Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրոն Դավոյի» անհատական դիմումը ՍԴ-ն մերժել է

Փետրվար 22,2024 13:30

Մեղադրյալի համար չի ձեւավորվում նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու դատավարական երաշխիք

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածը թույլ է տալիս, որ Վճռաբեկ դատարանը, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու անվերապահ հիմք հանդիսացող քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տրված լինելու մասին հետեւության գալով հանդերձ, մերժի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը՝ այն պատճառաբանությամբ, որ ստորադաս դատարանի որոշումը եղել է ժամանակավոր եւ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

Դիմող Դավիթ Գալստյանը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց: Մասնավորապես, ըստ նրա՝ «վիճարկվող դրույթը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը» Վճռաբեկ դատարանին թույլ չի տալիս ստորադաս դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում թույլ տրված լինելու մասին հետեւության գալով հանդերձ եւ անկախ ստորադաս դատարանի դատական ակտի՝ իրավական նշանակությունը կորցրած լինելու փաստից, վերացնել կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ստորադաս դատարանի դատական ակտով թույլ տրված դատական սխալը: Ըստ դիմողի՝ նշվածից բխում է, որ դրանով վիճարկվող դրույթը չի ապահովում մեղադրյալի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետ միջոց, քանի որ թույլ չի տալիս, որ վճռաբեկ վարույթի արդյունքով 7 մեղադրյալի համար ձեւավորվի նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի եւ 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ձեւավորվող երաշխիքը:

Դավիթ Գալստյանը ԱԱԾ-ի կողմից մեղադրվում էր հանցավոր համաձայնության արդյունքում ՊՆ-ին 70-ականների զենք մատակարարելու եւ խոշոր գումարի հափշտակության մեջ: Նա ներկայացրել է թիվ ՀԿԴ/0072/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել է, որ այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահին ստորադաս դատարանի դատական ակտն այլեւս իրավաբանորեն գոյություն չունի, Վճռաբեկ դատարանը, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի կարգավորումից, ստիպված է լինում կայացնելու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշում՝ չնայած այն հանգամանքին, որ արձանագրել է ստորադաս դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում թույլ տրված լինելու փաստը (Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ԶՈՒ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, ավիացիոն տեխնիկական ունեցվածքի նախկին պետ Արտյոմ Համբարյանի, գործարար Դավիթ Գալստյանի, ինժեներ Վլադիմիր Բաբայանի… գործը ընթանում է դռնփակ-Ռ.Մ.):

Դիմողի տեղեկացմամբ` այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը, կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ստորադաս դատարանի դատական ակտով թույլ տրված՝ մեղադրյալի իրավունքի խախտումն արձանագրելով հանդերձ, չի վերացնում ստորադաս դատարանի դատական սխալը, մեղադրյալը վճռաբեկ վարույթում չի իրացնում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը՝ այնքանով, որքանով վճռաբեկ վարույթի արդյունքով մեղադրյալի համար չի ձեւավորվում նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու դատավարական երաշխիք:

Սահմանադրական դատարանը մերժել է դատական քննություն իրականացնել, հղում է կատարել 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմանը. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեեւ դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է նաեւ, որ «Դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաեւ դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ եւ նյութեր»:

Ըստ Սահմանադրական դատարանի` դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դիմողը, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի դրանում առկա «ենթադրյալ օրենսդրական բացի» համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, չի հիմնավորել վիճարկվող դրույթի «դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի» հակասահմանադրականությունը՝ այնքանով, որքանով չի հիմնավորել իր իսկ կողմից վկայակոչված՝ առանց նոր էական հանգամանքի կրկին չկալանավորվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված համապատասխան երաշխիքից օգտվելու անհնարինությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի կողմից որոշման կայացման ժամանակ դիմողի նկատմամբ կիրառված կալանքն արդեն իսկ փոխարինված է եղել վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով, որի արդյունքում դիմողը կալանքից ազատված է եղել։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողի կողմից բարձրացված հարցադրումն առավելապես հիմնված է իր համար ապագայում ենթադրաբար առաջացող անբարենպաստ իրավական հետեւանքներ վրա հասնելու հնարավորության վրա: Փետրվարի 16-ին ՍԴ-ն մերժում է անհատական դիմումով գործի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829