Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանելիս ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի․ մեքենան բազմիցս վարել է առանց վարելու իրավունքի

Փետրվար 21,2024 16:31
qreakan

Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25–ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի 3-ին կայացված որոշման մասին՝ 1 տարի ժամկետով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու վերաբերյալ, 2023թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում վարելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկում ճանապարհը զիջելու հարցի հետ կապված հիշյալ ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելով, ինչպես նաև հեռահար լույսերը միացնել-անջատելով կանգնեցրել է մեկ այլ՝ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի հետ սկսել է բարձրաձայն վիճել: Լսելով նրանց ձայները՝ կից շինությունից դուրս են եկել և նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է նշված վայրից, իսկ 25–ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հիշյալ 2 տղամարդկանց՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Այնուհետև՝ որոշ ժամանակ անց, իր վարած ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2023թ․ մարտի 3-ի որոշմամբ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տեղեկացված լինելով այդ մասին՝ 2023թ․ մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 25–ամյա երիտասարդը պարբերաբար վարել է վերոնշյալ ավտոմեքենան։ Իսկ 2023թ․ մայիսի 19–ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենան վարելիս՝ կանգնեցվել է հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկների կողմից, որի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (2 դրվագ), 344-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829