Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ընկերություն կարո՞ղ է նման իրավունք ստանալ՝ պետական բուհի լսարանները վերածել խայտաբղետ գովազդային սենյակների. Արփենիկ Մուրադյան

Փետրվար 22,2024 14:17

Հարգելի՛ տիկին Անդրեասյան,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ «Էփրիքոթ կապիտալ» մասնավոր ներդրումային ընկերությունն իր անվանումով և իր բրենդինգով լսարան է բացել պետական բուհում:

Հաշվի առնելով այսպիսի հստակ թիրախային գովազդի արդյունավետությունը, ամենամեծ պետական բուհերից մեկի տարածքում հազարավոր ուսանողների շրջանում սեփական ընկերությունը տարիներ շարունակ տեսանելի ու գրավիչ դարձնելու բացառիկ արտոնությունը՝ նմանատիպ գովազդի շուկայական արժեքը կարող է կազմել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ (առանձին գնահատման ենթակա է, թե կոնկրետ քանի տասնյակ):

Քանի որ այսպիսի գործարքը պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր, խնդրում եմ տեղեկացնել՝

– Ըստ պայմանագրի ինչքա՞ն գումար է ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին Էփրիքոթ Կապիտալ ընկերությունը հատկացրել տարեկան հազարից ավելի ուսանող և տարատեսակ բազմամարդ միջոցառումներ ընդունող ամենամեծ լսարաններից մեկում սեփական ընկերության անվանումը հսկա տառերով գրելու և պետությանը պատկանող բուհի ամենամեծ լսարաններից մեկը ամբողջությամբ մասնավոր ընկերության բրենդինգով կահավորելու իրավունք ստանալու համար:

– Եթե մասնավոր ընկերությունը սահմանափակվել է միայն հովանավորելով սեփական բրենդինգով ու գովազդային գրառումով լսարանի վերանորոգումը, ապա արդյոք ՀՊՏՀ-ի հետ համագործակցող յուրաքանչյուր ընկերություն կարո՞ղ է նման իրավունք ստանալ՝ պետական բուհի լսարանները վերածել խայտաբղետ գովազդային սենյակների՝ յուրաքանչյուրն իր բրենդային գույներով և անվանումներով:

– Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այդ իրավունքը տրվել կոնկրետ մասնավոր կազմակերպությանը, երբ ՀՊՏՀ-ի հետ համագործակցում են մի քանի հարյուր մասնավոր ընկերություններ:

Լսարանի վերանորոգման հովանավորումը ողջունելի կլիներ և զերծ առերևույթ կոռուպցիոն չարաշահումից, եթե պահպանվեին ՀՊՏՀ-ի բրենդային գույներն ու ձևավորումը, և դա չվերածվեր վերանորոգման չնչին գումարի դիմաց տարիներ շարունակ տասնյակ միլիոններ արժեցող բացահայտ գովազդի՝ մասնավոր ընկերության անվանման անհագ մեծությամբ գրառումներով:

Արփենիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ,
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ նախկին դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829