Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվում է:
Հիշեցնենք՝ դեռ երեկ նրա ներկայացուցիչ փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողներին հայտնել էր, որ Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության իր իսկ ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
«Ծանուցման մեջ նշված է, որ իրենք ստացել են ՀՀ դատախազին ուղղված իմ գրությունը, որի մեջ խնդրել եմ սոցիալական ցանցերում հայտնի դարձած տեղեկությունները, թե Արցախի որոշ պաշտոնյաների կողմից դրսեւորվել են խախտումներ, հիմնականում ֆինանսական, խնդրել եմ այդ հաղորդագրություններն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Իրենց կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, ինձ հրավիրել են որպես վկա հարցաքննելու: Այս պահին կոնկրետ անուններ չեմ ուզում նշել, վարույթ իրականացնող մարմինն ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը: Մեզ համար շատ կարեւոր է այդ հարցերի պատասխանները ստանալ, եթե կան մեղավորներ, պետք է պատժվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շահրամանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