Լրահոս
Օրվա լրահոսը

Այսեր Իսայան․ «Եթե 2023 ի մայիսին պայքարում էի, որ թուրք-ադրբեջանական յաթաղանը չճոճվի արցախահայության գլխին, հիմա Հայաստանի իրավական համակարգի յաթաղանն է ճոճվում ՀՀ քաղաքացու գլխին»

Փետրվար 21,2024 23:25

Իրավապաշտպան, «Հանուն ժողովրդի բարեկեցության, մարդասիրական եւ  տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում խորը մտահոգություն հայտնեց, որ այսօր, ըստ էության, հայ իրավապահ համակարգի յաթաղանն է կախված ժողովրդի գլխին։ Եվ որպես հիմնավորում նա  տվեց անուններ, ներկայացրեց փաստեր այն գործերով, որոնք վերաբերում են սպանության փորձերի, ուժի կիրառմամբ մարդկանց սեփականության յուրացումների, խոշոր եղջերավոր անասունների գողության եւ ապօրինի արտահանումների, որոնք որպես կանոն կասկածելի կերպով չեն բացահայտվում, կամ գրեթե բացահայտված լինելով իրավական հանգուցալուծում չեն ստանում։

«Ինչի հենց յաթաղան։ Եթե հիշում եք, 2023 թվականի մայիսի 18-ից 30-ը ես ՆԵՄԵՍԻՍ-ի հուշարձանի մոտ նստացույց էի անում։ Այդ ժամանակ իմ ամբողջ պայքարը ուղղված էր արցախահայության, առհասարակ, հայի, ՀՀ քաղաքացու  գլխավերեւում թուրք-ադրբեջանական յաթաղանի  ճոճման դեմ։ Բայց արի ու տես, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում իրավապահի համազգեստ հագնողների մի մասի կողմից իրականացվող գործողություններն են որպես այդպիսին ճոճվում քաղաքացու գլխին։ Եվ դրա հետեւանքները 2018 թվականից սկսած մինչ օրս տեսնում ենք»,-ասաց պարոն Իսայանը։

Իրավապաշտպանի կարծիքով այս անարդարությունների եւ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի տակ ստորագրող իշխանություններին միջազգային հանրությունը իր գնահատականը տվել է։ Սակայն պայքարն արդյունք չի ունենա, քանի դեռ մենք ինքներս դրա իրական գնահատականը չենք տալիս։ Դրա համար մեզ պակասում է քաղաքական ուժերի , հասարակության միասնականությունը եւ համատեղ պայքարը։

Նա բերեց մի քանի քրեական գործերից օրինակներ, որոնցում հանցագործություններ են կատարել նաեւ այլ երկրների քաղաքացիներ ու բոլոր դեպքերում տուժողը ՀՀ քաղաքացին է։ Ընդ որում, կան նաեւ այնպիսի դեպքեր, երբ հանցանք գործած անձինք խոստովանել են իրենց արարքը, սակայն մեր իրավապահները կամ գործը կարճում են, կամ անհրաժեշտ գործողություններ չեն իրականացնում նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, կամ էլ տուժողին են մեղադրյալ ճանաչում։ Մարդիկ էլ ստիպված ընտանիքներով  լքում են հարազատ տունը, հայրենիքը։

Այսեր Իսայանը հայտարարեց, որ իր այսօրվա ասուլիսին մասնակցելու ուղիղ հրավեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՆԳ նախարարին, ՔԿ ղեկավարին եւ ՀԿԿ նախագահին։ «Չորս կառույցներից էլ ունեմ հիմնավորում, որ իրենք իմ հրավերը ստացել են։ Ու չորսի հետ կապված էլ նշել եմ, որ  իրենք գան կամ ուղարկեն իրենց ներկայացուցիչներին, որ միասին նայենք պատճառը, որ յաթաղանը ճոճվում է»,-ասաց իրավապաշտպանը եւ հատուկ ընդգծեց, որ «յաթաղան» բառն օգտագործելու համար կարող են իրեն դատի տալ։ Ու, որ ինքը պատրաստ է նրանց հետ հանդիպել դատարանում՝ ներկայացնելով իր այս դատողությունները հաստատող մեծաքանակ ապացույցներ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829