Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասված ու մերժված ծնունդներ․ մասնագիտական դիտանկյուն

Փետրվար 22,2024 14:00

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների թվաքանակը նախկինի պես շարունակում է մնալ, մեղմ ասած, մտահոգիչ։ Հիմնավորումները տարբեր են, սակայն որքանո՞վ են իրականում արդարացված։ Ի՞նչ իրողությունների հետ են գործ ունենում տարբեր ոլորտների մասնագետները, երբ բախվում են այս խնդրին։ Ներկայացվող հարցազրույցների միջոցով փորձ է արվել պարզելու այս երևույթին առնչվող մի շարք հարցեր։

 

Զղջումից մինչև բարդույթներ․ հոգեվիճակ, որը հաջորդում է հղիության ընդհատմանը

Նարինե Իսրայելյան

Հարցազրույց «Բանալի» ընտանիքի կենտրոնի հիմնադիր, հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ

-Ձեր աշխատանքի ընթացքում որչա՞փ հաճախ եք առիթ ունեցել առնչվելու հղիության ընդհատումից առաջ կամ հետո ծանր հոգեվիճակում գտնվող կանանց հետ։ Ի՞նչ քայլեր են նման դեպքերում ձեռնարկվում նրանց օգնելու ուղղությամբ։

Հղիության արհեստական ընդհատում անելու-չանելու երկընտրանքի առջև կանգնած և այդ առիթով ինձ դիմած կին այցելուներ դեռևս չեմ ունեցել, սակայն ունեցել եմ այցելուներ, ովքեր աբորտից հետո ներքին տրավմա առաջացրած խնդիրներով են դիմել՝ փորձելով ազատվել մեղադրանքի ու ինքնամեղադրանքի, հետագայում այլևս հղիանալ չկարողանալու և այլ վախերից։ Այսինքն՝ հոգեբանական առումով այդ «հետո»-ն կարող է, իրոք, խնդրահարույց դառնալ։

Ինչ վերաբերում է նախաաբորտային շրջանին, ապա, կարծում եմ, այստեղ ավելի շատ անելիք ունեն համապատասխան բժիշկները, ովքեր պարտադիր առնչվում են հղիների հետ և իրենց խորհրդատվությամբ կարող են նրանց ուղղորդել՝ չդիմելու այդ քայլին, գիտակցելու դրա ռիսկերն ու վտանգները թե՛ ֆիզիկական, թե՛ ոչ ֆիզիկական հարթությունում։ Մենք՝ հոգեբաններս, բախվում ենք առավելապես հետտրավմատիկ բարդույթի հետ, երբ քայլն արդեն արվել է, սակայն արվել է ներքին կասկածի պայմաններում։

Ի՞նչ բնութագիր ունի այդ հետտրավմատիկ բարդույթը, ինչո՞վ է արտահայտվում, և ինչպե՞ս եք փորձում լուծել խնդիրը։

-Գերիշխող զգացումը զղջումն է, որը հաճախ ուղեկցվում է նաև վախերով՝ կհաջողվի՞ հետագայում ևս մեկ երեխա ունենալ կամ առհասարակ երեխա ունենալ։ Զղջումը սկսում է «ընթանալ» ինքնամեղադրանքի ճանապարհով, այդպիսով՝ առաջանում է սթրեսային, հետտրավմատիկ հոգեվիճակ, ինչի հետևանքով անձի մեջ բույն են դնում սխալ քայլ արած լինելու վերաբերյալ մտքերը, այդ սխալը շտկելու անկարողությունը կամ անհնարինությունը, ըստ այդմ էլ՝ անձի ինքնագնահատականի անկումը։

Ցանկացած անձի քայլերի մեծամասնության դեպքում դժվարը առաջին անգամ տվյալ քայլին դիմելն է։ Այս դեպքում կարո՞ղ ենք փաստել, որ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ հղիությունն ընդհատելիս մեղքի զգացումը գոնե որոշ չափով բթանում է։

