«Հայաստանում կա մի օրինաչափություն, որը, ցավոք սրտի, չի վերանում՝ կառավարող քաղաքական ուժը միշտ նվիրատվությունների տեսքով ամենամեծ գումար ստացողն է լինում»,- այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ ՏԻՄ-երում համամասնական ընտրակարգի կիրառմանը նվիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Երբ նայում ենք երկարաժամկետ, այս հարցին միշտ անդրադարձել ենք։ ՀՀԿ-ն իր ֆինանսական ռեսուսներով 2,5 անգամ գերազանցում էր ԱԺ-ում ներկայացված մնացած բոլոր կուսակցություններին։ Իհարկե, քաղաքական գնահատական չտրվեց։ Եվ մինչեւ հիմա այդ օրինաչափությունը մնում է։ ՏԻՄ-ի մակարդակով վարչական ռեսուրսների չարաշահման մեթոդ կա, երբ տեղական բյուջեում են փոփոխություն կատարում սոցիալական աջակցության ուղղությամբ։ Այս մասով էլ պետք է կարգավորումներ լինեն, թե ընտրություններից ինչքան ժամանակ առաջ չպետք է ՏԻՄ-ի բյուջեում ավագանին կատարի փոփոխություններ, որոնք կուղղվեն նախընտրական ծրագրերին»,- ասաց Սաքունցը։ Ըստ նրա՝ իրավապահ մարմինները պատասխանատվություն ունեն օրենսդրությունն աշխատացնելու առումով։ Եվ այստեղ կա խնդիր, անելիք ունի իրավապահ համակարգը։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ տխուր է, որ այսքան բարեփոխումներ անելուց հետո դեռ կան բազմաթիվ խնդիրներ։ «Նորարարական խնդիրներ կան, որոնք ստեղծվում են կուսակցությունների եւ մասնավորապես իշխանությունների կողմից։ Երբ մեր դիտորդական առաքելության արդյունքներն ամփոփում էինք, բացահայտեցինք, որ մեր առաջարկությունները Երեւանի ընտրությունների մասով ավելի շատ էին, քան նախկինում։ Դա նշանակում է, որ ստեղծվել են նոր խնդիրներ կամ բավարար լուծումներ չեն տրվել։ Արդյունքում՝ մենք իսկապես ունենում ենք հատկապես վարչական ռեսուրսի չարաշահում։ Դա ընտրությունների ընթացքում ամենաշատ աչք ծակող դրսեւորումն էր։ Այդ առումով բավական գործ կա անելու՝ եւ օրենսդրական, եւ պրակտիկայի առումով։ Վարչական ռեսուրսի չչարաշահումը բխում է մեր միջազգային պարտավորություններից։ Ընտրությունների ժամանակ մեր պրակտիկան ցույց է տալիս, որ որեւէ մեկը ոչ մի կերպ չի զսպում իրեն՝ չչարաշահել այդ ռեսուրսները։ Եվ Երեւանի ընտրությունների ժամանակ տեսանք, թե մարդկային ռեսուրսները ինչպես էին ամբողջ թափով ներգրավված քարոզարշավին՝ բոլոր վարչական շրջանների ղեկավարները, իրենց աշխատակազմերը, Երեւանի քաղաքապետի աշխատակազմից ներկայացուցիչներ, թե ինչպես էին կրթական հաստատություններն օգտագործվում։ Տեսանք, թե ինչպես Երեւան քաղաքի բյուջեն կրկնապատկվեց, բյուջեի չափ գումար հատկացվեց, որպեսզի կատարվեն բարեկարգման ու այլ աշխատանքներ»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում Երեւանում շատ ինտենսիվ կերպով բարեկարգման աշխատանքներ սկսվեցին, որպեսզի ցույց տային, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լավ է աշխատում։ Բայց, ըստ Այվազյանի, ՔՊ ու այլ կուսակցությունների օրինակը ցույց տվեց, որ ֆինանսները չկատարեցին այն դերը, ինչ ակնկալվում էր քվե ապահովելու տեսանկյունից։ Բայց վարչական ռեսուրսները չարաշահվեցին, բոլոր հնարավորություններն օգտագործվեցին։
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ վերջերս բացահայտումեր եղան, որ նախընտրական հիմնադրամին վճարներ կատարելու ժամանակ նույնպես իշխանությունը վարչական ռեսուրսը չարաշահել էր։ «Պարզվեց՝ շատ բիզնեսներ առավելագույն չափով գումար էին տվել իշխող կուսակցությանը։ Թե ինչպես նման դեպքերը կհետաքննվեն իրավապահ մարմինների կողմից, դա էլ է կրկին վարչական ռեսուրսի չարաշահման կամ չչարաշահման ապացույց լինելու։ Մեր շփումները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա գիտելիքի, իրազեկության բաց։ Շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ եթե ինչ-որ բան օրենքով հստակորեն կարգավորված չէ, ուրեմն դա չի կարելի կոչել վարչական ռեսուրսի չարաշահում։ Բայց այստեղ նաեւ պետք է ընկալումը լինի, որ անհնար է վարչական ռեսուրսն ամբողջությամբ կարգավորել, այդ հարցը մեծամասամբ իշխանությունը կրողների կամ կուսակցությունների բարեվարքությանն ու ազնվությանն է վերապահվում։ Անհնար է ամբողջությամբ օրենսդրորեն այդ հարցը կարգավորել, եւ մենք պետք է հասկանանք, թե օրենսդրության չկարգավորման պարագայում ինչպե՞ս է հնարավոր առհասարակ վերահսկել ռեսուրսի չչարաշահումը»,- ասաց Սոնա Այվազյանը։
Ըստ նրա՝ պետք է օրենսդրորեն կարգավորվի կուսակցությունների թափանցիկության հարցը՝ ընտրական գործընթացներին առնչվող կուսակցությունները պետք է ենթակա լինեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կարգավորումներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