Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարեկային շրջայցեր ենք կատարում սահմանի երկայնքով, որ ցույց տանք հակամարտության վիճակը, ոչ թե լրտեսենք Ադրբեջանի տարածքը»․ Մարկուս Ռիտեր

Փետրվար 21,2024 18:55

«Մեր առաքելությունը հստակ ձևավորված մանդատ ունի։ Բացազատվում է Ադրբեջանի հետ միջպետական սահմանի հայաստանյան կողմը և զբաղվում է բացառապես նրանով, ինչ իր մանդատով է սահմանված՝ ներկայությունը ապահովել և պարեկային շրջայցեր կատարել»,-մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Լրագրողների փաստմանը՝ ԵՄ դեսպանը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել էր Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունից, նշել, թե այն վերածվել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալի, որը ոչ պաշտոնական և պաշտոնական այցեր է կազմակերպում ԵՄ գործիչների», ՀՀ-ում ԵՄ դեսպանն ասաց․ «Մեր առաքելությունը հենց այն ճշգրիտ նպատակն ունի, որ օգնի տարածաշրջանում ամրապնդել խաղաղություն։ Սա այն է, ինչ մենք միշտ ենք արել, և դա կարող է հաստատել նաև դիտորդական առաքելության ղեկավարը։ Ցանկացած մեղադրանք կամ զրպարտություն որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին բացարձակապես անհիմն են։ Սա ԵՄ-ի դիրքորոշումն է և նաև մեր բոլոր անդամ երկրների դիրքորոշումը։ Մեր անդամ երկրներն իրենց անսասան օժանդակությունն են հայտնել այս առաքելությանը, նաև նպատակ կա ընդլայնելու։ Մենք հաստատակամորեն միտված ենք խաղաղության ու կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»։

Լրագրողները հավելեցին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ այդ առաքելությունն օգտագործվում է՝ որպես հակաադրբեջանական քարոզչական գործիք, Մարիա Զախարովան էլ հայտարարեց, թե ի տարբերություն ԵՄ կեղծ դիտորդական առաքելության, ՀԱՊԿ-ն ի վիճակի է Հարավային Կովկասում կայունություն ապահովել և հարցին՝ ո՞րն է այս ագրեսիվ հայտարարությունների պատճառը, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն արձագանքեց․ «Ով հայտարարությունն արել է, նրան էլ պիտի հարցնեք։ Պիտի ասեմ, որ առաջին օրվանից էլ մենք հակամարտության գծի և սահմանի երկայնքով պարեկային շրջայցեր ենք կատարել։ Մենք անցում ենք հակամարտության ազդակիր գյուղերի և ավանների միջով։ Դրանով փորձում ենք նպաստել լարվածության մեղմացմանը և իրավիճակը կարգավորելուն։ Առաքելության անձնակազմի ավելացումը որևէ կերպ չի անդրադառնալու մանդատը փոփոխելուն։ Մենք պարեկային շրջայցեր ենք կատարում սահմանի երկայնքով և այցելուներ ենք նաև բերում այդ տարածքներ, որ ցույց տանք նրանց հակամարտության վիճակը, ոչ թե լրտեսենք Ադրբեջանի տարածքը։ Քանի որ մեզ չի թույլատրված Ադրբեջանի տարածքում նույնը կատարել, մեր միակ հնարավորությունը ցույց տալն է հայաստանյան կողմում սահմանագծի իրավիճակը։ Ի սկզբանե անում ենք դա, ինչը շարունակելու ենք անել գալիք տարի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829