-Դա, թերևս, պայմանավորված է անձով։ Սակայն կարող եմ արձանագրել, որ ցանկացած դեպքում էլ մեզ դիմում են կասկածի առկայության, ցանկությունների բախման, որոշում կայացնելու դժվարության դեպքում՝ անե՞լ, թե՞ չանել, պե՞տք էր անել, թե՞ պետք չէր․․․ Որևէ հոգեվերլուծաբան այցելուի փոխարեն որոշում չի կայացնում և որոշում չի թելադրում, մեր գործառույթն է՝ օգնել, որ այցելուն գտնի խնդրի լուծման սեփական տարբերակը։ Մենք ապրում ենք գիտության, առողջապահության, սպասարկման և այլ ոլորտների զարգացման այնպիսի ժամանակներում, երբ ամեն ինչ թվում է դյուրին ու հասանելի, սակայն դա յուրատեսակ երկակի իրականություն է։ Այս դեպքում՝ մի կողմից լավ է, որ կնոջ առողջությունը ավելի հուսալիորեն է պաշտպանված, քան անցյալում էր, մյուս կողմից՝ նա այդ պաշտպանվածության վստահությունն ունենալով՝ կարող է ավելի հեշտությամբ կատարել քայլեր, որոնք իրականում անդառնալի են։

Առավել հաճախ ի՞նչ հիմնավորումներով են հղիությունն ընդհատած կանայք բացատրում իրենց՝ այդ քայլին դիմելը։

-Օրինակները տարբեր են։ Հիշում եմ մի դեպք, երբ ինձ դիմած ոչ երիտասարդ կինը հղիությունն ընդհատել էր այն պատճառով, որ այդ հղիությունը եղել էր պատահական կապի արդյունք, և այդ ընդհատումից հետո նա այդպես էլ չկարողացավ երեխա ունենալ։ Պատահել է, որ հղիության ընդհատումը պատճառաբանել են սոցիալական գործոնով, այսինքն՝ արդեն ունեցել են երկու, երեք երեխա, և մտավախություն է առաջացել, որ ևս մեկ երեխա ունենալու դեպքում չեն կարողանա հաղթահարել նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու հոգսը։ Եղել են դեպքեր, երբ հղիությունն ընդհատել են բժշկի ցուցումով, քանի որ պտուղը չի զարգացել կամ սխալ է զարգացել, սակայն միևնույն է՝ ներքուստ ծանր են տարել իրենց այդ քայլը։ Եվս մի օրինակ․ կինը հղիությունն ընդհատել էր սեփական առողջության համար վախից դրդված, քանի որ իր նախորդ հղիության ժամանակ ունեցել էր լուրջ խնդիրներ։

Իհարկե, ամենամեծ ափսոսանքը զգում ես այն դեպքերում, երբ տեսնում ես, որ հղիության ընդհատումն արվել է միմիայն սոցիալական պատճառներով պայմանավորված, այնինչ մեր երկրին այսօր, առավել, քան երբևէ, պետք է, որ առողջ երեխաներ ծնվեն, և այդ երեխաների թվաքանակը աննվազ մեծ լինի։ Այսօր զգալի թվով ընտանիքներ սահմանափակվում են 1-2 երեխա ունենալով, և դա լուրջ խնդիր է դարձել մեզ համար։

Իդեալական ծնողի մասին պատկերացումը և այդպիսին լինելու ձգտումը մեզանում հաճախ ասոցացվում է հենց նյութական բարօրության ապահովման հետ, ինչն էլ ծնողներից շատերին «թելադրում է» չլինել բազմազավակ, որպեսզի հասցնեն եղած 1-2 երեխային անթերի ապահովել ամեն ինչով։ Սոցիալական ազդեցիկ դեր ունեցող և կարիերային նվիրված կանայք ևս հիմնականում խուսափում են բազմազավակությունից, որպեսզի տևական ժամանակով ստիպված չլինեն տանը մնալ նորածինների հետ։

Ի՞նչ գնահատական կտաք երեխայի սեռով պայմանավորված աբորտներին, որոնք ևս մեծ թիվ են կազմում մեզանում։

