Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանց և հաշվողական կենտրոն է ստեղծվել ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում

Փետրվար 21,2024 17:44

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել են սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանց և հաշվողական կենտրոն «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի շրջանակում։ Տեղադրվել է 8 սեյսմիկ կայան Սյունիքի մարզի Աղվանի, Կոտայքի մարզի Արզական, Արմավիրի մարզի Լեռնագոգ, Լոռու մարզի Շամուտ, Գեղարքունիքի մարզի Թթուջուր, Շիրակի մարզի Զարիշատ, Վայոց ձորի մարզի Խաչիկ և Սևաժայռ բնակավայրերում։

Մշտադիտարկման ցանցի ներկայացումը և հաշվողական կենտրոնի բացումը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 20-ին։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը նշեց, որ սեյսմաբանությունը Հայաստանի համար միշտ լինելու է առաջնային գիտական ուղղություն։ «Սեյսմաբանությունը մեկ երկրի խնդիր չէ, և այս ոլորտում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը և մասնակցությունը համապատասխան ծրագրերի իրականացմանը», – ասաց ակադեմիկոս Թավադյանը։

«Կովկասի և Միջին Ասիայի երկրներում հայկական թիմն առաջինն ավարտեց սեյսմիկ կայանների տեղադրումը և ցանցի ստեղծման աշխատանքները։ Նոր ցանցը ստեղծվել է Սեյսմաբանական միացյալ հետազոտական ինստիտուտների (IRIS) պահանջներին համապատասխան։ IRIS-ի հետ մեր ցանցը կատարում է տվյալների փոխանակում։ Ես վստահ եմ, որ այս նոր ցանցը կգեներացնի բարձր մակարդակի գիտական և կիրառական արդյունքներ, կնպաստի Հայաստանում սեյսմաբանության և հարակից գիտությունների դինամիկ զարգացմանը և սեյսմիկ վտանգի ադեկվատ գնահատմանը», – ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի ղեկավար Հեկտոր Բաբայանը ներկայացրեց սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի կառուցվածքը։ «Այս ցանցի հիմնական նպատակն է հավաքել գիտական տվյալներ, որոնք հետագայում կօգտագործվեն գիտական տարբեր ծրագրերի համար։ Այդ տվյալները բաց են, և բոլորը կարող են օգտվել դրանցից», – նշեց Հեկտոր Բաբայանը։

Սեյսմաբանության խմբի ղեկավար Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց ցանցի տվյալների օգտագործման հնարավորությունները Հայաստանի և տարածաշրջանի գիտատեխնիկական տարաբնույթ հիմնախնդիրների լուծման համար։ Նա նշեց, որ այն գիտական աշխատությունները, որոնք իրականացվել են SNECCA ծրագրի շրջանակներում, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում, 6 աշխատություն տպագրվել է միջազգային, իսկ 7-ը՝ տեղական պարբերականներում։ Հիմնվելով ցանցի տվյալների վրա՝ Հայաստանում 3 ասպիրանտ պաշտպանել է թեկնածուական, 5 ուսանող՝ մագիստրոսական աշխատանքներ, և մեկ ուսանող Թայվանի Սինիկայի ակադեմիայից իրականացրել է հետթեկնածուական  (PostDoc) հետազոտություններ։

«Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի (US DOE) ֆինանսավորմամբ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործընկերային նախագծի միջոցով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829