Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մյունխենում երեւաց նաեւ, որ Գերմանիան բնավ չի նվազեցրել իր հատուկ հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ. «Ազգ»

Փետրվար 22,2024 12:08

Հայ վերլուծաբաններից ոմանք Ալիեւի Մյունխեն մեկնելը պայմանավորում են Շոլցի՝ Ադրբեջանի ղեկավարի եւ Հայաստանի վարչապետի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում միջնորդական հաջողված դերակատարմամբ: Միգուցե նաեւ այդպես է, սակայն չնկատել չենք կարող, որ Գերմանիայի կանցլերը, գերազանց իմանալով, որ վերընտրված նախագահ Ալիեւը բանտերը լցրել է ընդդիմադիր հայացքների տեր քաղաքական գործիչներով, լրագրողներով, ոչ միայն չի քննադատում նրա ընտրական ֆարսը, այլ, ճիշտ է, մեկ շաբաթ ուշ, սակայն փետրվարի 15-ին շնորհավորում է եւ Մյունխեն գալու կանաչ լույս վառում: Կանցլեր Շոլցը հենց այդ գրավոր ուղերձում հայտնել էր, որ «Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին արդիականացման կուրսի և սահմանադրական կառույցների ամրապնդման ճանապարհին: Ուրախ կլինի հանդիպել Ալիեւին Մյունխենում»:

Ալիեւի Մյունխեն ժամանելու լուրը հաստատվեց նաեւ Անվտանգության համաժողովի կայքի հրապարակած ծրագրում, ըստ որի նա,շաբաթ օրը՝ փետրվարի 17-ին պիտի մասնակցեր կլիմայի հարցերով միջազգային դիվանագիտության դերակատարման մասին քննարկումներին: Ադրբեջանը 2024-ի նոյեմբերին հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ կարեւոր հանդիպումը: Մեր կարծիքով, վերընտրությամբ դիրքերն ամրապնդած, անվերջանալի ժպիտով բոլորի հետ ձեռնվող Ալիեւին Մյունխեն բերել էր հենց վերոնշյալը շեշտադրելը: Նա եւ իր երկիրն են մոլորակի բախտը որոշողները՝ կկամենան անձրեւի տեղ նավթ կթափվի երկնքից, կկամենան արեւն իսկական ոսկու տեսքով կմտնի իրենց նախընտրած դիվանագետների, ղեկավարների գրպանը…Գերիրապաշտությունից սավառնենք ռեւալպոլիտիկի ավելի տխուր աշխարհ. Մյունխենում երեւաց նաեւ, որ Գերմանիան բնավ չի նվազեցրել իր հատուկ հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ, նույնիսկ չի էլ թաքցնում, որ Արցախում էթնիկ զտումից հետո, միջազգային պարտավորություններն արհամարհող Ալիեւի հանդեպ  վստահության չափաբաժինը ճաքեր է տվել: Անցյալ տարի գրել ենք, որ Մյունխենի 59-րդ  համաժողովին նախագահ Հոյսգենը հարթակ տրամադրեց Ալիեւին, որ նա Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ ոչ միայն կեղծի պատմական փաստերը, այլեւ ցուցադրի իր հայատյացությունը: Հոյսգենն այս տարի էլ փետրվարի 18-ին առանձնազրույցի ժամանակ ջերմորեն ողջունեց Ալիեւին՝ երախտապարտ լինելով, որ նա ժամանակ է գտել ներկա լինել համաժողովին: Եթե սա կարելի է «վաճառել» որպես տարեցտարի երկակի ստանդարտներ գովազդող Մյունխենի համաժողովի նախագահի, դիվանագետ Հոյսգենի քաղաքավարական ժեստի վկայություն, իսկ փետրվարի 16-ին Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախմբի նախագահի՝  Ալիեւի հետ հանդիպումը բացատրելի համարել, ապա ինչպե՞ս որակել Բունդեսթագի պատգամավոր Արմին Լաշեթի հետ նույն օրվա հանդիպումը, կամ՝ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ ՔԴՄ- ՔՍՄ խմբակցությունը ներկայացնող Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ առանձնազրույցը:

Քրիստոնյա- դեմոկրատ Վադեֆուլի ադրբեջանասիրությունն իհարկե նորություն չէ, դրա մասին ծանուցել ենք նաեւ «Ազգի» 2019-ի մարտի 22-ի համարում: Սակայն նրա՝ հայկական կողմի հետ չհանդիպելու փաստը (հակառակի մասին չգտանք որեւէ վկայություն), դրա մասին ցուցադրական ընդգծումն արդեն համոզում է, որ խորհրդարանական Գերմանիան ոչ միայն նիստ չգումարեց Արցախի բռնագաղթից հետո, ոչ միայն չի դատապարտում ՀՀ տարածքի բռնազավթումը, չի պահանջում օկուպանտ ԶՈՒ-ի դուրսբերումը, պատժամիջոց չի կիրառել ( սթափ հայացքով՝ չի կիրառելու )Ադրբեջանի դեմ, այլեւ խախտում է (շարունակում է խախտել) նույնիսկ տարրական հավասարությունը՝ Հարավային Կովկասի երկրների հետ պառլամենտական նախորդ նախագահի՝ արդեն մահկանացուն կնքած կաշառակեր Կարին Շթրենցի տխրահռչակ, քրեածին ուղին շարունակելով: Սա ի ցույց չի՞ դնում այն փաստը, որ Գերմանիան բնավ էլ չեզոք միջնորդ չէ: Նախ՝ մինչեւ օրս անհասկանալի է, թե ինչպես ենք մոռանում, որ Գերմանիան 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւով հուշել է, թե առերեսվում է իր պատմության անփառունակ էջին, ուստի հայ ժողովրդի անվտանգության հարցի հանդեպ անտարբեր չի կարող լինել: Գերմանիան չի կարող մեր դաշնակիցը դառնալ, բայց ելնելով պատմական պատասխանատվությունից, չի կարող նաեւ արտոնել, որ իր դաշնակիցները մեր չլինելու վրա կնիք դնեն:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829