Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հուշեր՝ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ից առաջ եւ հետո

Փետրվար 22,2024 12:30

Պատերազմը յուրաքանչյուրի կյանքում թողնում է իր անջնջելի հետքը։ Որքա՜ն այլ էր կյանքը մինչեւ 2020թ. չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը։ 44-օրյա պատերազամից անցել է չորս տարի, բայց ո՛չ ժամանակը, ո՛չ տարիները չեն կարող մեղմել այն անասելի ցավը, որ կա ամենքիս հոգում, սրտում, աչքերում…

Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմի 15-րդ օրը, վնասվել էր ժամկետային զինծառայողի դիմային նյարդը: Նա 2019թ. հունվարին էր զորակոչվել բանակ, ծառայել Ստեփանակերտի զորամասում՝ հակաօդային պաշտպանության վարորդ է եղել։

«Սեպտեմբերի 27-ից սկսած մինչեւ վիրավորումս եղել եմ ամենաթեժ տեղերում՝ Ջաբրաիլում, Ֆիզուլիում, Ադղամում, Հադրութում։ Հոկտեմբերի 12-ին՝ պատերազմի 15-րդ օրը վիրավորվեցի, ինձ հետ եւս հինգ զինծառայող վիրավորվեց, չորսը՝ սպա եւ ընկերս՝ Ռաֆիկը, ով նույն վիրավորումն էր ստացել, բայց ցավոք չկարողացավ ապրել։ Ինձ հիմա ապրելու ուժ է տալիս միայն այն, որ մի օր հետ ենք բերելու մեր կորցրածը, ոչ թե մեր գալիք սերնդին պատմենք, որ պարտվել ենք ու պետք է համակերպվենք… Բոլորիս կյանքը, ցավոք, փոխվեց 27-ից սկսած, եւ ամենաուրախ օրը մնաց սեպտեմբերի 26-ը, երբ բոլորը ողջ ու առողջ էին, երբ երեկոյան ծնողները հանգիստ շունչ քաշելով զրուցեցին իրենց զավակների հետ՝ անհամբեր սպասելով հաջորդ օրվա զանգին։ Կյանքը շարունակվում է, բայց ցավը, որ կա յուրաքանչյուրիս հոգում, միշտ ուղեկցելու է մեզ»,-ասում է Ռոբերտը: Հավելում է, որ վիրավորումը շատ բան է փոխել իր կյանքում, այլեւս չի կարող զբաղվել իր սիրելի սպորտաձեւով՝ ֆուտբոլով, բայց ոլորտին առնչվող աշխատանք է գտել, սպորտային վերլուծաբան է: Նաեւ զբաղվել է երաժշտությամբ՝ հիփ-հոփ ժանրում։ Հիմա  էլ նոր երգեր է ձայնագրում: «Դիմային նյարդս վերականգնելու համար անհրաժեշտ է եղել անհապաղ վիրահատություն, սական ՀՀ-ում նման վիրահատություն դեռ չէր կատարվել։ Ամերիկացի բժիշկ Ակիրա Իշիյաման ժամանելով Հայաստան՝ կատարեց այդ վիրահատությունը։ Վիրահատության ընթացքում անջատվել է ենթալեզվային նյարդս, ապա՝ դիմային նյարդս, որոնք այնուհետեւ միացվել են իրար: Եթե շատ սեղմ ժամկետում չիրականացվեր վիրահատությունը, դիմային նյարդս վերականգնելը պարզապես անհնար կլիներ։ Պատերազմից երեք տարի է անցել, բայց ապրումններս նույնն են, հիշողություններս եւս»,-նշում է Ռոբերտը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, Teenagers for peasce նախաձեռնության հեղինակ Էլեն Թեւոսյանը սիրում է ճամփորդել, գեղարվեստական գրականություն կարդալ, զբաղվել հաղորդավարությամբ։ Ուզում է դառնալ մեդիափորձագետ, հետաքրքրվում է դատաիրավական լրագրությամբ, նաեւ զբաղվում է հասարակական գործունեությամբ։

«Եթե ասեմ, որ կյանքը մինչեւ  սեպտեմբերի 27-ը ինձ համար չգնահատված էր՝ սուտ կլինի, որովհետեւ ամեն պահ միշտ ցանկացել եմ գնահատել, բայց մյուս կողմից, ցավոք, ամեն բան ավելի ես արժեւորում կորցնելուց։ Պատերազմի օրերին զբաղվում էի կամավորությամբ, տարբեր կազմակերպություններ էի այցելում, մինչեւ հիմնադրեցի իմ նախաձեռնությունը։ Այդ ընթացքում խառնաշփոթ էր տիրում գլխումս, ինչպես շատերի մոտ: Հասարակական գործունեությամբ փորձում էի ինչ-որ կերպ օգտակար լինել երկրիս… 44-օրյա պատերազմի օրերին հասկացանք, որ բացի կենցաղային իրերի անհրաժեշտությունից, կա նաեւ անհրաժեշտություն երեխաների ինտեգրմամբ զբաղվելու։ Այդ ժամանակ առաջին կուրսում էինք սովորում։

«Պատանիները հանուն խաղաղության» պատանիները այն շահառուներն են, որոնք օգտվում են ծրագրից, իսկ խաղաղությունը ամենակարեւոր պահանջն է, որ ունեցել ենք միշտ»,-նշում է Էլենը:

