Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորում ենք կարդալ մաշկի խնամքի միջոցների բաղադրությունն ու տարբերակել մեզ անհրաժեշտ բաղադրիչները

Փետրվար 22,2024 09:30

Մենք հաճախ ենք գնում դեմքի, մարմնի խնամքի միջոցներ՝ առաջնորդվելով այն խոստումներով, որոնք գրված են լինում խնամքի միջոցի պիտակի տեսանելի հատվածներում: Գովազդն ընտրություն կատարելիս քիչ դեր չի խաղում՝ մեզ համոզելով, որ այս կամ այն քսուկը կարող է վերադարձնել մեր մաշկի թարմությունն ու երիտասարդությունը, հարթեցնել կնճիռներն ու այդպես շարունակ։ Սակայն խնամքի միջոցների իրական բաղադրիչների մասին ավելին իմանալով՝ կարելի է ավելի արդյունավետ ընտրություն կատարել՝ առաջնորդվելով ոչ թե խոստումներով, այլ սեփական մաշկի կարիքներով։

Բաղադրամասեր, որոնք արժե փնտրել խնամքի միջոցների բաղադրությունն ուսումնասիրելիս

Հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են արևային վնասվածքների, կնճիռների դեմ

Հակաօքսիդանտները դիմադրում են «ազատ ռադիկալների» վնասակար ազդեցությանը, որի հետևանքով արագանում են ծերացման գործընթացները՝ դրսևորվելով մաշկի խամրածությամբ, վաղաժամ կնճիռներով ու գծերով, առաջանում է մաշկի չորություն, մուգ շրջանակներ աչքերի տակ և այլն։

Հակաօքսիդանտներով հարուստ միջոցներն օգտակար են մաշկի համար, քանի որ վերականգնում են վնասվածքներն ու դանդաղեցնում ծերացման այդ գործընթացները, այդպիսի միջոցներ են՝

  • ալֆա լիպոյաթթուն,
  • կանաչ թեյի մզվածքը,
  • ռետինոլը,
  • վիտամին C-ն,
  • կոէնզիմ Q10-ը
  • կոֆեինը և այլն։

Մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների կազմում հետաքրքրություն են ներկայացնում նաև հետևյալ բաղադրամասերը, որոնք օգտագործելիս պետք է հստակ իմանալ մաշկի կարիքները, այդպիսիք են՝

  • AHA-ն՝ ալֆա հիդրօքսիթթուները,
  • սալիցիլաթթուն։

Ալֆա լիպոյաթթու

Ալֆա լիպոյաթթուն արտադրվում է մեր օրգանիզմի կողմից և առկա է գրեթե յուրաքանչյուր բջջի կազմում։ Այն ներկայացվում է որպես բարակ բծերն ու կնճիռները հարթեցնող միջոց, որը նաև փոքրացնում է ծակոտիներն ու մաշկին առողջ փայլ հաղորդում։

Կանաչ թեյի մզվածք

Թեյը հարուստ է սննդանյութերով, որոնք կոչվում են պոլիֆենոլներ․ դրանք նույնպես հակաօքսիդանտներ են։
Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյի այդ բաղադրությունը կարող է պաշտպանել արևի վնասվածքներից՝ նվազեցնելով մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը։ Խորհուրդ է տրվում համադրել կանաչ թեյով մզվածք պարունակող խնամքի միջոցներն արևապաշտպան քսուկների հետ։ Քսուկների ու լոսյոնների կազմում առկա պոլիֆենոլները կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացները՝ նվազեցնելով մաշկի առաձգականության կորուստն ու կնճիռների առաջացումը։

Ռետինոլ

Ռետինոլը ստացվում է վիտամին A-ից․ այն մեծացնում է օրգանիզմի կողմից արտադրվող կոլագենի քանակը՝ հարթեցնելով մաշկը, նվազեցնելով բարակ գծերն ու կնճիռները։ Ռետինոլը նաև բարելավում է մաշկի երանգն ու նվազեցնում բծերը։

Որոշ մաշկաբաններ նշանակում են ռետինոլի՝ ավելի ուժեղ ազդեցությամբ այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ տրետինոին, որը նույնպես դանդաղեցնում է ծերացման գործընթացները, մաշկը դարձնում է միատոն, օգնում է ազատվել պզուկներից։
Ռետինոլի հիմքով միջոցների օգտագործման հետևանքով մաշկի վերին շերտը կարող է մի փոքր չոր ու թեփոտ դառնալ։ Ավելի լավ է դրանք օգտագործել քնելուց առաջ, իսկ առավոտյան մաշկին քսել խոնավացնող և արևապաշտպան միջոց։

