Արցախի խորհրդարանի 4 խմբակցությունների ղեկավարները փետրվարի սկզբին հանդիպել են հայաստանյան գործընկերների հետ, պայմանավորվել, որ հանդիպումները կանոնավոր եւ շարունակական բնույթ են կրելու, բայց ուշագրավ է, որ հանդիպման փաստն արցախցիները գաղտնի են պահում, հաղորդագրություն չեն տարածում՝ թերեւս խուսափելով ՀՀ իշխանությունների հալածանքներից։
Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանականները հանդիպել են նաեւ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: Հանդիպմանը մասնակցած ՀՅԴ-ական Վահրամ Բալայանն էլ մեզ տեղեկացրեց, որ քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծվի անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման եւ անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար։ Վահրամ Բալայանը, որ հանձնախմբի ձեւավորման նախագծի զեկուցողն է եղել, նշեց, թե որոնք են լինելու Արցախի հարցով ձեւավորված հանձնախմբի գործունեության հիմնական երեք ուղղությունները․ «Առաջինն ամբողջական վերադարձի հարցն է, որը կարելի է նաեւ գերխնդիր անվանել, երկրորդն արցախցիների գույքային վնասների փոխհատուցման հարցն է: Փաստորեն, եթե մենք այստեղ ենք, մեր գույքն Արցախում անտերության է մատնված, փչանում է։ Իսկ երրորդը մշակութային ժառանգության պահպանման հարցն է, որը բխում է մեր ամբողջական վերադարձից` այն առումով, որ հազարամյակներով ստեղծված հայկական-քրիստոնեական արժեքները պետք է պահպանվեն եւ աշխարհին ներկայացվեն, թե ովքեր են դրանք ստեղծել, ովքեր են դրանց տերերը, միջազգային կառույցների միջոցով պետք է այդ ամենը փորձել պահպանել»։
Բալայանի խոսքով՝ արդեն գործնական որոշ քայլեր հանձնախմբի կողմից արվել են, որոնց մասին նա չցանկացավ բարձրաձայնել, իր խոսքով՝ չթիրախավորելու համար․ «Մտածել, որ մեկ ամսից մենք հետ ենք վերադառնալու Արցախ, այդ կարծիքին չեմ, բայց արդյունավետ աշխատանքներ կատարելու դեպքում մենք դուռը չենք փակում, չպիտի մոռանանք, որ աշխարհն արագ վերափոխվում է, քաղաքական այնպիսի գործընթացներ են լինում, որ պետք է արագ հիմքեր պատրաստել, նաեւ, ինչու ոչ` գերտերությունների համար էլ որոշակի հարթակ է պետք ձեւավորել, այսինքն՝ այդ ամենի համար պետք է իրավական-քաղաքական պաշար ձեւավորել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: