահանջների մեջ, արդյունքային ցուցանիշներն են ֆիքսվել»։

Անդրադառնալով իր պաշտոնավարման օրոք էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների թանկացմանը՝ Բաղրամյանն ասաց․ «Եթե միջազգային շուկան նայեք եւ այն տնտեսական վիճակը, որն ամբողջ աշխարհում է տիրում, այն ժամանակ շատ ընդունված էր համադրել Հայաստանի գազի ու էլեկտրաէներգիայի գները միջազգային շուկայի գների հետ, կտեսնեք, որ եվրոպական երկրներում մինչեւ 20-30 անգամ թանկացումներ կան։ Մենք առնվազն կարողացել ենք զսպել նման թանկացումները, եւ ոչ էական թանկացումներ են եղել։ Ընդ որում, վերջին տարիներին՝ մոտ երկու տարի որեւիցե թանկացում չունենք»։ Բաղրամյանը նշեց, որ այս տարի եւս սակագների թանկացում չի նախատեսվում։

Նշենք, որն այսօր ՔՊ խմբակցության հետ հանդիպում է անցկացրել նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նրա պաշտոնավարման ժամկետը նույնպես լրանում է, եւ կառավարությունը դարձյալ առաջադրել է Գեւորգյանի թեկնածությունը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829