-Իհարկե, երևույթը գնահատում եմ չափազանց բացասական, ինձ համար դա անընդունելի է։ Թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես կին՝ ես չեմ համարում, որ մենք պիտի նման ընտրության հարց դնենք մեր առջև․ ընտրություն, որը հակասում է բնության օրենքներին և ազգի ժողովրդագրական հեռանկարին։ Աղջիկ երեխաների ծնունդը կանխելով՝ մենք հասարակությունը զրկում ենք ապագա մայրերից, տղա երեխաների ապագա կողակիցներից, էլ չասենք մյուս գործոնների մասին։ Յուրաքանչյուր սեռ ունի իր կարևորությունն ու իր գործառույթները հասարակական կյանքում, և սա պետք է գիտակցել՝ տուրք չտալով մենթալիտետի ինչ-ինչ կարծրատիպերին տղայի առավել կարևորության և աղջկա նվազ կարևորության վերաբերյալ, այն էլ՝ մեր ժամանակներում, երբ աղջիկների ու կանանց սոցիալական ակտիվությունը չի զիջում հակառակ սեռի դերին ու ակտիվությանը։

Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է առկա պատկերը փոխել ճիշտ, նպատակաուղղված քարոզչության միջոցով։

-Կարծում եմ՝ այո, և այդ աշխատանքը պիտի սկսվի նախևառաջ բուժհաստատություններից՝ այն մասնագետներից, ովքեր առնչվում են հղիների հետ։ Եթե հղի կինն ունի երեխայի սեռով պայմանավորված աբորտ անելու մտադրություն, և այդ մասին հայտնի է դառնում բժշկին, ապա վերջինս, կարծում եմ, պետք է օգտագործի բացատրական աշխատանք իրականացնելու հնարավորությունը, որպեսզի կնոջը ետ պահի այդ քայլից։ Նույն հնարավորությունը պետք է օգտագործեն նաև հոգևորականները, ովքեր ևս ուղղակի առնչություն են ունենում զույգերի հետ։ Կամ՝ լրատվամիջոցները, որոնք նույնպես ազդեցիկ գործիք են ճիշտ քարոզչության իրականացման համար․․․ Կարճ ասած՝ ոչ միայն հոգեբանները, այլև բոլորը պետք է լծվեն այս գործին։

Եթե նկատել եք, ֆիլմերը, հեռուստասերիալները աղջիկների մեջ հաճախ հոգեբանական վախ են սերմանում մայրության ու ծննդաբերության, ցավի ու կյանքի դժվարությունների հանդեպ։ Ես չեմ ասում, թե դա արվում է միտումնավոր, սակայն կերպարների ու սյուժեի ենթատեքստում հենց դա է։ Հետևաբար՝ մենք էլ պետք է աշխատենք հակառակ ուղղությամբ, մայրությունն ու ծննդաբերությունը ներկայացնենք լուսավոր ենթատեքստում, բացատրենք, որ դժվարություններն էլ բնական են ու հաղթահարելի, չէ՞ որ նոր մարդ է լույս աշխարհ եկել։

 

 

Տղա՞, թե՞ աղջիկ․ սելեկտիվ աբորտների բարձր ցուցանիշը Հայաստանում

Հարցազրույց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Միրզոյանի հետ

 

Հղիության արհեստական ընդհատումների թվաքանակը Հայաստանում վերջին քսան տարվա կտրվածքով ինչպիսի՞ միտումներ է արձանագրել՝ ըստ Ձեր երկարամյա մասնագիտական դիտարկումների։

-Եթե համեմատություն անցկացնենք խորհրդային տարիներին արձանագրված թվաքանակի հետ, ապա, բնականաբար, այդ ցուցանիշը նվազել է։ Երբ գինեկոլոգիական տարատեսակ խնդիրներով մեզ են դիմում 60-ն անց կանայք, նրանց անամնեզում հաճախ տեսնում ենք հղիության ավելի քան երկու տասնյակ արհեստական ընդհատման վերաբերյալ տվյալներ։ Խոսքը, օրինակ, 1960-70-ականների, դրանց նախորդող և հաջորդող տասնամյակների մասին է։ Ընդ որում՝ սելեկտիվ, այսինքն՝ երեխայի սեռով պայմանավորված աբորտները մեր երկրում միշտ են բարձր ցուցանիշ ունեցել։

