ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում պլանավորվում է։ Նա ասաց․ «Մյունխենում ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարները, փոխվարչապետները հանդիպելու են։ Քննարկվում է․ դեռևս հստակ օրի, ժամի, տեղի մասով տեղեկություն չկա»։
Հարցին՝ ԵՄ-ում ՀՀ դեսպանն ահազանգել էր, որ Ադրբեջանը զենք ու զինամթերք է գնում տարբեր երկրներից․ նաև Սերբիայի անունն էր նշվում և հարցին՝ ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այդ հարցը բազմաթիվ անգամներ քննարկել ենք․ ոչ միայն նշված, այլև այլ երկրներից է զինամթերք ձեռք բերում։ Նաև մենք առաջարկել ենք, որ սպառազինության վերահսկման մեխանիզմ էլ ունենանք, քանի որ սպառազինության վերահսկողությունը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործիք լինել։ Մենք շարժվում ենք այս օրակարգով»։
Հարցին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք ստացել ենք Ադրբեջանի տարբերակը՝ մեր՝ հունվարի 4-ի պատասխանից հետո։ Ադրբեջանը ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակելու ենք աշխատել։ Եվ կարծում եմ՝ ԱԳ նախարարները, երբ մոտակա շրջանում հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»։
Նա փաստեց՝ Ադրբեջանի նոր պատասխաններում որոշ հետընթացներ, որոնց մասին ԱԳ նախարարը խոսել էր, դեռևս ներկա են։ ՀՀ ԱԽ քարտուղարը հուսով է՝ շուտով ԱԳ նախարարների և փոխվարչապետերի հանդիպումները հնարավորություն կտան առաջ մղել խաղաղության օրակարգը։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ որքան ԵՄ առաքելությունն այստեղ ամրապնդվում է, այնքան կոշտանում են Ադրբեջանի ու Ռուսաստանի հայտարարությունները, մասնավորապես Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ի տարբերություն ԵՄ կեղծ դիտորդական առաքելության, ՀԱՊԿ-ն ի վիճակի է Հարավային Կովկասում կայունություն ապահովել, Արմեն Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Ներքին Հանդում վերջին միջադեպը, որը եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի, և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ Ես համամիտ եմ, որ իրականությունն այլ է։ Միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունացնող դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»։
Լրագրողները հիշեցրին՝ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ խոչընդոտվել է ռուս զինծառայողների կողմից և հարցին՝ ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այո, այդ խնդիրը կա, և մենք փորձելու են այդ խնդիրը հասցեագրել»։
Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ շարունակում են պնդել, որ պետք է օգտագործեն ԽՍՀՄ պաշտոնական մարմինների կողմից հրապարակված փաստաթղթերի հիման վրա քարտեզներով սահմանի վերարտադրությունը․ «Պրահայում դեռ 2022-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են, որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այն ասում է, որ ԽՍՀՄ անդամ պետությունները փլուզման պահին իրենց միջև վարչական սահմանը ճանաչում են՝ որպես պետությունների միջև միջպետական սահման, ինչը նշանակում է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցել է սահման և այն՝ որպես միջպետական սահման՝ Ալմաթայի հռչակագրով ճանաչվել է։ Մենք այժմ խնդիր ունենք ԽՍՀՄ պաշտոնական մարմինների կողմից հրապարակված քարտեզների միջոցով գնալ, սահմանը վերարտադրել։ Մենք ուզում ենք սրա շուրջ համաձայնության գալ։ Սա ամբողջովին լեգիտիմ մոտեցում է, չի խախտում որևէ միջազգային սկզբունք»։
Լրագրողները հիշեցրին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի բռնի տեղահանությունը որակել էր հակաահաբեկչական գործողություն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը տատանումներ էր որակել ՀՀ-ի իշխանությունների վարքագիծը ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու շուրջ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ-ն տատանումներ չի կատարում։ Դիվերսիֆիկացնում է իր անվտանգային և արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միան Արևմուտքը, այլև Հնդկաստանը ու այլ երկրներ։ Տեսնելով, որ մինչև 2020-2021-ը այն անվտանգային համակարգը, որի կազմում էր ՀՀ-ն, ընդհանրապես գործունյա չէ՝ իր համար անվտանգային երաշխիքներ է փնտրում։ Մենք հաստատակամ ենք մեր քաղաքական ուղղությամբ և իրագործելու ենք բոլոր մեր նպատակները»։
Անդրադառնալով Գալուզինի խոսքերին՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Եթե խաղաղապահների երկրի ներկայացուցիչը, խաղաղապահներ, որոնք պետք է պաշտպանեին Արցախի հայերին մնալ Արցախում, նման ձևակերպում է տալիս, պետք է թողնել հայ հանրության գնահատականին։ Կարծում եմ՝ հայ հանրությունը լավագույնս է գնահատում այդպիսի հայտարարությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