Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը մշակում է նոր նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում

Փետրվար 22,2024 15:49

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները:

ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։

«Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները  ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում:

Նախագիծը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով»,-տեղեկացրին կոմիտեից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829