Վիրահատական աբորտների թվաքանակի նվազման պատճառը վիժում առաջացնող դեղամիջոցների ի հայտ գա՞լն էր, թե՞ մեկը մյուսով պայմանավորված չէ։

-Ոչ, բացատրությունն այն է, որ հասարակությունն առհասարակ և կանայք մասնավորապես դարձել են ավելի տեղեկացված ու գրագետ հղիության կանխարգելման հարցերում։ Կանայք լայնորեն կիրառում են անցանկալի հղիությունից պաշտպանվելու տարբեր միջոցներ՝ համապատասխան դեղորայքից մինչև ներարգանդային պարույրներ, խորհրդատվության համար ավելի հաճախ են դիմում մասնագետների օգնությանը, և դա նպաստում է հղիության, հետևաբար նաև՝ աբորտի, կանխմանը։

Թեպետ արդյունքը նույնն է, այդուհանդերձ, ո՞րն է ավելի նախընտրելի ու պակաս ռիսկային տարբերակ՝ վիրահատակա՞ն, թե՞ դեղորայքային աբորտը։

-Հայաստանում, ինչպես գիտեք, օրենքով թույլատրված է մինչև 12 շաբաթական հղիության դեպքում վիրահատական աբորտ կատարելը։ Դեղորայքային աբորտն, իհարկե, ավելի անվտանգ է, քան վիրահատականը, որը հաճախ բարդություններ է առաջացնում կնոջ առողջության համար։

Այդ դեպքում ինչո՞ւ վիրահատականն ընդհանրապես չի արգելվում․․․

-Որովհետև երբ հղիությունն արդեն 9-12 շաբաթական է, ինչը փոքր ժամկետ չէ, դեղորայք կիրառելն այլևս անարդյունավետ է։

Դեղորայքային տարբերակը, փաստորեն, այդ պահին և հետագայում կնոջ համար խնդիր չի ստեղծում։

-Իհարկե, կան, օրինակ, արյան, լյարդի, երակների հետ կապված հիվանդություններ, որոնց առկայության դեպքում կնոջը խորհուրդ չի տրվում կամ հակացուցվում է դեղորայքային միջոցներով ազատվել հղիությունից։ Բայց այդպիսիք փոքր տոկոս են կազմում, և մենք հղիությունն ընդհատում ենք հիմնականում դեղորայքի միջոցով։

Վիրահատական կամ դեղորայքային աբորտները կնոջ համար հետագա անպտղության ռիսկ չե՞ն պարունակում։

-Քանի որ դեղորայքայինի դեպքում չի կատարվում արգանդի խոռոչի մաքրում գործիքի միջոցով, հետագա անպտղության վտանգը գրեթե զրոյական է։ Վիրահատական աբորտի վերաբերյալ, այո՛, կա այն թյուր կարծիքը, թե դա կարող է անպտղության հանգեցնել, սակայն նման օրինակները չնչին տոկոս են կազմում, և վիրահատական ճշգրիտ ու գրագետ գործողությունների դեպքում հետագա հղիությունների համար ոչ մի խնդիր չի առաջանում։

Վերադառնանք սելեկտիվ աբորտներին, որոնց մասին հիշատակեցիք զրույցի սկզբում։ Առկա վիճակագրությունը, որքան էլ տատանվի թվերի միջև, վկայում է այն մասին, որ խախտվել է տղա և աղջիկ երեխաների ծնունդների՝ բնությամբ սահմանված թվաքանակի հավասարակշռությունը․․․

-Այո, այդպես է։ Տվյալներ կան, որ Հայաստանում ամեն տարի կատարվող գրանցված աբորտներից ավելի քան 1400-ը արվում են հենց երեխայի սեռի պատճառով։ Ոչ մեծաթիվ բնակչություն ունեցող մեր ոչ մեծ երկրի համար սա բավականին բարձր և մտահոգիչ ցուցանիշ է, առավել ևս, որ այս տարածաշրջանում էլ, ցավոք, առաջատարներից ենք այդ առումով։ Սելեկտիվ աբորտներն առավել հաճախ արվում են այն դեպքում, եթե երրորդ, չորրորդ երեխան ևս աղջիկ է։ Առաջին երեխայի՝ աղջիկ լինելու դեպքում հազվադեպ են արվում։ Երկու, երեք կամ չորս դուստր ունեցողները պարտադիր ձգտում են, որ հաջորդ երեխան տղա լինի։ Հակառակ պարագայում, եթե զույգն արդեն ունի երկու, երեք կամ չորս արու զավակ, ցավոք, նույնպիսի հետևողականությամբ չեն ձգտում, որ անպայման ծնվի նաև իգական սեռի երեխա։ Քաղաքաբնակ զույգերը, իմ դիտարկմամբ, առավել հաճախ են դիմում հղիության ընդհատման համար, քան մարզաբնակ զույգերը։ Եթե ավելի մանրամասնենք՝ քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ և կայուն, միջինից բարձր ֆինանսական եկամուտով զույգերի մասին է խոսքը։

