Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խուզարկել են Արցախի նախագահի թիկնազորի ձերբակալված անդամի բնակարանը. հայտնաբերել են նանա

Փետրվար 22,2024 15:53

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի ձերբակալված անդամի՝ Աշոտ Դանիելյանի բնակարանում այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել:

Ռոման Երիցյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Խուզարկությունը, ըստ Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանի, իրականացվել է դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ. «Ներկայացել են երեք տղամարդ, որոնցից մեկը գործով քննիչն է: Դանիելյանի կնոջը պարզաբանել են, որ պետք է իրականացնեն բնակարանի խուզարկություն: Նրանք բնակարանից դուրս են հրավիրել ընտանիքի բոլոր անդամներին եւ նրանց արգելել են ներկա գտնվելու խուզարկությանը: Դուրս են հրավիրել նաեւ բնակելի տան օրինական տիրապետողին՝ Աշոտ Դանիելյանի կնոջ հորը, եւ առանց բնակելի տան օրինական տիրապետողի՝ իրականացվել է խուզարկությունը» ,- քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց փաստաբան Երիցյանը:

Նրա խոսքով, խուզարկության եկածները, ի պատասխան Դանիելյանի աներոջ պնդումների, թե ցանկանում է, որ խուզարկությանը ներկա գտնվի փաստաբան, հայտարարել են, որ թույլ չեն տալու փաստաբանի ներկայություն. «Այն պահին, որ ժամանել եմ, խուզարկությունն արդեն ավարտված էր։ Հարցրել եմ՝ ինչու են արգելել բնակելի տան օրինական տիրապետողին ներկա գտնվել խուզարկությանը։ Այս հարցին պատասխանել են, թե նա չի հանդիսանում բնակարանի օրինական տիրապետող: Այն դեպքում, երբ վերջինիս հետ կնքված է վարձակալության օրինական պայմանագիր եւ հանդիսանում է բնակարանի օրինական տիրապետող»:

Խուզարկության ընթացքում քննությանը հետաքրքրող որեւէ բան չի հայտնաբերվել. «Ո՛չ թմրանյութ, ո՛չ թմրանյութի հետ առնչություն ունեցող իր, օրինակ՝ գլանակ, կշեռք կամ այլ բան: Թերեւս հայտնաբերված եւ քննիչի համար կասկածելի միակ բանն այս կանաչավուն զանգվածն էր, որը նույնիսկ առանց փորձաքննության, հոտառությամբ եւ անզեն աչքով պարզ է, որ չորացրած կանաչի է՝ նանա: Ուրիշ ոչ մի բան չի հայտնաբերվել ու չի առգրավվել»:

Փաստաբանը հիշեցրեց, որ Դանիելյանի անձնական խուզարկությամբ նույնպես քննությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել, այդ թվում՝ մեքենայից. «Քննիչի կողմից մեզ համար անհայտ վայրից հայտնաբերված ինչ-որ դեղնականաչավուն զանգվածն էլ, ըստ փորձաքննության տվյալների՝ քաշը կազմում է 0,44 գրամ, որը բավարար չէ, ոչ միայն անձին քրեական, այլեւ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829