Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ կեղծ այլընտրանքների մասին

Փետրվար 22,2024 10:00

Մանիպուլյացիայի հայտնի հնարք է՝ դեմ տալ ինչ-որ ծայրահեղացված կարծիք եւ ձեւ անել, իբր ընդդիմախոսդ հենց դա է ասում: Օրինակ, ես կարծում եմ, որ միգրանտների հանդեպ մենք պետք է դրսեւորենք նորմալ մարդկային վերաբերմունք: Դրա «հակազդումը» հետեւյալն է. «Դու ուզում ես, որ հնդիկները լցվեն Հայաստան, գրավեն մեր բնակարաններն ու աշխատատեղերը, եւ մենք դառնանք մեր երկրում ազգային փոքրամասնություն»: Այդ՝ բոլոր տեսակի ռասիստներին հատուկ «փաստարկը» կապ չունի իրականության հետ. ոչ ոք այդպես չի ասում, ոչ ոք նման բան չի ուզում, եւ այդպիսի վտանգ ընդհանրապես գոյություն չունի:

Բայց չափազանցնելը, դիմացինի ասածն աբսուրդի վերածելը բանավիճելու բավականին հեշտ եւ, պետք է ասել, երբեմն չափազանց արդյունավետ հնարք է:

1915-22 թվականներին հայերը ենթարկվել են ցեղասպանության: Շրջանցել, մոռանալ, մեղմացնել այդ պատմական փաստը հնարավոր չէ: Եթե ուրացումը տեղի է ունենում պետական մակարդակով, դա, վստահ եմ, վնաս է հենց պետությանը: (Առանձին թեմա է, որին արժե անդրադառնալ): Բայց անբարեխիղճ հնարք է հակադրվել Ցեղասպանության մասին ցանկացած հիշատակմանը հետեւյալ «փաստարկով». «100 տարի լաց ենք եղել, հող ենք ուզել, դրա համար էլ այս օրին ենք»:

Ձեւավորվում է կեղծ այլընտրանք: Կամ՝ «Հասնենք Սասուն, մտնենք Վան», «Ստամբուլը դարձնենք արյան ծով», կամ՝ ամեն ինչ մոռանանք, ծպտուն չհանենք, որպեսզի թշնամին «կարմիր շորից» չկատաղի: Իրականում, ի դեպ ասեմ, թշնամին կատաղած չէ՝ նա սառնասրտորեն իրականացնում է իր վաղեմի ծրագիրը, եւ մեր նվաստանալը դրան ամենեւին չի խոչընդոտում: Բայց չէ՞ որ երկու ծայրահեղություններից՝ «լացելով հոխորտալուց» եւ անիմաստ նսեմանալուց բացի կան այլ՝ բանական լուծումներ:

Նույնը՝ Արցախի հարցում: Ես կարծում եմ, որ արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ պետական, ե՛ւ հասարակական մակարդակով: Դրան պաշտոնական քարոզչությունը հակադրվում է հետեւյալ «թեզով»՝ «Ահա՜, դու ասում ես, որ մտադիր ես պատերազմել ու Բաքվում չայ խմել»:

Այսպիսով ստացվում է, որ իշխանությունների թուլակամ, ապաշնորհ քաղաքականության միակ այլընտրանքը հիմարություններն են եւ ցնդաբանությունները: Արդարանալու շատ հարմար ձեւ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հայերիս ամենամեծ մեղքը, որի պատճառով դարերով տառապում ենք ազգով՝ դա երբ հայի խելոք, ուժեղ, ոգեղեն, տաղանդավոր տեսակը խղճալով հայի անգրագետ, թույլ, վախկոտ, բայց ամբիցիոզ տեսակին, ենթարկվում է այդ բարդույթավորված տեսակին եւ երկու տեսակն էլ խղճալի վիճակում են հայտնվում: Միգուցե ժամանակն է հասկանալ ժամանակի խաղի կանոններն ու մտնել խաղի մեջ, որտեղ հաղթում է խելոքը, ուժեղը, ոգեղենն ու տաղանդավորը: Ասում են, խեղդվողին փրկելու համար ոչ թե գրկում են նրան, այլ մազերից քաշ տալով վայրենավարի հանում ափ, որովհետեւ թե գրկեցիր նրան, նա քեզ այնպես ամուր կգրկի, որ երկուսովդ էլ կխեղդվեք: Հերիք է խղճաս մեր լավագույն տեսակ, հետո թող քեզ կեղտոտ բառեր ասեն, կարեւորը դու քո գործը ճիշտ ես կատարել ու խիղճդ հանգիստ է եւ երկուսդ էլ ողջ ու առողջ եք:

    • Հայ says:

      Ինչպես միշտ “լավատես”ի մեկնաբանությունը կապ չունի հոդվածի հետ,բայց այս անգամ գրածի հետ համամիտ եմ։
      Սակայն, կարծում եմ,որ հայի այդ լավ տեսակը արդեն բացակայում է երկրից։

      • Ruben says:

        Հա՜յ-հա՜յ, հնչած կարծիքը թույլ է տալիս ենթադրել, որ վերջին հայը «հա՞յն» է:
        «Որտեղ «հայ»-այնտեղ վա՜յ…»: Որտե՞ղ է «հայ»-ի ուսապարկը: Ով գիտի?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829