Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մյունխենում շահեցին բոլորը՝ բացի Հայաստանից. Մենուա Սողոմոնյան

Փետրվար 21,2024 21:45

Aravot.am-ի զրուցակիցն է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը

«Անգամ եթե ինքնավարության հարց է, անգամ եթե աշխարհին հասկանալի կլինի Արցախի կարգավիճակը, որպես ինքնավարություն, ապա հիմա ինչո՞ւ այդ հարցը ներառված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Ինչո՞ւ 150 հազար մարդու հարցը ՀՀ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մասնակից, չի բարձրացնում, ինչո՞ւ է այն ամբողջությամբ թողել Ադրբեջանին, որպես իր ներքին հարց: Անգամ ՌԴ-ն է այդ հարցն ավելի շատ բարձրացնում, բայց այն դիտարկում են, որպես ՌԴ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների խնդիր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսից հետո, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դեռ 1996 թվականին, Լիսաբոնի գագաթաժողովում տրվել է ԼՂ ինքնորոշում եզրույթի մեկնաբանությունը՝ այն է՝ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, մինչդեռ մենք այլ կերպ ենք ընկալել:

Անդրադառնալով Մյունխենի անվտանգության ֆորումի արդյունքներին էլ, մեր զրուցակիցն ասաց. «Կարելի է ասել, Հայաստան-Ադրբեջան, այսինքն՝ մեր անվտանգությանն առնչվող հարցերի փաթեթի մասնակից բոլոր կենտրոնները, բոլոր դերակատարները, այստեղ դիվանագիտական առումով շահող դուրս եկան: Գրեթե բոլորը, բացի Հայաստանից, նաեւ բացի Ֆրանսիայից»:

Թե ի՞նչ տարավ այդ ֆորումից Ադրբեջանը՝ Մենուա Սողոմոնյանն ասում է, որ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը, որն իրականացրեց արտահերթ ընտրություններ՝ առանց հիմնավորելու դրանց անհրաժեշտությունը, թույլ չտվեց, որ անկախ դիտորդական առաքելությունները դիտարկեն այդ ընտրությունները, բազմաթիվ ճնշումներով եւ զեղծարարություններով ապահովելով միայն բռնապետին սազող 92 տոկոսանոց արդյունք, իր ակտիվում ունենալով ցեղասպանված, բռնի տեղահանված 150 հազար մարդու էթնիկ զտում՝ ընդամենը մի քանի ամիս առաջ, շրջափակում՝ մեկ տարի առաջ եւ այլն, գտնվում էր Եվրոպայում, իրեն զգում էր շատ լավ, հոխորտում էր:

«Նրա՝ հենց այնտեղ գտնվելը, իր պայմաններն առաջադրելը, սեփական օրակարգն առաջադրելը, արդեն իսկ նրա համար հաղթանակ էր: Ալիեւը փորձեց քաղաքական առեւտրի միջոցով, որոշ չափով մեղմել Արեւմուտքի վերաբերմունքը իր նկատմամբ, որովհետեւ վերջին շրջանում, Արցախի հայաթափումից հետո, Արեւմուտքից երբեմն-երբեմն հնչում էին առերեւույթ պրոհայկական հայտարարություններ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ անգամ այդ զուտ հայտարարություններից հնարավոր է օգուտներ քաղել, եթե դու ունես նորմալ դիվանագիտություն, ոչ թե «արարատմիրզոյանական դիվանագիտություն», եթե կարողանում ես Սփյուռքի ներուժն օգտագործել լիարժեք:

Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ, մյունխենյան այցով Ալիեւը իբրեւ թե ժեստ արեց՝ ցույց տալով, թե վերակենդանացնում է հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան հարթակը՝ իրականում լեգիտիմացնելով իր վերընտրությունը, իր բռնապետական վարչակարգը. «Հանգամանք, որը Փաշինյանը եւ իր սատելիտները ներկայացրեցին, իբրեւ թե մեծ հաղթանակ: Բայց այդ արեւմտյան հարթակում չկար քառակողմ ձեւաչափը՝ ԵՄ ներկայացուցչություն՝ ի դեմս Շառլ Միշելի եւ ֆրանսիական ներկայացուցչություն՝ ի դեմս Էմմանուել Մակրոնի: Այս եվրոպական թվացյալ հարթակում Ֆրանսիան փոխարինվեց Գերմանիայով: Եվ եթե վերլուծենք սա մեր շահերի տեսանկյունից, շատ չխորանալով անգամ՝ ասենք, որ նախ Ֆրանսիան շատ ավելի ակտիվ էր գոնե հումանիտար հարցերում, արցախցիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քան Գերմանիան: Ֆրանսիայի հայ համայնքը շատ ավելի մեծաթիվ է, ազդեցության հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ Ֆրանսիան շատ ավելի պրոակտիվ քաղաքականություն է վարում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն այն էր Մյունխենում, որ այսպիսով ինքը փորձեց մարսեցնել տալ Եվրոպայում այն, ինչ որ արեց Արցախում, ընդհուպ մինչեւ Ստեփանակերտում քվեարկություն կազմակերպելը»:

Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի կողմից անգամ այս հարթակը չօգտագործվեց արցախցիների վերադարձի հարցը արծարծելու համար եւ քանի որ Հայաստանն այս հարցում շահագրգռություն հանդես չի բերում, արեւմտյան գործընկերները նույնպես շահագրգիռ չեն. «Ֆորումում Փաշինյան-Ալիեւ ներգրավվածության հետ կապված Արեւմուտքը փորձեց իր դեմքը փրկել, որ արեւմտյան հարթակն իբրեւ վերակենդանացել է, գործում է, բայց սա ընդամենը PR քայլ է, իրավիճակային PR հաջողություն եւ մենք գիտենք, որ նույն Ալիեւը կարող է շատ հանգիստ հրաժարվել այդ ձեւաչափից: Որքան էլ տարօրինակ է, այս ամենը նաեւ ՌԴ-ի համար՝ ոչ իրավիճակային, այլ խորքային առումով, հաջողություն է»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափը լուծարելու մասին հայտարարությունը, որը կոշտ արձագանքի չարժանացավ եվրոպացիների կողմից. «Սա հանգամանք է, որը երկարաժամկետ հեռանկարում ՌԴ-ի համար ձեռնտու վիճակ է»: Մեր զրուցակիցը կարծում է, որ սա հետագայում ՌԴ-ին հնարավորություն կտա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը մենաշնորհել:

Մենուա Սողոմոնյանը վտանգավոր եւ արկածախնդրային է որակում Նիկոլ Փաշինյանի կողմից Ուկրաինայի հարցի հիշատակումը: Նրա համար նաեւ առերեւույթ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բրիտանական արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի հետ, որը նախկինում Թուրքիայում դեսպան է եղել. «Կոնսպիրոլոգիայի մեջ չմտնենք, բայց սա ի՞նչ է ցույց տալիս, երբ որ երկրի վարչապետը հանդիպում է ոչ դաշնակից երկրի հատուկ ծառայության ղեկավարի հետ, ունենում է առանձնազրույց, որի բովանդակությունը պարզ չէ: Մնում է քաղաքական դաշտում շրջանառվող լուրերին ուշադրություն դարձնել առ այն, որ Հայաստանում նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայությունը ինչ-որ այլ պետությունների կուացիայի ներքո է գտնվում»:

Զրույցի այլ մանրամասները՝ սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի փոխհարաբերությունների մասին՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829