Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրդատ Սարգսյանը ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանք չի վարում». «Տրդատ Սարգսյանն ընդդեմ Ավետիք Իշխանյանի»

Փետրվար 21,2024 19:15

Երեւանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում այսօր կայացավ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր «Տրդատ Սարգսյանն ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի» գործով նիստը:

Հիշեցնենք, ՔՊ-ական նախկին մարզպետի ընկալմամբ, իրավապաշտպանը զրպարտել է իրեն՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ: Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանի կատարած գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

Ավետիք Իշխանյանի պաշտպան Զարուհի Նախշքարյանը դատարանում Տրդատ Սարգսյանի պաշտպանից հետաքրքրվեց՝ գրառման ո՞ր մասն է, որ իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՄԻԵԴ սահմանմամբ զրպարտություն համարվում է այն դեպքում, երբ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Վերջինս հակադարձեց՝ զրպարտության գործերով փաստերի իսկությունը հենց պատասխանողը պետք է ապացուցի, բայց, այնուամենայնիվ ասաց, որ զրպարտություն են համարում փոխգնդապետի ծեծի ու մահվան համար ՔՊ-ականների պատասխանատու լինելը, «ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»:

Զարուհի Նախշքարյանը երկար փորձում էր հասկանալ, ՔՊ-ական նախկին մարզպետ, ներկայումս պատգամավոր Տրդատ Սարգսյանը վիճարկո՞ւմ է փոխգնդապետի ծեծի ենթարկվելու, չորս տարի կոմայի մեջ գտնվելու եւ մահվան փաստերը, որպեսզի իր համար հասկանալի լինի, թե ի՞նչ փաստեր պետք է ապացուցեն: Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչն անհստակ պատասխաններ էր տալիս, բայց, ի վերջո, ասաց, որ փոխգնդապետի ծեծի եւ մահվան փաստերը չեն վիճարկում, բայց բերված պարբերությունում նշվածը համարում են զրպարտություն, քանի որ իր պաշտպանյալը փոխգնդապետի ծեծի ժամանակ չի եղել այդ տեղում, նաեւ ցոփ ու շվայտ կյանք չի վարում:

Զարուհի Նախշքարյանը երկար ժամանակ նաեւ փորձում էր հասկանալ՝ հայցվորը փաստական տվյա՞լ է համարում մեկ անձի՝ մեկ այլ անձի նկատմամբ հնչեցրած գնահատականը՝ անկախ դրա օբյեկտիվությունից: Պատասխանողի ներկայացուցիչը հայտարարեց, որ տվյալ պարագայում, Ավետիք Իշխանյանի արտահայտած միտքը դիտարկում են, որպես փաստական տվյալ:

Զարուհի Նախշքարյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք չեն համարում, որ Ավետիք Իշխանյանի տվյալ հրապարակման համատեքստը քաղաքական վերլուծություն եւ քաղաքական հրապարակում է: Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ չեն համարում:

Զարուհի Նախշքարյանը նաեւ ներկայացրեց հայցի մասով իր առարկությունները: Ըստ այդմ, պատասխանողի ներկայացուցչի կարծիքով, գրառման վիճելի պարբերության մեջ ներկայացված են որոշակի փաստական տվյալներ եւ արված են գնահատողական դատողություններ: Փաստական տվյալներ են, որ Տրդատ Սարգսյանը ՔՊ-ական է, նախկին մարզպետ է, այժմ պատգամավոր, ինչը հայցվորը չի վիճարկում: Իսկ Ավետիք Իշխանյանի գրառման՝ փոխգնդապետի ծեծին, մահվանը, ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքին վերաբերվող հատվածները, գնահատողական են:

Հայցվորի ներկայացուցիչը չհամաձայնեց պատասխանողի ներկայացուցչի այն տեսակետի հետ, որ վիճելի արտահայտությունները գնահատողական են: Զարուհի Նախշքարյանն էլ վկայակոչեց ՄԻԵԴ սահմանումը զրպարտության մասով, ըստ որի այն պետք է իր մեջ պարունակի որոշակի գործողությունների կամ անգործության մասին դատողություններ, ոչ թե վերացական կամ գնահատող դատողություններ: Տվյալ պարագայում, բերված են փաստական տվյալներ եւ արված են գնահատողական դատողություններ ու այդ հանգամանքն անվիճելի է: Զարուհի Նախշքարյանը հայտարարեց, որ Ավետիք Իշխանյանը խոսել է քաղաքական պատասխանատվության մասին եւ հիշեցրեց, որ փոխգնդապետի հետ կատարվածից հետո, Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում  է ներկայացրել ու իր հայտարարության մեջ նշել է, որ դադարեցնում է Վայոց Ձորի մարզպետի իր լիազորությունները՝ ելնելով քաղաքական էթիկայից եւ ընդունելով իր քաղաքական պատասխանատվությունը: Նաեւ վկայակոչեց մամուլի հրապարակումներ, տարբեր մարդկանց վկայություններ, որ փոխգնդապետի ծեծի պահին Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում:

Նիստի ավարտից հետո, 168–ի թղթակցի հետ զրույցում Զարուհի Նախշքարյանն ասաց, որ իր համար բացարձակ ճշմարտությունն այն է, որ հայցվորի նկատմամբ որեւէ զրպարտություն տվյալ գրառման մեջ չկա եւ վստահ է, որ գործը քննող դատավորը կկարողանա դիմակայել հնարավոր իշխանական ճնշումներին:

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի եղբորն օրերս ԲԴԽ-ն քվեարկությամբ առաջադրեց դատավորի պաշտոնում: Զարուհի Նախշքարյանը հիշեցրեց նաեւ, որ  ԲԴԽ ղեկավարն իր տիկնոջ հետ ներկա է գտնվել Տրդատ Սարգսյանի հարսանյաց հանդեսին, լուսանկարվել են, այդ նկարները տարածվել են համացանցում: Իսկ այդ գործով Տրդատ Սարգսյանի շահերը ներկայացնում է ԲԴԽ ղեկավարի տիկնոջը պատկանող իրավաբանական գրասենյակը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ցոփ ու շվայտ կյանքը շատ մեղմ է ասված, ավելի դիպուկ է – պարգևավճարների լափամանից կերակրվելու կյանքով է ապրում։ Դա Լիսկայի պես իր թայֆայով էր մարդ ծեծում ու նրանից տարբերվում է այնքանով, որ Լիսկան չէր թաքցնում իր էությունը, իսկ սա տափուկ է – թաքուն է անում, հետո հրաժարվում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829