Հարցազրույց ճանաչված կինոռեժիսոր, կինոգետ, սցենարիստ եւ պրոդյուսեր Գարեգին Զաքոյանի հետ
– Պարոն Զաքոյան, ձեր ստեղծագործական կյանքը հաշվվում է ավելի քան կես դար։ 1972 թվականից մինչ օրս հրապարակել եք կինոյի պատմությանն ու տեսությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց մի մասը թարգմանվել ու լույս են տեսել արտասահմանյան երկրներում, իսկ որպես սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր ստեղծագործում եք 1982-ից։ Ձեր հեղինակած ֆիլմերը ցուցադրվել են հեղինակավոր արվեստների բարձրագույն դպրոցներում, մշակութային կենտրոններում եւ այլն։ Ձեր ստեղծագործությունների մի մասը նվիրված է Սերգեյ Փարաջանովի արվեստին։ Ձեզ հետ հանդիպման առիթն էլ հենց ինքը՝ հանճարեղ կինոռեժիսորն է, ում ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2024-ը հայտարարել է փարաջանովյան տարի։ Ասում են՝ դուք Փարաջանովի աշակերտն եք եղել, ընկերը…
– Ես ուղղակի նրա երեւանյան նեղ շրջապատի մարդկանցից եմ եղել։
– 1988թ. երբ Երեւանում բացվեց Փարաջանովի աշխատանքների առաջին ցուցահանդեսը, դուք կազմակերպիչներից մեկն եք եղել ու գրել եք բուկլետի տեքստը։ Այդ թվականից մինչ օրս մշտապես հետեւյալ միտքն է հնչում, թե մաեստրոյից կարելի է սովորել ու սովորել։
Կարդացեք նաև
– Բայց մինչ սովորելը պետք է ճանաչել՝ ընկալել ու հասկանալ նրա արվեստը։ Այնպես՝ ինչպես 50 տարի առաջ չեն ճանաչել, հիմա էլ չեն ճանաչում։
– Իսկ ի՞նչ անել։
– Ի՞նչ կարելի է անել, որ, օրինակ՝ ժողովուրդը Բախ լսի՝ ռաբիսի փոխարեն։ Ասենք ռաբիս մի՞ լսեք… Մի ձեւ կա. երբ մանկապարտեզից ենք երեխայի ականջը սովորեցնում բարձրակարգ երաժշտության։ Նույնն էլ կինոն է. երբ լավ կինոյին աչքը սովորում է, վատը չի կարող ընդունել։ Պետք է կրթական ինստիտուտները կարգի բերվեն։ Դրանից հետո միայն թացը չորից կջոկվի։ Տեսեք՝ Գերմանիայում առաջին դասարանից երաժշտություն են սովորում եւ դպրոցն ավարտելիս քննություն հանձնում, ասենք՝ մաթեմատիկա առարկայի նման։ Մի խոսքով՝ անհրաժեշտ է կրթել, կրթել ու կրթել։
– Աշխարհն այսօր Փարաջանով ճանաչո՞ւմ է։
– Աշխարհն էլ մեր օրին է, բայց մի քիչ ավելի լավ։
– Բայց ձեր աշխատանքների զգալի մասը միտված է հենց դրան՝ ճանաչելի դարձնել Փարաջանովին։
– Եթե ամեն օր դասախոսություն կարդանք Բախի մասին… Ասողին լսող է պետք… Ես ինչ անում եմ, նախ պատմության համար եմ անում։ Կյանքը ցույց է տալիս, որ երբ դոկումենտները չես մեկտեղում, կորչում-գնում է, ինչի հետեւանքով մոլախոտի պես ստեր ու կեղծիքներ են հայտնվում։
– Ճանաչված արվեստագետների անվան շուրջ բազմաթիվ ասեկոսեներ էլ են պտտվում. ասում են՝ Փարաջանովը, ուղիղ ասած՝ արհամարհել է մանկավարժությունը…
– Ասողը գլուխը պատին է տվել… Փարաջանովը քայլող դաս էր… Թբիլիսիում միասին գնում էինք թատրոն, ներկա լինում փորձերին։ Պետք էր տեսնել, թե ինչ թվով ուսանողություն էր գալիս փորձերին եւ ինչ ուշադրությամբ լսում Փարաջանովի յուրաքանչյուր ռեպլիկ, դիտողություն… եւ ինչպես էին ընկալում։ Ասեք, խնդրեմ, սովորելն էլ ո՞նց է լինում։ Ով կարիք է ունեցել Փարաջանովից սովորելու, շա՜տ բան է սովորել։ Կամ հնությունների նկատմամբ ուշադրությունն ու սերը, ո՞վ բերեց Երեւան։ Մինչեւ 1960-ականները գյուղացի կանայք էին «քյամար» կրում։ Կամ զանգում ասում էր՝ գնում ենք օպերա։ Եվ միայն ինձ չէ. գնում տեսնում էի մի քառասուն հոգով է եկել։ Կամ զանգում-ասում էր՝ Թիֆլիսում Պազոլինիի ֆիլմերն են բերել, գնում էինք դիտում։ Սա հենց սովորեցնել է, չէ՞։
– Դուք արտասահմանում Փարաջանովի արվեստի ճանաչողական միջոցառումներ էլ եք անցկացրել։