Վիտամին C

Տարիքի հետ օրգանիզմում նվազում է կոլագենի և էլաստինի արտադրությունը, որոնց շնորհիվ մաշկն ավելի էլաստիկ ու ճկուն է դառնում։ Վիտամին C-ի կազմում գտնվող հակաօքսիդանտները մեծացնում են կոլագենի քանակը՝ նվազեցնելով բծերը, կնճիռներն ու բարակ սպիները։ Վիտամին C-ն պարունակվում է քսուկների, շիճուկների, գելերի ու լոսյոնների կազմում։

Կոէնզիմ Q-10 (CoQ-10)

Մեր օրգանիզմում այս հակաօքսիդանտը ևս արտադրվում է բջիջներում ազատ ռադիկալները վերացնելու նպատակով։ Սակայն տարիքի հետ այս նյութի արտադրությունը նվազում է՝ մաշկն ավելի խոցելի դարձնելով վնասվածքների նկատմամբ։ Մի հետազոտության համաձայն՝ կոէնզիմ Q-10-ը նվազեցնում է աչքերի շրջանում գտնվող կնճիռները, որոնք պատկերավոր «սագի թաթիկներ» ենք ասում։

Կոֆեին

Կոֆեինը ևս հակաօքսիդանտ է, որը նույնպես ավելացնում են լաոսյոնների ու քսուկների կազմում՝ համարելով, որ դրա շնորհիվ կնճիռներն ավելի աննկատ են դառնում, հատկապես աչքերի շրջանի «սագի թաթիկները»։

Ալֆա հիդրօքսիթթուներ (AHA)

Այս խմբի մեջ են մտնում գլիկոլաթթուն, կաթնաթթուն, կիտրոնաթթուն ու գինեթթուն։ Այդ թթուները շերտազատում են մաշկը, նվազեցնում կնճիռներն ու տարիքային բծերը, պզուկների պատճառով առաջացած սպիները, հարթեցնում են մաշկի երանգը։ Ալֆա հիդրօքսիթթուներով պիլինգներ իրականացնում եմ մասնագետները, թեև տնային պայմաններում ևս կարելի է դրանք ժամանակ առ ժամանակ օգտագործել՝ նախընտրելով ավելի ցածր խտություններով (5% -10%) տարբերակները։

AHA պարունակող քսուկների ու խնամքի այլ միջոցների օգտագործումը խորհուրդ է տրվում սկսել ամենացածր խտություն պարունակող միջոցից՝ կիրառելով օրը մեջ՝ մաշկի գրգռվածությունից խուսափելու համար։ Ժամանակի ընթացքում կարելի է ավելացնել ինչպես խտությունը, այնպես էլ կիրառման հաճախականությունը, սակայն պետք է հաշվի առնել, որ անգամ ամենացածր խտության դեպքում այդ թթուները կարող են գրգռել կամ չորացնել մաշկը, ինչպես նաև այն դարձնել ավելի զգայուն արևի ճառագայթների նկատմամբ։ Ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս անպայման օգտագործել խոնավացնող և արևապաշտպան քսուկներ AHA պարունակող միջոցների օգտագործման դեպքում։

Սալիցիլաթթու

Այս բաղադրամասը պարունակվում է ակնեի դեմ պայքարող միջոցների կազմում։ Այն ներթափանցում է ծակոտիների մեջ և նվազեցնում սև ու սպիտակ կետիկները, ինչպես նաև կարող է շերտազատել մաշկը՝ ավելի աննկատ դարձնելով ծերացման նախանշանները։

Խորհուրդ չի տրվում օգտագործել սալիցիլաթթու նրանց, որոնք ալերգիա ունեն ասպիրինի կամ սալիցիլատներ պարունակող այլ միջոցների նկատմամբ։ Հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում էլ պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ սալիցիլաթթու պարունակող խնամքի որևէ միջոց օգտագործելուց առաջ։

Հիալուրոնաթթու

Մեր օրգանիզմի կողմից ևս արտադրվում է հիալուրոնաթթուն, որը պարունակվում է մաշկի, հոդերի հեղուկի, շարակցական հյուսվածքների կազմում։ Հիալուրոնաթթու պարունակող միջոցները նպաստում են մաշկի հարթեցմանը և ավելի լավ են աշխատում վիտամին C ներառող խնամքի միջոցների հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829