Փետրվարի 20-ին կայացել է ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատուն Իրֆան Սաիդը /առցանց ձևաչափով/, ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների վարչության/Ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի Ոստիկանության հարցերով/Համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ԵԱՀԿ Քարտուղարութան «Անվտանգության ոլորտի կառավարման հզորացումը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Դինա Անանյանը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքների համար:
ՆԳ նախարարը նշել է, որ նախարարությունը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում, և այդ ուղղությամբ ցանկացած քայլ միտված է երկու թիրախների նվաճմանը՝ ոստիկանության, որպես մասնագիտացված ծառայության ձևավորում և հանրային բարձր վստահության առկայություն ոստիկանության նկատմամբ։
Կարդացեք նաև
Վահե Ղազարյանը անդրադառնալով բարեփոխումների հիմնական նպատակներին՝ ընդգծել է Համայնքային ոստիկանության՝ որպես մասնագիտացված կառույցի ձևավորման հանգամանքը, որն ուղղված է ծառայության վերաիմաստավորմանը և հանրային վստահության բարձրացմանը:
ՆԳ նախարարը առանձնացրել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ կազմակերպած հանրային ընկալման վերաբերյալ հարցումը, որի արդյունքները կօգտագործվեն հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է տարբեր հարթակներով անցկացված քննարկումներին։ Նա մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ բարեփոխումների ներկա փուլում տարբեր ոլորտային ուղղություններով անցկացված հետազոտությունները թույլ կտան շարժվել ուղենիշային ճանապարհով և գրանցված արդյունքների հիմքով նոր մոտեցումներ ներդնել ընթացիկ աշխատանքներում՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության որակի բարձրացման, քաղաքացի-ոստիկան փոխգործակցության շրջանակները։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է նախարարության, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացում ներառականության և թափանցիկության ապահովման կարևորությունը։
Անդրադառնալով բարեփոխումների իրականացման ճանապարհի որոշ դժվարություններին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է դրական արձանագրումների համադրությամբ՝ յուրաքանչյուր ուղղության լավարկման կապակցությամբ համատեղ իրականացվող աշխատանքները։
Խոսելով Կառավարության և միջազգային գործընկերների աջակցության և բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է միասնական նպատակադրման՝ առավել մասնագիտացված և հանրային բարձր վստահություն ունեցող ոստիկանություն ունենալու հանգամանքը։
Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ ՆԳ փոխնախարարը խոսել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտական փուլի մասին և այդ շրջանակում կարևորել ոստիկանության՝ որպես մասնագիտացված ծառայության ձևավորման և հանրային վստահության չափման գործիքակազմ ներդնելու ուղղությամբ արձանագրված արդյունքները։
Անդրադառնալով իրականացված հարցումներին՝ նա նշել է, որ դրանք թույլ են տալիս վեր հանել խնդիրներ, որոնց ուղղությամբ համատեղ ուժերով տարբեր լուծումներ գտնելը կոնսեսուսային մոտեցումների ձևավորման, հանրային ընկալումների ճշգրտորեն չափման առանցքային նշանակություն ունի։
Փոխնախարարն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը այս գործիքակազմի կիրառումն օգտագործելու է հետագայում նաև գերատեսչության կողմից հանրային վստահության մակարդակի չափման գործընթացներն ապահովելու տեսանկյունից։
Արփինե Սարգսյանը նշել է, որ հանրային ընկալման այս հարցումը աննախադեպ ձևաչափով է, որն առավել կատարելագործված և մեթոդաբանական առումով ավելի փորձարկված է։
ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ համագործակցության համար։ Նա ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ նշելով, որ կառույցը հանրային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային նշանակություն ունի։ Խոսելով ընթացիկ բարեփոխումների մասին՝ Իրֆան Սաիդը կարևորել է այս գործընթացում ոստիկանության նկատմամբ հանրային ընկալման շարունակական մշտադիտարկումը։
Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ կողմից պատվիրակված այս հետազոտությունը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին միտված ԵԱՀԿ այլ աջակցության ծրագրերը կնպաստեն Հայաստանում ավելի պրոֆեսիոնալ ոստիկանական ծառայության ներդրմանը: Այս համատեքստում, ԵԱՀԿ ներկայացուցիչը առանձնացրեց համայնքային ոստիկանության ոլորտում համապարփակ վերապատրաստման ծրագիրը, որը նախատեսված է մեկնարկել այս տարի։
Հետազոտությունը պատվիրակվել է ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ: Հետազոտությունն իրականացվել է ԱրԻնսայթս անկախ հետազոտական ընկերության կողմից:
Հանդիպման ընթացքում հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքները։ Մասնավորապես, հարցումների շրջանակում անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, ոստիկանության և դրա ստորաբաժանումների նկատմամբ վստահության և վերաբերմունքի, գոհունակության, համակարգում կանանց ներգրավվածության և մի շարք այլ ընկալումներին։
Հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը նշել է, որ հարցումներն անցկացվել են հունվարի 11-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով՝ ստանդարտացված հարցաթերթի օգնությամբ։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ պատահականորեն ձևավորված հեռախոսահամարներին զանգեր կատարելու միջոցով, ընդ որում՝ չեն ներառվել գործող ոստիկանները և այն անձինք, ովքեր ունեն մտերիմներ համակարգում, հարցմանը նախորդած 6 ամիսների ընթացքում չեն հանդիսացել ՀՀ քաղաքացի։
Հարցմանը մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի 1801 բնակիչ։ Նրանց գերակշիռ մասը՝ 65%, Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ընդ որում՝ լիարժեք անվտանգ համարել է հարցվողների 23%-ը, իսկ ավելի շուտ անվտանգ՝ 42%-ը:
Հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։ Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը:
Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։
45% վստահությամբ Ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը, որին հաջորդում են ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՔԿ-ն, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանները։
Ըստ հարցվողների ընկալման՝ Հայաստանի քաղաքացիների ապահովությանը և անվտանգությանը սպառնացող ամենալուրջ խնդիրներն են թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 30%, մանր հանցագործությունները՝ 22%, կոռուպցիան և պաշտոնական դիրքի չարաշահումը՝ 15%: Ճանապարհային անվտանգությունը որպես ներքին անվտանգային խնդիր նշվել է հարցվողների 11%-ի կողմից:
Հարցվողների 57%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի ոստիկանության նկատմամբ, 27%-ն ունի չեզոք, իսկ 15%-ը՝ բացասական վերաբերմունք: Այս դեպքում նույնպես գյուղաբնակ հարցվողների շրջանում դրական վերաբերմունք ունեցողների համամասնությունն ավելի մեծ է (66%), քան երևանաբնակ հարցվողների շրջանում (47%):
Ինչպես ոստիկանության, այնպես էլ ստորաբաժանումների նկատմամբ վերաբերմունքը դրական է հարցվողների 50 և ավելի տոկոսի շրջանում։ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվողների 66%-ը, պարեկային ծառայությանը դրական է վերաբերվում հարցվողների 63%-ը, օպերատիվ կառավարման կենտրոնին՝ 58%-ը, իսկ համայնքային ոստիկանությանը՝ 51%-ը:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 58%-ը, համաձայն է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 53%-ը գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք, 50%-ը համաձայն է, որ ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ կերպով և