Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել․ «Փաստ»

Փետրվար 22,2024 10:40

Երեկ ճամփա փակելու «փոխանցիկ դրոշը» Վարդենիսից անցել էր Մարտունի: Եթե Վարդենիսում մարդկանց հուզել էր «պասպորտ սեղանի» կամ՝ ոստիկանության անձնագրային բաժնի փակումը, ապա Մարտունիում հուզումները պայմանավորված էին արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Դե, երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել: Բողոքում են:

Սա, ինչպես ասվում է, ընթացիկ-լրահոսային շղարշը: Իսկ եթե այդ շղարշը կամ քողը անշտապ բարձրացնենք, ապա կարող ենք նկատել նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ կարող ենք նկատել, որ 2021 թվականի հունիսին թե՛ վարդենիսցիների, թե՛ մարտունեցիների մեծ մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, հիմա որ այդ նույն ընտրողներին հարցնես, նրանք կասեն, որ չեն ընտրել, որպեսզի իրենց քաղաքում անձնագրային բաժինը փակվի կամ թշնամին գա ու Վարդենիսի գլխին «թառի», չեն ընտրել, որ կառավարությունը նույնիսկ «խոպանչիների» գրպանը մտնի: Կասեն, որ իրենք լավ մտադրություններ ունեին, լավ ցանկություններ, չգիտես, թե է՛լ ինչ…

Մյուս կողմից՝ ծանր մտորումների առիթ է տալիս, որ փողոց դուրս գալու առիթ են անձնագրայինը փակելը, «խոպանչիներին» հարկելը, ձուկ բռնելն արգելելը, մեքենաների մաքսատուրքերի հետ կապված խնդիրները, բայց ոչ այն հանգամանքը, որ Հայրենիքի մի հատված կորցրեցինք, որ Հայրենիքի մնացյալ հատվածն է վտանգի տակ:

Դե, չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեին՝ ինչերի է ընդունակ, չէին պատկերացնում: Նույն 2018-ին արտահերթ էլ ընտրեցին…

Կարո՞ղ էին մարդիկ սխալվել նույն Փաշինյանի հարցում: Իհարկե: Կարող էին մոլորվել: Այն էլ՝ ինչպե՜ս: Ի վերջո, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, նորություն, արդարություն, էլի բաներ…

Բա՛յց: Դա՝ մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը: Փաշինյանական պարտության, կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, շատ կոնկրետ ու դաժան ջրբաժան է:

Մինչև այդ, իհարկե, այլ խնդիր է, շրջադարձելի, «փոշմանելի», ինչ-որ տեղ՝ հասկանալի:

Բայց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը, նրան սատարելը, նրան ընտրելը, առավել ևս նրա կառավարության կամ իշխանության մաս կազմելը արդեն շատ կոնկրետ ցուցիչ է, թե ում հետ կամ ինչ երևույթի հետ գործ ունենք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829