Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրներ Ներքին Հանդ մտնելու հետ կապված»․ Մարկուս Ռիտեր

Փետրվար 21,2024 20:40

«Մեր առաքելությունը կարող է այցելել ՀՀ-ի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքը, որը ռուսական պատասխանատվության գոտում է գտնվում»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Հարցին՝ նախապես գիտեի՞ն, որ Ներքին Հանդ մուտք գործելու հարցում խնդիրներ կարող են առաջանալ, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը պատասխանեց․ «Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրներ Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Իսկ հիմնավորումը՝ այդ հարցը պետք է տաք ռուսներին։ Մենք այստեղ ՀՀ-ի հյուրի կարգավիճակում ենք։ Եվ ըստ այդմ էլ որպես ընդունող կողմ Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, քանի որ մենք ուղղակի կապեր, շփումներ չունենք ռուսական ուժերի հետ Հայաստանում»։

Հստակեցմանը՝ միայն Ներքին Հա՞նդն է, որտեղ ԵՄ դիտորդների մուտքի հետ կապված խնդիր կա, Մարկուս Ռիտերը պատասխանեց․ «Բացառապես Ներքին Հանդում է․ բոլոր մյուս տեղերում, որտեղ հանդիպում ենք ռուսական ուժերի հետ, նման խնդիրներ չկան»։

Նա հայտնեց՝ քանի որ մեծ տարածքի մասին է խոսքը, միջադեպի՝ տեղի ունենալու պահին չեն հասցնում գտնվել նույն վայրում, փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել․ «Երբեմն հարցը վերաբերում է նրան, թե արդյոք միջադեպ տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ, քանի որ կողմերից մեկը հերքում է, որից հետո Բրյուսելին զեկուցում ենք։ Խուսափում ենք հապճեպ հայտարարություններ անելուց, քանի որ պետք է անաչառություն պահպանենք, իսկ քանի որ հնարավորություն ունենք միայն մեկ կողմից հարցեր տալ, զգույշ ենք վարվում։ Ցանկացած միջադեպ, որը կարողանում ենք հաստատել, ականատես ենք լինում, անմիջապես զեկուցում ենք Բրյուսելին, որտեղից այդ տեղեկությունները մատչելի են դառնում բոլոր երկրներին, ինչպես նաև Բաքվում ԵՄ պատվիրակությանը։ Միջադեպերի թիվն ավելացել էր, բայց հոկտեմբերին նվազել էր, հիմա բավականին խաղաղ է»։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Մարկուս Ռիտերն ասաց, որ Ադրբեջանում ձերբակալված Չեխիայի քաղաքացին ԵՄ դիտորդական առաքելության անդամ չէ, ուստի որևէ տեղեկություն նրա մասին չունի։

Հարցին՝ քանի՞ դիտորդի առկայության դեպքում առաքելությունը բավարար կլինի և չե՞ք նախատեսում գործիքակազմի փոփոխություն, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը պատասխանեց․ «Մենք հիմա լրացուցիչ անձնակազմ ենք վարձում, բայց նաև որոշակի փորձաշրջան պիտի անցնեն՝ մինչև կարողանամ որոշել՝ դրանից ավել խմբաքանակի կարիք ունե՞նք, թե՝ ոչ։ Անձնակազմի ներկայիս մակարդակը բավարար է, որ կարողանանք արձագանքել և′ հնարավոր, և′ ընթացիկ միջադեպերին։ Ելնելով իմ՝ Գերմանիայում ոստիկանի փորձից՝ երբևէ անձնակազմը չի հերիքում․ դա ընդհանուր ճշմարտություն է։ Առաքելությանը երբեք որևէ մեկը չի սպառնացել․ մենք աչալուրջ և շրջահայաց ենք։ Այնպիսի տպավորություն չունենք, որ ամեն օր աշխատանքի դուրս գալիս մեր առողջությունը և կյանքը վտանգում ենք»։ Նաև ասաց՝ հայ հանրությունն իրենց գրկաբաց է ընդունում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829