բարեվարքության կանոններին համապատասխան: Հարցվողների 44%-ն է կարծում, որ ոստիկանությունը քաղաքացիների դեմ ֆիզիկական ուժը կիրառում է համաչափ և իրավաչափ. հարցվողների 24%-ը համաձայն չէ այս մտքի հետ, 22%-ն էլ ոչ համաձայն է, ոչ էլ համաձայն չէ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների 9%-ը:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 64%-ը այս կամ այն չափով բավարարված է ոստիկանության կողմից ճանապարհային անվտանգության ապահովման, 57%-ը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, 5%-ը՝ հանրային հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանման արդյունավետությամբ: Հարցվողների 40%-ն է բավարարված ոստիկանության՝ անչափահասների հետ տարվող աշխատանքի, իսկ 38%-ը՝ ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելու արդյունավետությամբ: Ընդ որում, հարցվողներն ամենաշատը դժվարացել են գնահատել ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության արձագանքի արդյունավետությունը, հարցվողների 27%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:Հարցվողների 32%-ն է այս կամ այն չափով բավարարված թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետությամբ, մինչդեռ 33%-ը բավարարված չէ, իսկ 18%-ը նշում է, որ ոչ բավարարված է, ոչ էլ բավարարված չէ:
Հարցվողների 66%-ը չափազանց կամ ավելի շուտ գոհ են պարեկային ծառայության աշխատանքից: Դժգոհ լինելու մասին նշել է հարցվողների 11%-ը, 20%-ն էլ իր գոհունակության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ “ոչ գոհ է, ոչ էլ դժգոհ”:
Ընդհանուր առմամբ, հարցվողների շրջանում գերակշռում են ոստիկանության բարեփոխումներից դրական սպասելիքները, հարցվողների հիմնական մասը՝ 68%-ը նշում է, որ դրական փոփոխությունների ակնկալիք ունի:
Գնահատելով ոստիկանության աշխատանքում կատարված փոփոխությունները՝ հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում: Միևնույն ժամանակ, 27%-ը որևէ փոփոխություն չի արձանագրել ոստիկանության աշխատանքում, իսկ 9%-ը արձանագրել է բացասական փոփոխություն:
Պարեկային ծառայության ներդրման արդյունքում արձանագրած փոփոխությունները գնահատելիս հարցվողների մեծ մասը՝ 69%, նշել են, դրանք դրական փոփոխություններ են. բացասական փոփոխություններ նկատած հարցվողները կազմում են փոքրամասնություն՝ 9%:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 70 և ավելի տոկոսը, կարծում է, որ կանայք և տղամարդիկ հավասարապես ունակ են աշխատել ոստիկանական համակարգի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ կառավարման կենտրոնը՝ 88%, վերլուծությունը և վիճակագրություն՝ 86%, ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժինները՝ 85%, կառավարումը՝ 83%, համայնքային և պարեկային ոստիկանությունները՝ 78-ական տոկոս, քրեական ոստիկանությունը՝ 72%:
Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 82%-ը, համաձայն է, որ կին ոստիկանը կարող է կապ հաստատել և ավելի արագ վստահություն ներշնչել ընտանեկան կամ որևէ այլ տեսակի բռնությունից տուժած կնոջը:
Հարցվողների 52%-ն է համաձայն, որ ոստիկանական աշխատանքը կնոջ համար հարմար աշխատանք է, 20%-ն անհամաձայնություն է հայտնել այս մտքին, իսկ չեզոք կարծիք ունի 26%-ը: Հարցվողների 48%-ը համաձայն է այն մտքի հետ, որ ոստիկանական ծառայությունում անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ: Այս դատողության հետ համաձայն չէ հարցվողների 24%-ը, չեզոք վերաբերմունք ունի 25%-ը:
Հարցվողներն ամենաքիչը համաձայն են այն մտքի հետ, որ կին ոստիկանները կարող են արդյունավետ կերպով զսպել բռնի ուժով ուղեկցվող բախումները, այս դատողության հետ այս կամ այն չափով համաձայն է հարցվողների 43%-ը, չեզոք կարծիք ունի 21%-ը, իսկ անհամաձայնություն հայտնում է հարցվողների 32%-ը:
Արդյունքների ամփոփման ավարտից հետո մասնակիցների միջև ծավալվել է առարկայական քննարկում։
ՀՀ ոստիկանություն