Սելեկտիվ աբորտների դեպքում սոցիալական անապահովության գործոնը դեր չի՞ խաղում։

-Կարծում եմ՝ բոլորովին էլ ոչ առանցքային դեր, քանի որ տղա երեխաների պարագայում այդ գործոնը «հանկարծ» դադարում է վճռորոշ լինել։ Սա, ըստ իս, առավելապես մենթալիտետի, հոգեբանական կարծրատիպերի խնդիր է, որը խորապես արմատացած է մեզանում։

Գուցե արժեր արգելե՞լ ուլտրաձայնային հետազոտության միջոցով երեխայի սեռը նախապես պարզելը, համենայնդեպս՝ արգելել մինչև այն ժամկետը, քանի դեռ աբորտը դեռևս թույլատրելի է․․․

-Դեռևս 10-12 տարի առաջ այս հարցը բարձրացվել է օրենսդրական մակարդակով, այն է՝ արգելել նախածննդյան փուլում երեխայի սեռի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, քանի դեռ կա հղիությունն ընդհատելու հնարավորություն։ Այս հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել։ Բացառություն էր արվելու լոկ այն դեպքերում, եթե առկա լիներ բժշկի ցուցումն ինչ-ինչ արատների վերաբերյալ։ Սակայն հիմա հղիության վաղ փուլում երեխայի սեռը պարզում են նաև արյան միջոցով, այնպես որ՝ վերոհիշյալ կանխարգելիչ նախաձեռնությունները ևս խնդրի լուծում չեն։

Բժշկի գործառույթներում ներառվա՞ծ է հղիությունն ընդհատել ցանկացող կնոջ հետ բացատրական աշխատանքը, նրան մտափոխելու փորձը։

-Այո, ի պաշտոնե բժիշկը պարտավոր է հղի կնոջը ամբողջական տեղեկատվություն տրամադրել աբորտի բացասական հետևանքների մասին։ Երբեմն հաջողվում է այդ բացատրական աշխատանքի շնորհիվ հասնել նաև այն կետին, որ հղի կինը հրաժարվի աբորտից։ Պայմանական թվերով՝ յուրաքանչյուր 5-ից 1-ի դեպքում հաջողվում է հասնել այդ արդյունքին։ Ամեն անգամ, երբ ապագա մայրը որոշում է պահպանել պտուղը, մեծ ուրախություն ես զգում՝ գիտակցելով, որ ևս մի երեխա է լույս աշխարհ գալու։

Ո՞ր արատների դեպքում է բժիշկն ինքը խորհուրդ տալիս հղի կնոջը, որ ազատվի պտղից։

-Օրինակ՝ պտղի նյարդային համակարգի, ողնաշարի, սրտի, գլխուղեղի՝ կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների դեպքում։

Որպես կին, մայր և բժիշկ՝ ի՞նչ ուղերձ կհղեիք հայ կանանց։

-Որքան ավելի շատ երեխաներ ունենան, այնքան ավելի լավ թե՛ իրենց և թե՛ մեր երկրի համար։ Մի՛ վախեցեք և մի՛ խուսափեք նոր արարած լույս աշխարհ բերելուց՝ անկախ երեխայի սեռից։ Տղա կամ աղջիկ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ մի հրաշք է, և հրաշքի այդ զգացումը նորովի ապրում եմ ամեն անգամ, երբ ծնունդ եմ ընդունում։

Հարցազրույցները՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829