Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյան

Փետրվար 21,2024 17:25

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջոցներ են ձեռնարկվում փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Քանի որ լրատվամիջոցները շատ են հետաքրքրվել, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալի մասին․

Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի’ կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։

Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ,  նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։

Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված` մի քաղաքացու պատկանող  «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, ինչպես նաև երկու ենթադրաբար կրակոցի հետք հայտնաբերվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքին հարակից գտնվող՝ Գայի պողոտա 17-րդ շենք հասցեում տեղակայված «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։

Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829