ԵՊԲՀ ուսանողուհի Մարիա Առաքելյանը 44-օրյա պատերազմի օրերին Երեւանի հիվանդանոցներում կատարել է մի շարք կամավորական աշխատանքներ, եղել զինվորների կողքին։

«Համալսարան ընդունվելիս իմ միակ անհանգստությունը քննությունից բարձր միավոր ստանալն էր, եւ եթե այդ ժամանակ ինձ ինչ-որ մեկը հարցներ, ես երբեք չէի մտածի, որ ընդամենը մի քանի ամսից կյանքը 180 աստիճանով կփոխվի, ու միակ բանը, որի մասին բոլորս կերազենք, կլինի խաղաղությունը… Սեպտեմբերի 27-ին միշտ սպասել եմ ոգեւորությամբ՝ փոքր քույրիկիս ծննդյան օրն է, սակայն չարաբաստիկ լուրը լսելուն պես՝ ժամանակը կանգ առավ, եւ առայսօր կանգնած է…»,-ասում է Մարիան։ Ու հավելում. «Պատերազմի առաջին օրերից հերթագրվել եմ կամավորական աշխատանքների համար: Համալսարանական առաջին հիվանդանոցում հերթապահել եմ, եղել զինվորների կողքին, հնարավորինս օգտակար եմ փորձել լինել՝ չնայած առաջին կուրսեցի էի: Կյանքիս այդ փուլը հիշելիս հոգիս միշտ տակնուվրա է լինում, մի կողմից շատ ծանր էր տեսնել իմ տարիքի զինվորների վիրավորումներով, կյանքի ու մահվան կռիվ տալով, մի կողմից էլ անասելի հպարտություն էի զգում՝ նրանց այդքան ուժեղ ու անկոտրում տեսնելով։ Կամավորության շրջանակներում մասնակցել, տեսել ենք բազմաթիվ վիրահատություններ, օգնել ենք բուժաշխատողներին: Հենց այս շրջանում ես սկսեցի հավատալ հրաշքների. այնտեղ, որտեղ բժշկությունն արդեն անզոր էր, հրաշքով փրկվում եւ վերածնվում էին բազմաթիվ կյանքեր…Արդեն անցել է չորս տարի, 4-րդ կուրսի ուսանողուհի եմ, շատ բաներ են փոխվել իմ կյանքում, բայց մի բան թերեւս մնում է անփոփոխ՝ երազում եմ խաղաղության մասին»։

Պավել Ավագիմյանը ԵՊԲՀ ուսանող է, 44-օրյա պատերազմի 35-րդ օրը ստացել է բեկորային վիրավորում։ Վիրավորման պահին հայրը եղել է կողքին, ստացել հրազենային հարված եւ զոհվել։ Պավելը ծնվել եւ մեծացել է Խնածախ գյուղում, զինվորականի ընտանիքում։ Ասում է՝ փոքր տարիքից սիրել է բժշկությունը ու հեռուստատեսությամբ ցուցադրվող բոլոր բժշկական հաղորդումները մեծ հետաքրքրությամբ է դիտել: «2019թ. ընդունվեցի ԵՊԲՀ։  2020թ. հունվարին՝ քննությունները հանձնելուց հետո ամսի 27-ին զորակոչվեցի բանակ։ Ծառայել եմ Հադրութ քաղաքում, բանակային օրերը շատ հետաքրքիր էին անցնում, բանակային ընկերներիս մեծ մասը մեր համասարանից էին ու շատ լավ գիտեինք միմյանց… Ծառայությանս 8-րդ ամիսը լրացավ պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Ամենաառաջին վայրկյանից սկսած մտածել եմ ընտանիքիս ու հարազատներիս մասին, որ ոչինչ չպատահի իրենց, ապահով վայրում լինեն։ Մինչեւ 27-ը միշտ մտածել եմ, որ Արցախում ոչինչ չի լինի, Հայաստանում եւս, քանի որ հաղթանակած երկիր ենք, բայց… Պատերազմին 35 օր եմ մասնակցել, մինչեւ վիրավորումս 20-ից ավելի մարդու կյանք եմ փրկել։ Հոկտեմբերի 31-ին ժամը 12։30-13-ի միջակայքում բեկորային վիրավորում եմ ստացել։ 1-2 օր ճանապարհին եմ եղել, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Հայրս եղել է զինվորական, ծառայությունը ավարտելուց հետո անցել էր թոշակի, բայց որպես նախկին սպա համալրել էր զինծառայողների շարքերը  եւ եկել  հենց իմ գումարտակ։ Վիրավորում ստանալուս պահին հայրս եղել է կողքիս եւ զոհվել է իմ աչքի առաջ։ Առաջին մարդը ես էի, որ պետք է օգներ, բայց վիրավորումը մահացու էր։ Պատերազմը շատ բան փոխեց մարդկանց կյանքում, մարդիկ դարձան տխուր, ցավով, կարոտով, կորստով լցված»,-ասում է Պավելը։

Նաեւ ընդգծում. «Պատերազմից հետո մտքումս եղել է ու կմնա միայն այն, որ օրերից մի օր վերադառնալու ենք մեր կորցրած տարածքները, ամենամեծ իղձս նորից հորս գերեզմանին այցելելն է։ Թող այլեւս ոչ մի սերունդ չտեսնի այն, ինչը տեսել ենք մենք»:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829