«Պատասխանատու ուժային մարմիններին կխնդրեի՝ շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության մտնելուց առաջ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է եւ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամ, որին նախօրեին թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են: Այս պահին էլ դեռ Աշոտ Դանիելյանը անազատության մեջ է, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
«Մեծ հարցեր է առաջացնում ձերբակալության օրինաչափությունը, երբ քսան հոգով, դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել են նախագահին սպասարկող մեքենայի մեջից: Մեծ հարցեր են առաջանում ու առաջիկայում կստանանք դրանց պատասխանները: Այս ամենը կապ ունի նրա հետ, որ այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են կափարիչ դնել դռան վրա, փակել այդ հարցը: Ինձ թվում է՝ չպետք է գնալ այդ ճանապարհով, պետք է գտնի լուծումներ արցախցիների հարցերի համար: Մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք բաց վերք, որը միշտ արյունահոսելու է»,- ասաց Սամվել Շահրամանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