– Վերջին շրջանի միջոցառումներից են 2022թ. Բելգրադի կինոփառատոնի շրջանակներում նրա ֆիլմերի ցուցադրությունը, Երեւանում 2023թ. անցկացված դոկումենտալ ֆիլմերի փառատոնը… Ընդ որում, ժամանակ առ ժամանակ Փարաջանովի արվեստին են անդրադառնում նաեւ արտասահմանի մեր գործընկերները, օրինակ՝ Ամստերդամում, Գրանադայում։ Հայ կինոյի 100-ամյակի առիթով հատուկ ծրագիր իրականացրինք՝ նվիրված Փարաջանովին։ Թեհրանում էլ եմ իրականացրել նման միջոցառում։ Դա, իհարկե, վաղուց էր։ Այս օրերին նոր գիրք եմ պատրաստում՝ նվիրված «Նռան գույնին», որն, իհարկե, ծավալուն աշխատանք է եւ դրանում տեղ կգտնեն բազմաթիվ չհրատարակված փաստաթղթեր (մեր զրուցակիցը հեղինակ է Փարաջանովին նվիրված մի քանի գրքերի, վերջինը՝ 2021-ին՝ «Ինտերմեցցո»- Ս. Դ.)։
– Տարածված կարծիք կա, թե փարաջանովյան արվեստը մեծամասամբ մինոր լադում է։
– Չէ, մինոր չէի ասի, պարզապես դրանք ավելի լիրիկական են, ընդգծված մինորում չեն։ Ի վերջո, չես կարող լուրջ բաների մասին մտածես, խորհես ու դա զուգահեռվի ծիծաղով։
– Հիմա շոուի դար է՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ։
– Փարաջանովի գործերը շոուի համար չեն։ Շոուի համար տարբեր արտահայտչամիջոցներ ու ձեւեր կան։ Իսկ լուրջ արվեստ ընկալելը աշխատանք է, ոչ թե զվարճություն։ Ուղեղն ինչքան շատ է աշխատում, այնքան զարգանում է։ Իսկ ժամանցային արվեստները քնեցնում են ուղեղը, այնպես՝ ինչպես եթե մկանները չաշխատեն, կդառնան լաթի կտոր։
– Պարոն Զաքոյան, եթե մենք այսօր փողոցում հարցախույզ անցկացնենք, թե հայկական ինչ ֆիլմեր գիտեն, կլսենք՝ «Մեր մանկության տանգոն», «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունի» եւ էլի մի քանի անուններ։ Վերջին տարիներին նկարահանված ֆիլմերից էլ գուցե հիշեն մեկ-երկուսը, ոչ ավելին…
– Մեր կինոյի անկումը սկսվեց կինոթատրոնների, ուղիղ ասած՝ սխալ սեփականաշնորհումից։ Երեւանում գործում էր 30 կինոթատրոն, մնաց միայն կինո «Մոսկվան»։ Կինոթատրոններ կային բոլոր մարզկենտրոններում, գյուղերում կային ակումբներ, դրանք էլ սեփականաշնորհվեցին։ Իհարկե, կարող էին սեփականաշնորհել, բայց թող դրանք ծառայեին կինոարվեստին։ Վերացան կինոթատրոնները, նշանակում է վերացավ նաեւ կինոհանդիսատեսը…
– Բայց այսօր համացանցում կարելի է գտնել ցանկացած ֆիլմ։
– Կինոթատրոնում ֆիլմ դիտելը հատուկ կուլտուրա է։ «Մոսկվա» կինոթատրոնում էլ լինում են պրեմիերաներ, ֆիլմը ցուցադրվում է մի քանի անգամ, եւ վերջ։ Կասեք բայց կա ինտերնետ… Տեսեք՝ ենթադրենք Երեւանում մեկ միլիոն մարդ է ապրում, յուրաքանչյուրը իր նախընտրած ֆիլմն է դիտում։ Ուրիշ բան է, երբ ամբողջ քաղաքը մեկ-երկու շաբաթ շարունակ նույն ֆիլմն է դիտում։ Ասում ենք՝ հանդիսատես, այս դեպքում նա դառնում է սուբյեկտ եւ այդ հանդիսատեսը դառնում է նաեւ պահանջատեր, պահանջարկ է ստեղծվում, ավելին՝ առաջանում է սոցիալական պահանջարկ։ Ժամանակին երբ Երեւանում ֆիլմ էր նկարահանվում, մինչ պրեմիերան՝ 1-2 տարի առաջ, ամբողջ քաղաքը գիտեր դրա մասին, դրա շուրջ կյանք էր ստեղծվում… Սա է հանդիսատեսը։
– Չգիտենք նույնիսկ՝ կինոքննադատության մասին հարց ուղղե՞նք, թե՞ ոչ։
– Կինոքննադատություն չկա, որովհետեւ չկա հանդիսատես։ Իսկ կինոքննադատը ո՞ւմ համար գրի, չկա այդ բազմությունը, այդ «դասակարգը»։ Այո, հանդիսատես չկա, կինոքննադատ չկա, կինոն քաոս է դառնում, ո՞ւմ համար ես նկարում։
– Տխուր է։ Բացարձակ մինոր լադում։
– Այսօր դա է իրականությունը։
– Հուսանք, որ մեր հաջորդ հանդիպումը այլ իրականությունում կլինի՝ մաժոր լադում։
– Հուսանք։
Զրույցը՝
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2024